Դասականները միշտ արդիական են


ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊՐԵՑՆԵՆՔ «ՊԱՊԻ» ԹԱՏՐՈՆԸ

Անկախական, ազգային-ազատագրական պայքարի դժվարին, առերևույթ հակամշակութային օրերին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս ՍԱՐԳՍՅԱՆԸ խենթ նվիրումով լծվել էր Համազգային թատրոնի հիմնարկեքին: Մինչևիսկ մոլի թատերասերներն էին թերահավատությամբ ընդունում հեղաբեկումնային արտասովոր բարդ հասարակական -քաղաքական իրադրության պայմաններում մի նոր թատրոնի կենսունակությունը: Չէ՞ որ ակնհայտորեն խեղճացել էին պետության հովանու ներքո պատշաճ ստեղծագոր ծելուն վարժված, տասնամյակների փառահեղ տարեգրություն ունեցող մեր բոլոր հայտնի թատրոնները:

Շատ շուտով, շնորհիվ բազմափորձ գեղարվեստական առաջնորդի և հիմնադիր կազմի կուռ դերասանախմբի (Գալյա Նովենց, Շահում Ղազարյան, Մայիս Կարագյոզ յան, Դավիթ Հակոբյան, Գուրգեն Սեդրակյան, Կարինե Ջանջուղազյան, Տիգրան Ներսիսյան, Նելլի Խերանյան և ուրիշներ) միաձույլ վարպետության, Համազգայինը հաստատվեց ոչ միայն մայրաքաղաքի, այլև նորանկախ Հայաստանի թատերական գոբելենում: Հայաստանի գրողների, ապա` ժուռնալիստների միությունների դահլիճներում բեմ բարձրացված նոր ստեղծագործությունները («Բաց ծովում», «Օսկար», «Մի գավաթ բարություն», «Լիր արքա»), դրանց ծիրում նաև ռեժիսոր Հրաչյա Գասպարյանի ինքնատիպ մտածողության հարաճուն գունեղացումը, արժանացան նույնիսկ ամենահոռետես ու քմահաճ թատերագործիչների դրվատանքին: Երբեմնի բուռն մասնագիտական քննարկումների ավանդույթի վերարժևորման խթան դարձան:

Արդի հայ թատրոնի կենդանի լեգենդ Սոս Սարգսյանի ղեկավարությամբ, բարեբախտաբար, ոչ միայն հաղթահարվեցին Համազգայինի կայացման տարաբնույթ խութերը, այլև, 20-ամյա գոյապայքարով, փուլ առ փուլ ամրապնդվեց մրցունակությունը, հընթացս անխաթար կենսագործվեց կատարողական ներուժի սերնդափոխությունը` բազմաշնորհ երիտասարդների (Տաթև Ղազարյան, Մխիթար Ավետիսյան, Նարինե Գրիգորյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան, Արթուր Նազարյան, Կարեն Խաչատրյան և տասնյակ ուրիշներ) անզուգական դարբնոց-թատերաընտանիքում:

Այսպես, 1991-ին տեղի ունեցած բարեհաջող երկունքից մինչ օրս, ազնիվ արարչագործությամբ «Սոսի թատրոնը»` ինչպես մտերմաբար կոչում է արվեստասեր հանրությունը Համազգայինը, վաստակեց մշտական հանդիսատեսի օրավուր ստվարացող բանակի համակ ուշադրությունն ու սերը: Իսկ 2003-ին` պետականի կարգավիճակ: Խելամիտ խաղացանկային քաղաքականությամբ և պարբերական հյուրախաղերով` ԼՂՀ, Ֆրանսիա, Բելգիա, Իրան, Լիբանան, ԱՄՆ և այլուր, հայտնվեց երկրագնդի տարբեր անկյուններում բնավորված սփյուռքահայերի մշակութային հետաքրքրությունների կենտրոնում:

Դեգերելով տնից տուն` Համազգայինը, կենվորի անուրախ ճակատագրով, տևականորեն հաստատվեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքում` ի հեճուկս հակամշակութային ընդհանուր քաոսի բեմ բարձրացնելով նորանոր բարձրարժեք թատերգություններ` օտարամոլության համաճարակի ախտից զերծ պահելով ազգային նկարագիրն ու հերոսաբար դիմագրավելով մայրենի լեզվի ազգակործան աղճատումների հախուռն տարերքը: Անհաղթահարելի մնացող շենքային կապանքները, գոնե առայժմ, հարկադրում են այլևայլ հնարքներ բանեցնել` լայնամասշտաբ նոր բեմադրամտահղացումների իրականացումն անտրտունջ հարմարեցնելու նպատակով: Համազգայինի տարեվերջյան բեմադրության` ազգային գրականության դասական Պերճ Պռոշյանի հանրահայտ «Հացի խնդիր» վեպի հիման վրա ստեղծված ներկայացման առաջնախաղը, կամա-ակամա, կրկին հավաստեց, որ վաղուց հասունացել է անհրաժեշտությունը, նախևառաջ, շենքային մշակութանպաստ պայմաններ ապահովելու թատերախմբի հետագա գործունեության համար` ի շահ մարդ ու քաղաքացի կերտելու ունակ հայ թատրոնի արևոտ հորիզոնների:

Ոչ միայն վեպի բեմականացման համահեղինակ, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի պրպտուն մտքով, այլև բազմամարդ դերասանախմբի յուրաքանչյուր անդամի գործուն ջանադրությամբ: ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանը ինքնատիպ երևակայության թռիչքով ստեղծել է դինամիկ փոփոխության ենթակա փայտաշեն մի հսկա բեմակառույց` ապահովելով դերակատարների ազատ ելումուտը: Հնամենի թատերակոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի անձանձիր միջնորդությամբ ու ազգային նվագարանների անմիջական մասնակցությամբ` դերասանախումբն առավել դյուրությամբ է կենտրոնանում վաղնջական ժամանակների վիպական իրականության խաբկանքը համոզչական նրբերանգներով վերստեղծելու վրա: Պռոշյանական պատկերները նորովի է կենդանացնում Մխիթար Ավետիսյանի կերտած` նահապետական նիստուկացին, վարքուբարքին հավատարիմ Խեչանենց Խեչանը: Իրենց անեղծ էությամբ ու բարեպաշտությամբ չեն զիջում Կարինե Ջանջուղազյանի` հայ մերիկի լուսավոր մարմնացում Մարիամը, Տաթև Ղազարյանի` անկեղծ սիրո հավատավոր, անաչառ ու տարաբախտ Հեղնարը, Անի Ղազարյանի` անձնուրաց նվիրյալ ու սիրատոչոր Հերիքնազն ու Վարշամ Գևորգյանի` որքան խիզախ ու անաչառ, նույնքան միամիտ ու սիրառատ Սմբատը:

Գեղջկական չարքաշ առօրյայի ամենալուսավոր կետը` Բարեկենդանի հանդիսանքը «թատրոն թատրոնի մեջ» հնարքով բեմավորելով` Վիգեն Ստեփանյանը, ինքնահատուկ անչար հեգնանքով մանկական անմեղ ու չարաճճի զվարճության տիրույթ է ներգրավում երբեմնի գյուղական երևելիներին: Ծանր է, անշուշտ, Մխիթար Ավետիսյանին բաժին ընկած կատարողական բեռը: Բայց բեմական անուրանալի հմայքով օժտված երիտասարդ դերասանը, մասնագիտական արժանապատվությամբ կերպավորում իր Խեչանին` ծերանալով, ասես, հանդիսատեսի աչքի առաջ:

Բեմադրիչի հեռատես կամքով, նենգադավ Սաքոյի արժանի «զինակիցն» ու «ժառանգն» է դառնում Նարեկ Բաղդասարյանի` ասես մոր արգանդում հնարավոր եղկելի հատկանիշներով ներծծված Աբգարը: «Գյուղական ցեցերի» տիպաշարը զգալիորեն համալրվում է Կարեն Խաչատրյանի` ընչաքաղց կաշառակեր, ծածկամիտ Մովրովով և, անվերապահորեն, Սերգեյ Թովմասյանի` գրոտեսկախառն, ստորաբարո յասավուլ Մարգարով:

...2009-ից Համազգայինի խաղացանկային քաղաքականությունն ու ընթացիկ ստեղծագործական կյանքը գնահատելով և եվրոպական բարեկրթությամբ տնօրինող Վարդան Մկրտչյանի ներմուծած աշխատաոճի շնորհիվ իրազեկվելով նաև ներկայացման անմիջական տպավորությամբ հանդիսատեսի արած գրառումներին` հավաստիանում եմ, որ ամեն նոր խաղարկումից հետո «Հացի խնդիրը» ընդլայնում է հանրային համակրանքի շրջանակը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ