«Նեղն ընկած պահին հաստա´տ կդիմեմ Աստծուն»
Զրույց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆԻ հետ
- Ինչպիսի՞ երեխա էր Երվանդ Մանարյանը:
- Ութ տասնամյակ անց մանրամասն հիշել մանկությունը` դժվար է: Սկզբում սովորել եմ Թեհրանի Հայկազյան դպրոցում, այնուհետ պարսկական դպրոց եմ հաճախել, երկու տարի էլ ամերիկյան քոլեջում եմ սովորել:
Հետո ընկերներիս հետ Հայաստան եկա: Տասնմեկ հոգուց բաղկացած խումբ էր: Խմբից ամենաճանաչվածը դարձավ ժողովրդական արտիստ Հովհաննես Բադալյանը: Երեխա ժամանակ շատ զիջող էի, անգամ կարելի է ասել` մի փոքր խեղճ: Կռիվներում պաշտպանս կրտսեր եղբայրս էր` Արման Մանարյանը:
- Ինչի՞ մասին էիք երազում:
- Լիովին հասել եմ այն ամենին, ինչի մասին երազել եմ. դառնալ արտիստ, ճանաչում և սեր եմ ձեռք բերել:
- Դժվարություններ, որոնք ստիպված եք եղել հաղթահարել:
- Դժվարություններ շատ եմ ունեցել, բայց բոլորը հիշել չեմ կարողանում: Դերասան դառնալու համար պետք է դժվարություններ հաղթահարես, այլապես արվեստում խոսք չունես ասելու, հետևաբար` միայն խեղկատակ կլինես:
- Ի՞նչը կփոխեիք, եթե ունենայիք երկրորդ անգամ Ձեր կյանքն ապրելու հնարավորություն:
- Ավելի լավ է` ամեն ինչ նույնը թողնեմ: Երկու անգամ եմ ամուսնացել, ճիշտ կլիներ, եթե դա մեկ անգամ լիներ: Երևի միայն դա կփոխեի, այնպես կանեի, որ հենց սկզբից էլ իմ այժմյան ընտանիքը լիներ: Ոչնչի համար չեմ ափսոսում:
- Եղե՞լ են իրավիճակներ, երբ մի կողմ եք դրել սկզբունքները:
- Սկզբունքները չեն փոխվում, սակայն ենթակա են սրբագրման: Պետք է կարողանալ ժամանակի հետ համընթաց քայլել:
- Ինչպիսի՞ երաժշտություն եք նախընտրում:
- Դասական երաժշտության հետ բարեկամ եմ: Իմ ընկերոջ` Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններն եմ հավանում, նաև Շոստակովիչ եմ սիրում: Այսօր կան շատ տաղանդավոր երիտասարդներ, բայց դժվարանում եմ որևէ մեկին նախապատվություն տալ, քանզի իմ նախասիրությունները կազմել եմ կյանքիս 80 տարիների ընթացքում` զգացածով և տեսածով:
- Ի՞նչն եք ամենից շատ գնահատում կյանքում:
- Մարդ լինելը: Գնահատում եմ, երբ տեսնում եմ, որ դիմացինս մարդ է:
- Ինչպե՞ս եք կարողանում հասնել մարմնի և հոգու ներդաշնակության:
- Մարմինն ու հոգին միշտ պետք է ներդաշնակ լինեն, այլապես ամեն ինչ կխաթարվի: Դա այնքան էլ դժվար գործ չէ: Ես հավատում եմ հոգու անմահությանը: Ես հավատում եմ, որ մարդը չի ոչնչանում, մի ձևից փոխակերպվում է մեկ այլ ձևի:
- Չմոռացվող անհաջողությունը:
- Անհաջողություններ միշտ էլ եղել են, կան և կլինեն: Երբևէ չեմ սիրել նվնվացող մարդկանց: Մեր ժողովրդի մեջ կա հավերժ դժգոհ լինելու բնավորության գիծ: Ուզում ես դրախտ տար, դարձյալ դժգոհ կլինեն: Ես էլ բացառություն չեմ, իմ կյանքում էլ հաջողություններին զուգահեռ անհաջողություններ ունեցել եմ: Բայց այսօր դրանց մասին չեմ ուզում հիշել: Անիմաստ է հիշել ու տառապել մի բանի համար, որն արդեն անհնար է փոխել:
- Ինչո՞վ եք հպարտանում:
- Հպարտանում եմ իմ ապրած տարիներով:
- Ինչի՞ց եք ամենից շատ վախենում:
- Վախենում եմ իմ երկրից դուրս մահանալուց:
- Ի՞նչն է այսօր ամենից շատ անհանգստացնում Երվանդ Մանարյան մարդուն:
- Ինձ մտահոգում է մեր երիտասարդների ապագան: Ինքս բարդ ճանապարհ եմ անցել, ունեցել եմ վերելքներ և վայրէջքներ: Չէի ցանկանա, որ նույնը նրանք տեսնեն:
- Ինչի՞ համար ներողություն կխնդրեիք:
- Մարդն ինքնին սխալական է: Կյանքում պատահում են իրավիճակներ, երբ, գուցե ոչ միտումնավոր, բայց սեփական սկզբունքներիդ հետևելիս ինչ-որ մեկի ոտքը տրորում ես: Պետք է կարողանալ ներողություն խնդրել, ինչը ամոթալի չէ, բայց դժվար է: Որևէ քայլ անելուց առաջ պետք է մտածել, որ բանը չհասնի ներողության:
- Հավատո՞ւմ եք Աստծուն:
- Երբ լավ ենք զգում և ամեն ինչ խաղաղ է, կարող ենք ապացուցել, որ Աստված չկա: Բայց երբ անելանելի վիճակում ենք հայտնվում, երբ պետք է որևէ մեկի օգնությունը, դիմում ենք Աստծուն: Ես հիմա կասեմ, որ երևի Աստված չկա, բայց նեղն ընկած պահին հաստատ կդիմեմ:
- Այսքանից հետո ամփոփիչ մի հարց` ո՞վ եք Դուք…
- Դժվարանում եմ իմ մասին խոսել: Ասեմ, որ հարստություն չունեմ և ունենալու ցանկություն էլ չունեմ:
Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ
Մաղթում ենք, որ Նոր Տարում շնչահեղձ լինեք մտերիմների գրկում, այրվեք-ջերմանաք սիրուց, մոլորվեք հաջողության բավիղներում, և ձեր հոգում, ինչպես շամպայնի շշում, թող փրփրա-հորդի երջանկությունը… Եվ բոլոր ուրախությունները կիսեք մերձավորների հետ: