Հայաստանի էներգետիկ ոլորտի հանելուկները
Սպասվում է, որ հուլիսի 1-ից նոր թանկացումներ կլինեն, նույնիսկ կառավարությունը չի թաքցնում, որ նվազագույն աշխատավարձի 10000 դրամով ավելացումը վիճակը չի փրկի: Իրականում թանկացումներն արդեն իրականություն են և հիմնականում բացատրվում են գազի սակագնի բարձրացմամբ: Ավելանում է նաև էլեկտրաէներ գիայի սակագինը:
Ընդհանրապես էներգետիկան դարձել է անկախ Հայաստանի զսպաշապիկը. քաղաքագիտական շրջանակներում հաճախ է խոսվում այն մասին, որ մեր երկրի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը այսպես ասած գազային մահակի օգնությամբ երբեմն փորձում է վիճելի հարցերում Հայաստանին իր կամքը թելադրել: Գազի թանկացումն էլ քաղաքագետներն ու վերլուծաբանները կապում են արտաքին քաղաքականության հարցում Հայաստանի` եվրոպական ուղղությունն ընտրելու հետ: Այլ կերպ ասած, այսպիսով Ռուսաստանը Հայաստանին պատժում է ընդհանուր մաքսային միությանն անդամագրվելուց հրաժարվելու և Եվրամիությունը գերադասելու համար:
Զավեշտալին, սակայն, այն է, որ եթե գազի սակագնի բարձրացումը կապված է այլ երկրի պահանջի հետ, ապա էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանում է մեր երկրի` հանրային ծառայությունների սակագինը կարգավորող հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ: Եվ ինչպես միշտ, թանկացումների բեռն իր ուսերին կկրեն շարքային քաղաքացիները, որոնց մի մասը նորից կսկսի երկրից հեռանալու ելքեր որոնել: Ճիշտ է` հայրենի կառավարությունը միջոցներ կձեռնարկի թանկացումների բեռը թեթևացնելու համար: Վարչապետն արդեն հայտարարել է թանկացող գազը 30 տոկոսով սուբսիդավորելու մասին, ասվել է, որ դրա շուրջ մերոնք բանակցում են մեր ռազմավարական գործընկերոջ հետ… Հույս կա, որ Ռուսաստանը մեզ մենակ չի թողնի դժվարության հետ: Դե, ի վերջո, ռազմավարական գործընկեր է, չէ՞: Չնայած բանակցություն ների ընթացքում էլ, պարզվում է` պահանջել է իրեն հանձնել ՀայՌուսգազարդում ՀՀ կառավարության 20 տոկոս մասնաբաժինը: Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խորհրդարանում լրագրողներին ասել է, թե ռուսական կողմի` Գազպրոմի հետ այսպես բանակցում ենք, որպեսզի ավելի երկարատև և հուսալի գազամատակարարում ունենանք: Թե ինչ է նշանակում ասվածը` նախարարը չի մանրամասնել. վտա՞նգ կա, որ առաջիկայում գազը նորից կարող է թանկանա՞լ:
Անցած շաբաթ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության ներկայացրած` Հայաստան-Իրան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի շինարարութ յան նկատմամբ հարկային և մաքսային արտոնություններ սահմանելու նախագծին:
Շինարարությունը պետք է ֆինանսավորի իրանական կողմը: Երկու երկրների պայմանավորվածության համաձայն, Հայաստանն Իրանից ներկրված 1 խմ գազի դիմաց վճարում է 3 կվ/ժ էլեկտրաէներգիայով: Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման գիծը հնարավորություն կընձեռի Իրանից ներկրել 1,1 մլրդ խմ գազ: Հայաստանը տարեկան սպառում է 1,8 մլրդ խմ գազ, որը Ռուսաստանը պարբերաբար թանկացնում է: Կառավարությունը հիշյալ օրինագիծը ԱԺ-ին էր ներկայացրել դեռևս մեկ տարի առաջ: Հարց է առաջանում` ինչու՞ է մեր երկրի համար այսքան կարևոր նշանակություն ունեցող նախագիծը մեկ տարի քնեցվել խորհրդարանի գզրոցներում: Իրանում ՀՀ դեսպանը վերջերս դժգոհում էր, որ հայ-իրանական տնտեսական համագործակցությունը դանդաղում է հայկական կողմի մեղքով: Ի պատասխան դեսպանի այս դժգոհության` էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, թե դեսպանը չի տիրապետում իրավիճակին: Հատկանշական է, որ հիշյալ նախագծին խորհրդարանի հավանություն տալը համընկավ Իրանում նախագահական ընտրությունների ավարտին, երբ Արևմուտքը, որ մշտապես հանդես էր գալիս Իրանին քննադատողի դիրքերից, այս անգամ նկատելի գոհունակությամբ արտահայտվեց ԻԻՀ ընտրությունների մասին: Գուցե Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների ակնկալվող մեղմացումը նաև պատճառ հանդիսացավ, որպեսզի Հայաստանն էլ վերջապես անդրադառնա կառավարության հիշյալ օրինագծին:
Ընդհանրապես Հայաստանի էներգետիկ բնագավառի, հատկապես գազի խնդրահարույց լինելը ոմանց կողմից բացատրվում է մեր աշխարհագրական դիրքով: Կան մարդիկ, ովքեր, այսպես ասած, ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ Հայաստանը էլեկտրաէներգիան ավելի էժան սակագնով է տալիս հարևան Վրաստանին, քան իր իսկ քաղաքացիներին: Գուցե այս հարցում դեր ունի դիվանագիտությու՞նը: Հայաստանում տարիներ առաջ հաջողությամբ փորձարկվեց հողմէներգետիկան: Սակայն այլընտրանքային էներգետիկայի մասին խոսակցություններն ու քննարկումներն ակտիվացան, երբ Ռուսաստանը հերթական անգամ մատակարարվող գազը թանկացրեց: Պարզվում է, որ Հայաստանում կարողանում են արևից էլեկտրաէներգիա ստանալ. որոշ տեղերում արդեն տեղադրված են ու հաջողությամբ գործում են արևային մարտկոցները: Ոմանք խոսում են 100-350 ԱՄՆ դոլար արժողության արեգակնային մարտկոցների տեղադրման հնարավորության մասին: Կարծես թե մատչելի գին է, մանավանդ, եթե այդ մարտկոցները կարող են ծառայել 15-20 տարի: Հետաքրքիր է, մինչև հիմա ո՞վ կամ ի՞նչն է խանգարել այդ ուղղությամբ աշխատել: Իսկ իրանական FARS գործակալությունն էլ հաղորդել է, որ Իրանի գազային ընկերության զեկույցի համաձայն, 2012թ. Իրանը մեր երկրին արտահանել է 481մլն խմ գազ: