Ռուսաստանը կավիրվի հյուսիսից
Մոլորակի համընդհանուր տաքացումից 2030 թ. կոչնչանա՞ն բևեռային շրջանի քաղաքները: Ավերում է սպառնում նաև Ռուսաստանի հյուսիսային քաղաքներին. անցյալ շաբաթ այսպիսի կանխատեսում է ներկայացրել ՌԴ արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռուսլան Ցալիկովը. - Վերջին հարյուրամյակում երկրագնդի տարեկան միջին ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով. սակայն այդ ջերմացման 40 %-ը տեղի է ունեցել վերջին 10 տարում: Սա շոշափելի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի համար, որի տարածքների երկու երրորդը հավերժական սառույցների գոտում է: 2030 թ. մատույցներում, համատարած ջերմացմամբ պայմանավորված, կործանումներն աղետալի կարող են լինել. դիցուք` բնակֆոնդի քառորդ մասը կարող է փլատակների վերածվել: Հյուսիսային խոշորագույն քաղաքները կառուցված են վերջին ժամանակներում` Սովետմիության ինդուստրացման տարիներ: Շենքերի հիմքերը բնահողի վրա կառուցելը Հյուսիսում անկարելի էր` հավերժական սառածության պատճառով, և գիտնականներն առաջարկել են հատուկ մեթոդ` կառույցները բարձրացնել սառցահարթերի մեջ ամրացված ինքնատիպ «ոտքերի»` ցցագերանների վրա: Իհարկե, դրանք ամուր հենարան են` քանի դեռ սառույցն անդրդվելի է: Սակայն, ջերմաստիճանի բարձրացման հետևանքով, այդ ցցագերանների ամրությունը կնվազի 50 տոկոսով: ԱԻ նախարարությունում հաշվարկել են, որ հիմա Արևմտյան Սիբիրում սառածությունը տարեկան հալչում է 4 սմ-ով: Դրան ավելացրած` առաջիկա 20 տարիներին նրա սահմանը առնվազն 80 կմ դեպի հյուսիս կտեղաշարժվի: Հալոցքների արդյունքում ավերակների կարող են վերածվել նաև օդանավակայանները, որոնց շնորհիվ են հիմնականում բեռները Հյուսիս հասնում: Եվ միայն քաղաքների կործանումը չէ, որ սպառնում է Հյուսիսին. 2015 թ. սահմաններում գետերի ջրերը կավելանան 80 %-ով, իսկ այդ հորդացումները կրկնապատկում են վտանգը: Ցալիկովի հավաստմամբ` առաջիկայում 2 արշավախմբեր մեկնելու են Ռուսաստանի հյուսիս` փոխվող կլիմայի պայմաններում համապատասխան տեխնիկան փորձարկելու և հատուկ տեխնոլոգիաներ մշակելու: Արշավախմբերը կուղղվեն Նոր Երկրի շրջան, Նովոսիբիրսկյան կղզիներ և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մայրցամաքային ափեր: