ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՏԵՂԱՓՈԽԵԼ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ 


 

Վերջին օրերին վրացական իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում մայրաքաղաքը Թբիլիսիից տեղափոխելու մասին: Եվ ուշագրավն այն է, որ իշխանությունները կամենում են Սամցխե-Ջավախքում կառուցել նոր մայրաքաղաք` այս նախաձեռնությունը բացատրելով հայերի` Վրաստանի ներքին կյանքին ինտեգրվելու մտադրությամբ:

Արտաքուստ կարող է շատ ողջունելի համարվել այս քայլը, որովհետև կառուցելով մայրաքաղաք, իշխանությունները կլուծեն Ջավախքի սոցիալ-տնտեսական խնդիրները, այստեղ ապրողների համար կստեղծեն մայրաքաղաջքային պայմաններ: Հայերը, որ բնակչության 80 տոկոսից ավելին են, կդառնան մայրաքաղաքաբնակներ կամ էլ կապրեն մայրաքաղաքին մերձ բնակավայրերում: Շատ հարցերում նպաստավոր կլինի նաև Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու ներկայությունը: ջ

Սակայն հազիվ թե վրացական իշխանություններն այնքան անկեղծ լինեն, որ ամբողջապես բացահայտեն իրենց մտադրությունները, հազիվ թե նրանց այդքան հետաքրքրեն հայերի ինտեգրման խնդիրները: Հասկանալի է, որ այս ծրագիրն այլ հայեցակարգեր է թաքցնում: Ու դրանցից առաջինը հայերի բնակավայրերի ոչնչացումն է, Ջավախքի վրացականացումը:

Վրաստանի համար միշտ էլ Ջավախքը վտանգավոր շրջան է համարվել: Միշտ էլ առկա է եղել մտահոգությունը, որ այստեղ միասնաբար ապրող հայերը կարող են ի վերջո ինքնավարություն պահանջել: Ահա ինչու որոշել են այստեղ տեղափոխել մայրաքաղաքը, ինչը կնշանակի, որ այստեղ են տեղափոխվելու նաև նախարարությունները (գոնե` մեծամասամբ), մյուս գերատեսչությունները: Բնականաբար, հայերը չեն լինելու նախարարներ և պետական բարձրաստիճան ծառայողներ: Այս բոլոր պաշտոնները տրվելու են վրացիներին: Ուրեմն, առնվազն տասը տարի հետո այլևս անհնար կլինի խոսել հայկական Ջավախքի մասին: Վրացիներն այդպես վարվեցին Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հետ, որն ամբողջապես բնակեցված էր հայերով: Իբրև թե նոր սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման պատրվակով հայերից շատերին տարհանեցին այստեղից, բնակարաններ տվեցին վրացիներով բնակեցված թաղամասերում: Այսօր արդեն չկա հայաբնակ Հավլաբարը, չկա այն հզոր մշակութային շերտը, որն այստեղ ձևավորվել էր դարերի ընթացքում: Նույն ճակատագիրը կսպառնա Ջավախքին, եթե վրացական իշխանություններն իրականություն դարձնեն իրենց ցանկությունները…