ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆ` ԹԻՎ ՄԵԿ ԱՀԱԲԵԿՉԻ ՀԱՄԱՐ


 

ՍԴՀԿ վարչության համակարգող, ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը մտավախություն ունի, որ այս օրերին կարող է մահափորձ կատարվել հոկտեմբերի 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի նկատմամբ: Նա պատմել է, որ 2008 թվականի հունվարին Նաիրի Հունանյանին ցանկացել են սպանել: Դրա համար մի քանի հանցագործների օղի են հյուրասիրել, որպեսզի նրանք սպանեն Հունանյանին, սակայն վերջինիս զգուշավորությունը (նրա դուռը փակ է եղել) խափանել է այդ ծրագիրը:

- Երևանի ՔԿՀ-ում բացել են խցերի դռները և տարբեր հանցագործության համար կալանված և ձերբակալված հանցագործներին սկսել են օղի հյուրասիրել: Դուք լսե՞լ եք, որ բաժանել են ու հանել միջանցք, որ Նաիրի Հունանյանի դուռը բացեն ու սատկացնեն, բայց վաղը չէ մյուս օր նա կարևոր է, թող մնա: Եթե ինձ հարցնեն, ես ուրիշ կարծիքի եմ, ես համոզված եմ, որ նա թուրքական հետախուզության անդամ է եղել,- եզրափակել է Եղիազարյանը:

Մենք միտումնաբար չխմբագրեցինք ընդդիմադիր գործչի և նախկին բարձրաստիճան ԱԱԾ-ականի խոսքը, որպեսզի պահպանենք նրա ոճը: Գուցե նա իրավացի է, սակայն ինչու՞ է նա լռել այս ամենի մասին և միայն հիմա է հրապարակում` այդպես էլ չհստակեցնելով իր խոսքը: Մի՞թե նա չգիտե, որ հանցագործությունը թաքցնելը նույնպես հանցագործություն է: Այստեղ խնդիրը բնավ էլ հանցագործությունը թաքցնելուն, կամ էլ հրապարակավ դրա մասին խոսելուն չի վերաբերում:

Գուրգեն Եղիազարյանը սովոր է «սենսացիաներ» ասպարեզ հանել, ապա չհիմնավորել դրանք: Նա հատկապես նման «բացահայտումներ» է անում շարժումների և ընդվզումների ժամանակ` այսպես կամենալով ավելացնել լարվածությունը: Հիմա էլ հավատարիմ է մնացել սեփական ձեռագրին: Եթե իսկապես ցանկություն կա սպանելու թիվ մեկ ահաբեկչին, ապա հազիվ թե դա իրականություն դարձնելու համար կարիք լինի մարդկանց խմեցնել և ուղղորդել նրա խուց: Բազմաթիվ միջոցներ կան, որոնց մասին, իհարկե, գնդապետը լավ գիտի: Դիցուք` դեղային թունավորման միջոցը: Ուրեմն ինչո՞ւ պիտի ներգրավվեին ուրիշները: Բայց գնդապետը միտումնաբար, այն էլ գրեթե բացառապես աղջիկներից կազմված լրագրողական լսարանին է սա ներկայացնում` գիտենալով, որ կին լրագրողներն ավելի տպավորվող են. կսարսափեն ու կշտապեն այս ամենի մասին իրազեկել իրենց ընթերցողներին: Դե, գնդապետն էլ հաճույք կստանա, որ հերթական անգամ կարողացավ մոլորեցնել մարդկանց…