Հափշտակել են քաղգործչին
Մեր սերիալային «կենցաղային սարսափ» ֆիլմերում այսօրինակ առանցքներ ևս կարող են կառուցվել: Չէ՞ որ մարդկանց հափշտակելն ու ինքնաշեն «զնդաններում» պահել-տանջելը մեզ համար սովորական առօրյա է ներկայացվում հայկական «մարտաֆիլմերում»: Ուրեմն հուշենք. Զիմբաբվեում ընդդիմադիր քաղգործիչ են առևանգում:
4-5 օր առաջ 4 անհայտ անձինք գողացել են այդ երկրի «Շարժում հանուն ժողովրդավարական փոփոխությունների» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Սամսոն Մագումուրուին (տեղեկացրել է «Ֆրանս-Պրես» գործակալությունը):
Շաբաթ օրն առավոտյան նրան առևանգել են Հեդլենդս գյուղի իր սեփական տան բակում ու տարել անհայտ ուղղությամբ: Հասցրել են նաև թռցնել գործչի կնոջ բջջային հեռախոսը, որպեսզի նա չկարողանա օգնության կանչել իրավապահներին: Ղեկավարին կորցրած քաղուժը ենթադրություն է տարածել, թե այդ առևանգմանը կարող է մասնակից լինել երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն-Ազգային ճակատ» կուսակցությունը:
Այս կուսակցության դեմ ոտնձգությունները, պարզվում է` նորություն չէ: Ընդամենը 1 ամիս առաջ` փետրվարին, նույն գյուղում սպանվել էր նույն կուսակցության մեկ այլ աշխատակցի 12-ամյա որդին: Չարագործները հրդեհել էին այն տունը, ուր գտնվում էր երեխան: Դրանից մի քանի օր անց մահափորձ էր կատարվել հակառակ ուղղությամբ` նախագահական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցչի դեմ: Բարեբախտաբար վերջինս կենդանի էր մնացել և տեղափոխվել հիվանդանոց:
Ի դեպ, շաբաթ օրը Զիմբաբվեում սկսել է հանրաքվե` նոր սահմանադրություն ընդունելու նպատակահարմարության առնչությամբ: Քաղաքացիները պետք է որոշեն` արդյո՞ք ճիշտ է նախագահի լիազորությունների սահմանափակումը: Այս նախաձեռնության կողմնակիցներն առաջատար բոլոր կուսակցություններն են. այդ թվում և երկրի նախագահի գլխավորածը: