Ոչ թե գեղեցկությունը, այլ սերը կփրկի աշխարհը. 


 

համոզված է Հանրային ռադիոյի «Ապրելու բանաձև» հաղորդման և համանուն վեցհատորյա մատենաշարի, ինչպես նաև բազմաթիվ այլ գրքերի ու հոդվածների հեղինակ Գոհար ՄԱՐՏԻԿՅԱՆԸ

- Ավելի քան տասը տարի Դուք Հանրային ռադիոյում վարում եք «Ապրելու բանաձև» հաղորդաշարը: Իսկ ինչպե՞ս ծնվեց այն գրքի վերածելու գաղափարը:

- Այն պահից, երբ հասկացա, որ երիտասարդներն անչափ հետաքրքրված են Արցախյան ազատամարտով ու հաճույքով են լսում հաղորդաշարը:

- Ճիշտ է, Հայրենիքի բոլոր նվիրյալներն են հերոսներ: Բայց նրանց մեջ կա՞ մեկը, ում կերպարը Ձեզ համար ամենից հոգեհարազատն է:

- Ամենահոգեհարազատն իմ զավակն էր, ում գործած սխրանքի անպատմելի հերոսականությունն ինձ ցնցել էր անչափ: Ցնցել էր այնքան, որ կորստի ցավին հավասարազոր մի հարց էր մշտապես պտտվում մտքումս: Երբ վտանգված էր Հայրենիքը, այդ ինչպե՞ս, ի՞նչ զորություն և ուժ ամբարեց իմ 21-ամյա խնամված, շահած, պահած ու անչափ սիրված որդին, որ կարողացավ 1 ու կես ժամ մեն-մենակ պահել բազմաքանակ թշնամու ճանապարհը, որպեսզի իր գնդի մարտիկները չընկնեն շրջապատման մեջ և չոչնչանա Հայոց Բանակի հատուկ նշանակության գնդի մարտիկների մեծ մասը` հրամանատարի գլխավորությամբ...

Իրական փաստերի հիման վրա իմ կերտած հերոսներից ո´չ մեկի սխրանքի պատմության մեջ այսպիսի դրվագ չկա: Թեև ինձ համար նրանք բոլորը հերոսներ են: Իրական ու իսկական հերոսներ:

- Մեր հերոսներին մոռացությունից փրկելու Ձեր առաքելությանը ինչպե՞ս են արձագանքում նրանց ընտանիքի անդամները, հարազատները:

- Խորին երախտագիտությամբ, շնորհակալական բազում խոսքերով, օրհնությամբ ու բարեմաղթանքներով: Ամենահաճախ հնչող, գրվող և հեռախոսազանգերով ասված խոսքերի մեջ ինձ առողջ տեսնելու մաղթանքն է: Պարզ է, թե ինչու: Որպեսզի շարունակեմ գրել, քանի որ, ինչպես շատ-շատերն են ասում` «Ապրելու բանաձև»-երը լսում են սիրով ու սպասում են այդ հաղորդաժամին: Այդ շարքի հրապարակումները սիրով լսում ու կարդում են շատ-շատ տարեցներ ու երիտասարդներ: Ու հատկապես վերջիններիս մեծ հետաքրքրությունը ինձ անչափ ոգևորում է: Իսկ գնահատականը տրամադրում աշխատանքը շարունակելու:

- Տիկին Մարտիկյան, Դուք, որ խորամուխ եք եղել հարյուրավոր ազատամարտիկների կենսագրության մանրամասներին և բացահայտել նրանցից յուրաքանչ յուրի էությունը, ի՞նչ եզրակացության եք եկել Հայրենիքի մի հատվածը անձնազոհության գնով ազատագրելու նրանց դրդապատճառների մասին: Չէ՞ որ, եթե հարցնենք, իրեն հայրենասեր է համարում հարյուրից առնվազն իննսունը, սակայն կյանքը նվիրելուն պատրաստ չեն բոլորը: Ո՞րն է գաղտնիքը...

- Կյանքը զոհաբերելը մարմնամարզություն չէ, որ մանուկ հասակից պարապես, մարզվես ու նախապատրաստվես դրան: Ոչ մի խելամիտ մարդ իրեն պարգև տրված կյանքի ընթացքում իրեն չի կարող նախապատրաստել զոհաբերության, եթե... Ա´յ, հենց այս բազմաբովանդակ «եթե»-ի տակ է թաքնված այն վեհը, այն «հանուն»-ը, որ կտրում է ոտքերդ հողից` ականջալուր լինելու այնպիսի անաձնական երանությունների, որոնց անունն է պատիվ, արժանապատվություն, արդարադատություն: Եթե, իհարկե, Աստծուց պարգև ստացած կյանքի ընթացքում մարդը հասցրել է ճանաչել այս արժեքները: Իսկ այս արժեքները կրող անձնազոհները` մեր ազատամարտիկները (ում օրորոցայինները եղել են Եղեռնի պատմություն ները), չէին կարող որպես սնունդ չունենալ արժանապատվության այն զգացումը, ուր հակադարձման ուժն էր խմորվում:

Սա Հոգեվիճակ է... Այն անշուշտ լինում է, եթե մարդ արարածի համար կարևորը «հանունն» է... Ու երբ նույն այդ թշնամին չոքում է դռանդ, լինում է այն, ինչ եղավ Ավարայրի դաշտում, Սարդարապատում ու...Արցախում: Այսօրվա երիտասարդներն էլ նույն կերպ ոտքի կկանգնեն և...ամեն ինչ կլինի այնպես, ինչպես Ավարայրում. Սարդարապատում ու Արցախում: Չկասկածե´ք:

- Նոյեմբերին լույս տեսավ Ձեր հեղինակած «Սա Հայաստան է և` վերջ» գիրքը: Երկու բառով ինչպե՞ս կբնութագրեիք Լեոնիդ Ազգալդյան հերոսին և մարդուն:

- Նա մեր ժամանակների Նժդեհն է` իր ստեղծած մարտունակ ու կարգապահ բանակով, անպարտելի ու հաղթական մարտերի որակով, հանուն հայրենիքի ո´չ թե մեռնելու, այլ` ապրելու վճռականությամբ: Նա էլ Նժդեհի պես ոտքը դրեց օտարի ոտնահետքերից տանջահար Հայոց հողին ու ասաց` սա Հայաստան է, և` վերջ:

Իսկ որպես մարդ նա պարզապես անչափ կարդացած, բարեկիրթ, խելացի գիտնական էր ու մե˜ծ հոգեբան: Անգամ հեռազգացողության անբացատրելի կարողությամբ օժտված...

- Առաջիկայում ինչպիսի՞ ստեղծագործական մտահղացումներ ունեք:

- Եթե Աստված կամենա, կշարունակեմ գրել ու տպագրել «Ապրելու բանաձևը», որի մասին գիտակներն ասում են, որ ամեն մեկը մի կինոնկարի սյուժե է պարունակում (եթե ձեռնարկող լինի): Իսկ ստեղծագործական կյանքի հեռանկարայնությունը կախված է թեմայի հանդեպ ձեր` երիտասարդներիդ ցուցաբերած հետաքրքրությունից: Եթե կհետաքրքրի, շարունակություն կունենա: Եթե ոչ, ես կանեմ այն գործը, որը ձեզ կօգնի սիրել ու գնահատել այն հայրենիքը, որը մեզ տրվել է Արարչից, ու երկրորդ այսպիսին չկա այլևս:

- Դուք Ձեր որդուն ճանապարհեցիք պատերազմ մայրական ջերմ մաղթանքներով, հիմա ի՞նչ կմաղթեք նոր սերնդին, ո՞րն է նրա այսօրվա առաքելությունը:

- Սիրել միմյանց: Միմյա´նց, այլ ոչ թե սոսկ սեփական անձը: Սիրել բոլոր պարագաներում: Դրա հակառակը կործանիչ է: Իմ կարծիքով` ոչ թե գեղեցկությունը կփրկի աշխարհը, այլ սերը...

Միայն շա˜տ կարևոր մի հավելում, ինչ լեզու էլ սովորեք, օտար հեղինակների որ ստեղծագործությունն էլ հավանեք ու գնահատեք, մի´ կտրվեք հայրենի արմատներից` լեզվից, գրականությունից: Այստեղ է Հայոց Ոգեղենության ու Հերոսական Հոգեվիճակի բանալին: Այսօր դրսից թելադրվող բոլոր հոսանքներն անուղղակիորեն, բայց շատ որոշակի ուղղորդ ված են սրանց դեմ: Իսկ նորություն սիրող երիտասարդները կարող են տուրք տալ դրանց: Բայց վստահ եմ` խելամիտները կսովորեն բազում լեզուներ, կգնահատեն օտարի մշակույթն ու առավել կսիրեն այն խորախորհուրդ մշակույթը, որն ամբարել ու համայն աշխարհին է մատակարարել Հայը: Այս ամբողջը ձերն է: Դո´ւք եք պահպանելու: Վստահ եմ, որ կպահպանեք: Եթե այսօր ձեզնից շատերն են սիրով հետևում «Ապրելու բանաձև» ռադիոհաղորդումներին ու հետևում նույնանուն մատենաշարի հատորների հրատարակությանը, ուրեմն դեռևս արթուն է Հայի հերոսական ոգին: Այն Ոգին, որով մեր քչաքանակ ազատամարտիկները հաղթեցին բազմաքանակ թշնամուն...

Որպես մեր զրույցի վերջաբան` հիշեցնեմ այն նախամուտքը, որն այսուհետ կհնչի ռադիոեթերում որպես «Ապրելու բանաձև»-ի բնաբան.

Հոգիս` Աստծուն, կյանքս` Հայրենիքիս, պատիվս` ինձ: Եվ ամեն բան հանուն Խաղաղության...

Մարիամ ԱՅԴԻՆՅԱՆ