Ո՞ՒՄ ԴԵՄ Է ԿՐԱԿԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԸ


Մինչ մեր թերթը լույս չէր տեսնում, մամուլում և զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվեցին տվյալներ, որ Ռուսաստանը Ադրբեջանին երեք միլիարդ դոլար արժողությամբ զենք է վաճառել...… Բնականաբար, բոլորիս անհանգստությունը մեկն էր, որ այդ զենքն առաջին հերթին ուղղվելու է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ, քանի որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ ռազմատենչ հայտարարություններ է անում և պատրաստվում պատերազմի... Վերջերս, սակայն, Օբամայի, Օլանդի և Պուտինի արած համատեղ հայտարարությունը ստիպեց մտածել, որ վաճառելով զենքը Բաքվին և զինելով այդ երկիրը, Կրեմլն, այնուամենայնիվ, հայկական երկու պետությունը չի դիտարկում թիրախ: Մանավանդ` Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ինչը նշանակում է, որ Հայաստանի դեմ կիրառված ցանկացած զինված ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պարտավորված է լինելու պաշտպանել Հայաստանի շահերը:

Ուրեմն, ինչո՞ւ է Ռուսաստանն այնուամենայնիվ զինում Ադրբեջանին:

Այսօր արդեն պարզ է դառնում, որ Ռուսաստանի թիվ մեկ թիրախը տարածաշրջանում դառնում է Իրանը և սա հատկապես այն բանից հետո, երբ Արևմուտքը ողջունեց նորընտիր ԻԻՀ նախագահին, ով բարեփոխումների և որոշակի արևմտյան կողմնորոշման ջատագովն է: Սա նշանակում է, որ Իրանն այլևս չի փորձելու սերտացնել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և որոշ դեպքերում ինքնուրույն է վարելու իր խաղը` գործընկերություն հաստատելով Արևմուտքի հետ: Հենց սա էլ հավասարակշռութ յունից հանում է Ռուսաստանին, որը տեսնում է իրենից հեռացող Իրանը:

Ադրբեջանը, ըստ Պուտինի քաղաքականության, այն ռազմական կախյալ կետն է դառնալու, որից հարմար առիթի դեպքում հարվածներ են հասցվելու Իրանին: Իսկ սա ձեռնտու է նաև Ադրբեջանին, որը շատ վաղուց կամենում է լուծել Իրանական Ադրբեջանի (Հյուսիսային Ատրպատական) խնդիրը և այն բռնակցել իրեն: Պատահական չէր, որ նախօրեին Ռուսաստանը նոր հողատարածքներ նվիրաբերեց Ադրբեջանին Դաղստանի ԻՀ կազմից` անցած տարի տրված գյուղերի թիվը բազմապատկելով: Ռուսաստանն ամեն կերպ սիրաշահում է Ադրբեջանին` նրան իր ռազմական նպատակներին ծառայեցնելու համար:

Չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանը, Ռուսաստանի հուշումներով, ներքաշվի նաև սիրիական կոնֆլիկտում, չնայած դե ֆակտո, Ադրբեջանը վաղուց է այդ կոնֆլիկտի կիզակետում: Ադրբեջանին վաճառած զենքը խիստ արդիական է, ինչը նշանակում է, որ դրա շահագործումը պետք է իրականացնեն ռուս մասնագետները: Այս փաստը մեկ անգամ ևս հաստատում է այն միտքը, որ Ռուսաստանը կամենում է վերահսկողություն սահմանել ադրբեջանական զինուժի նկատմամբ...

Լ.Մ.