Ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում, ինչո՞ւ ենք մահանում
Լալա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ.
ՀՀ վաստակավոր արտիստուհի.
- Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար:
- Կորուստներ ու դժվարություններ կյանքում շատ են լինում` կապված աշխատանքի ու սոցիալական վիճակի հետ: Բայց ինձ համար ամենադժվարը եղել է ծնողներիս կորստի հաղթահարումը:
- Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել:
- Այդ մասին երբևէ չեմ մտածել, բայց, կարծում եմ, խառնվածքով նման եմ իսպանացու: Հավանաբար կցանկանայի իսպանացի լինել:
- Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք:
- Կան բաներ, որ մարդ դժվարանում է նույնիսկ ինքն իրեն խոստովանել. ուր մնաց, թե ուրիշին: Մի բանի մասին, որ երկուսը գիտեն, այլևս գաղտնիք չէ:
- Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային:
- Առեղծվածային շատ հարցեր կան. ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում, ինչո՞ւ ենք մահանում... Երբ որևէ հարցի պատասխան չենք գտնում, ասում ենք` Աստծո գործերն անքննելի են: Ժամանակն ու տարածությունն էլ առեղծված են. որտե՞ղ է սկիզբը, որտեղ` վերջը... Կան բաներ, որոնք մենք վախենում ենք բացահայտել` այդպես էլ ընկալելով որպես առեղծված:
- Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը:
- Այն, որ դերասանը Հայաստանում ապրում է այսպիսի աշխատավարձով, ամենամեծ զավեշտն է: Զավեշտալի է այն, որ մենք համակերպվել ենք գոյություն քարշ տալուն: Իսկ սիրածս անեկդոտը հետևյալն է` Վիշապիկն առավոտյան վեր է կենում, ուտում իր մամային, կեսօրին` պապային, երեկոյան` տատին, գիշերը` պապին: Այսքանից հետո նրան ասում են` «Վիշապ, դու ո՞վ ես», պատասխանում է` «ես որբ եմ»:
- Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ:
- Գեղեցիկ հուշեր շատ կան: Ես հեծանիվ քշել չգիտեի, բայց բակի բոլոր տղաների հեծանիվներն ինձ մոտ պետք է լինեին. բնավորությամբ շատ ակտիվ եմ եղել: Մշտապես հայտնվում էի կռիվների կիզակետում: Բակում մի տղա կար, ով ինձ օգնում և պաշտպանում էր: Մանկության մշտական ուղեկիցս է, որը տարիների հետ առավել գեղեցիկ ու քաղցր է թվում: