Գաղջ մթնոլորտի համար մեղավոր ենք բոլորս


 

Երկրում տիրող անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտի մասին այնքան խոսվեց ու գրվեց, որ մի տեսակ կարծես, թեման սպառվեց: Բայց դա բնավ էլ չի նշանակում, որ երկիրը քայքայող այս ախտանիշը նահանջեց, և առողջացման ինչ-որ նշույլներ ի հայտ եկան: Հակառակը. այն գնալով ավելի խորանում է և առանց չափազանցության` երկրի անվտանգության հիմքերն է քայքայում:

Սա վաղուց բոլորին հայտնի ճշմարտություն է, և կարելի էր մի ավելորդ անգամ չբարձրաձայնել այդ մասին: Սակայն մեկ շաբաթ առաջ Նախագահը, գուցե շատերի համար անսպասելի, անկեղծության սանդղակը բարձրացնելով անհնարին թվացող նիշին, դառնացած արձանագրեց, որ երկրում տիրում է գաղջ մթնոլորտ: Թերևս, ավելի դիպուկ բնորոշում դժվար է գտնել: Փոխադարձ անհանդուրժողականություն, ատելություն, թշնամանք: Փոխըմբռնման բացարձակ բացակայություն, եսամոլության, իշխանամոլության, անազնվութ յան, կեղծիքի, բամբասանքի, չարության հաղթարշավ: Երեսպաշտության, քծնանքի, դեմագոգիայի, փոքրոգության, մանրախնդրության շքահանդես:

Սակավաթիվ ազգաբնակչությամբ մի փոքր երկրում մարդկային հարաբերությունների այսպիսի «որակ» ուղղակի դժվար է պատկերացնել: Ամբողջ ցավն այն է, որ այս իրավիճակը վերաբերում է ոչ միայն քաղաքական դաշտին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին, այլև մեր ժողովրդի զգալի մասին:

Հասարակության հոգեբանական առողջության խնդրից ոչ ավել, ոչ պակաս` կախված է մեր պատմության ճակատագիրը, ժողովրդի ապագան: Կարող են հակադարձել թե գույները շատ խտացրեցինք, եթե, իրոք, այդպիսի ժողովուրդ ենք, ապա ինչպես հերոսական պատերազմում հաղթեցինք թշնամուն, ազատագրեցինք Արցախը: Այս հարցին ավելի լավ, քան Գ. Լեբոնը պատասխանել չէր կարող.

- Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:

Ունե՞նք արդյոք այդ առաքինությունների գոնե կեսը: Երբ ասում ենք, որ պետք է պետական մտածողություն ունենալ, դա վերաբերում է ոչ միայն իշխանություններին և քաղգործիչներին, այլև ընդհանրապես ամբողջ ժողովրդին: Սակայն պետական մտածողությունը վերացական հասկացություն կարող է դառնալ, եթե չհասկանանք այն պարզ ճշմարտութ յունը, որ դրա առանցքը պարկեշտ, օրինավոր մարդ, քաղաքացի լինելն է: Այսօր ուժեղ պետություն ունեցող բոլոր ժողովուրդներն էլ, եթե ոչ ամբողջությամբ, գոնե մեծամասամբ լուծել են այդ խնդիրը, որը բարեկեցիկ պետության կայացման հիմնաքարն է: Այնպես որ, ՀՀ նախագահը ասուլիսի ժամանակ, երբ պարզապես խնդրում էր ոչ միայն չորրորդ իշխանության, այլ ամբողջ հասարակության աջակցությունը` նրան կարելի էր հասկանալ: Միտքը շատ պարզ էր. եղեք օրինավոր ու պարկեշտ և ցուցանեք օրինախախտներին ու անպարկեշտներին, որպեսզի պետության պայքարը այդ ուղղությամբ արդյունավետ լինի:

Կարող է տպավորություն ստեղծվել, որ երկրում ստեղծված գաղջ մթնոլորտի բոլոր պատճառները բարդում ենք ժողովրդի վրա: Նախագահն ինքը խոստովանեց, որ երկրում հազարավոր չլուծված խնդիրներ կան (ուշադրություն դարձնենք, որ նա չասաց տասնյակ կամ հարյուրավոր), որոնց լուծման միակ պատասխանատուն իշխանություններն են: Ուրեմն` նաև փաստեց, որ դեռ չի արվել հնարավոր առավելագույնը` երկրում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավելու ու նաև այդ կերպ գաղջ մթնոլորտը մեղմելու ուղղությամբ:

ՀՀ նախագահի` «պայքարենք միասին» կոչը, սակայն, գոնե այսօրվա դրությամբ անհնարին է իրագործել: Ժողովրդի հավատի վերականգնումը, օտարացման հաղթահարումը, որքան էլ դա բխի հենց իր շահերից` խորությամբ չի ընկալվելու: Այնպես որ, իրավիճակը շտկելու առ-նվազն առաջին փուլն իշխանությունները պետք է իրագործեն` առանց հասարակության աջակցության: Թերևս, հենց դա գիտակցելով Սերժ Սարգսյանը դառն ափսոսանքով նշեց, որ համատեղ պայքարը շատ ավելի արդյունավետ կլիներ: Այսինքն հասկացնել տվեց, թե որքան էլ խնդրի ու ակնկալի, այնքան էլ հույս չունի, թե հասարակությունը նեցուկ կլինի իրեն: Համակարգային փոփոխությունների սկիզբը առավել քան պարզ է. նախ պետք է փոխվի կամ ինքնամաքրվի ամբողջ իշխանական վերնախավը` իր շարքերում բացառելով որևէ անազնիվ կոռումպացված պաշտոնյայի առկայությունը: Դրանից հետո կկարողանա «կեղտաջրից» հանել միջին և ստորին կառավարման մարմինները: Շատ կարևոր է խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմներ գտնելը և կիրառելը: Հավելյալ` տասնյակ ճշգրիտ քայլեր` բացառելով վրիպելու, սխալվելու, շեղվելու հավանականությունը: Դժվար է, շատ դժվար, բայց այլ ելք չկա` եթե ուզում ենք քաղաքակիրթ երկիր դառնալ, բարեկեցիկ ապրող հասարակությամբ:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ