20-ԱՄՅԱ «ՀՈՒՄՈՐԻԿՆԵՐԻ» ՄՇՏԱՌՈՒՅԳ ՄԱՅՐԻԿԸ


Մեր պատանեկության 84-ամյա թատրոնում մասնակցում եմ դերասանուհի, թատերական մանկավարժ Արև ՍԱՆԹՐՈՍՅԱՆԻ հոբելյանական հանդիսությանը: Երախտագիտության ինքնաբուխ պոռթկումով միահյուսվում են հոր` ԵՊՀԹ հարուստ տարեգրության անզուգական կերտողներից մեկի` ՀՀ ժողովրդական արտիստ Պարույր Սանթրոսյանի մեկդարյա և դստեր վեցտասնամյա ծննդյան տարեդարձները: Երեկոն հոգևոր ապրեցնող լիցքերով է հագենում, անկեղծության տրամադրում թատրոնի ներկայիս գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի որդիական ուղերձից թև առած:

Բեմի վրա են Վարպետի թատերական գերդաստանի բոլոր ճյուղերն ու մատղաշ շիվերը` Արմենն ու Տաթևը, Շուշանն ու Մարին, նույնիսկ` Լիլին ու Հայկը և, իհարկե, աստվածատուր գեղեցկության համար 5-ամյա եղբոր կողմից «Արև» կնքված օրվա հերոսուհին: Մեկիցս մյուսին փոխանցված գնահատանքի խոսքերից առանձնակի ջերմություն է հորդում դահլիճ: Եվ Արև Սանթրոսյանի 40-ամյա բովանդակալից տքնանքն արժևորելիս, ինքս խանդավառ հպարտությամբ եմ բարձրաձայնում, որ 5 տարի առաջ 85-ամյա «ԱՎԱՆԳԱՐԴԸ», «Նռան հատիկ» մանկապատանեկան հանրապետական թատերական փառատոնի անաչառ լուսաբանությամբ, առաջինն է նկատել ու սեփական նախաձեռնությամբ շնորհած «Մամուլի համակրանք» մրցանակով ըստ արժանվույն գնահատել Մալաթիայի Հայորդաց տանը նրա հիմնած «Հումորիկների» բեմական շնորհաշատ թոթովանքները: Այդ հետո, ԵՊՀԹ 80-ամյա հոբելյանի կապակցությամբ էր, որ Արև Սանթրոսյանն արժանացավ ՀԹԳՄ բարձրագույն պարգևին: Եվ հիմա, երբ կրկին, այս անգամ արդեն բենեֆիսային դերակատարության շարժառիթով, հանդիպել են 90-ամյա «ԱՎԱՆԳԱՐԴՆ» ու մեծանուն Զավեն Տատինցյանի արվեստանոցում ժառանգած բնատուր շնորհները թրծած 60-ամյա դերասանուհին, երկրորդ ոսկե մեդալն է նրան հանձնվում` ՀՀ մշակույթի նախարարության: Ժամանակին բազմավաստակ տաղանդավոր մանկավարժի անուրանալի ավանդը հայրենասեր քաղաքացի կրթելու և աճեցնելու կարևոր ոլորտում անհավակնոտ բարյացակամությամբ հանրահռչակած «ԱՎԱՆԳԱՐԴԸ», զարմացած Երևանի քաղաքապետարանի և Կրթության ու գիտության նախարարության անբացատրելի լռությունից, ի լուր ամենքի, հնչեցնում է իր ազնիվ նկատառումը.

- Վաղուց է հասունացել անհրաժեշտությունը Արև Սանթրոսյանին ՀՀ վաստակավոր մանկավարժի և կամ` արվեստի վաստակավոր գործչի կոչում շնորհելու: Երկուսի իրավունքն էլ, իր համեստ ու նպաստավոր նվիրումով, բազմիցս է հավաստել:

Տոնական հանդիսասրահը հավանության ծափերով է արձագանքում…

ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, ով նաև դերասանական-ռեժիսորական կրթություն ունի, պատանեկան անմիջականությամբ է արձագանքում ու դրվատում Արև Սանթրոսյանի գլխավոր դերակատարումը, որսում այդ երեկո հատկապես գունեղացած, կոլորիտային խաղարկման նրբերանգները: Ամենքին է հիացնում Էսֆիրա Լվովնա-Սանթրոսյանի ստեղծագործական նոր թռիչքը, աննահանջ երիտասարդությունը:

Այդ դժբախտ ու միայնակ, դահիճ ու զոհ Ֆիրոչկան

Հանրածանոթ դասականի ու նորաոճ արդիականի համադրությամբ ձևավորված միջավայրը (բեմանկարիչ` Անտոն Քեշիշյան) միտումնավոր վարագուրված չէ: Ենթադրում ես, որ բեմադրության հեղինակը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտաշես Հովհաննիսյանը, Լյուդմիլա Ուլիցկայայի «Իմ թոռ Բենիամինը» տրագիկոմեդիայի յուրատեսիլ բեմավորմամբ, կրկին անսեթևեթ երկխոսություն է ծավալելու Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի խաղահարթակից: Ընդունելով պարզ փոխըմբռնման հրավերը, փորձում ես մտովի խորամուխ լինել իրատեսականի ու խորհրդանշականի միատեղմամբ «հանդերձավորված» բեմի արտաքին տեսքի նրբիմաստներում: Աջ և ձախ կողմերում ներկայացված է լայնատարած ճաշասեղանով և ջահի փոխարեն աջից ձախ ձգվող ընտանեկան լուսանկարների վերնասլաց շղթայով ասես լուսավորվող ու միավորվող երկու առանձին, տարաշուք բնակարանների ներքին հարդարանքը: Հայացքդ անմիջապես գամվում է խորքային միջնորմը զարդարող հարսանեկան զգեստին, որը հատուկ խնամքով հագցված է անգլուխ մանեկենին:

Հանկարծ պայթում է հրեական աշխույժ երաժշտությունը: Վայրկենապես սթափվում ես մտասուզման թմբիրից: Պարային տարերքին հանձնված Արև Սանթրոսյանի հերոսուհու հախուռն մուտքը վարակում է իր անկեղծ ու կենսախինդ զվարթությամբ, սևեռում ուշադրությունդ խանդավառությունից փայլատակող նրա Էսֆիրա Լվովնայի բեմական անկաշկանդ վարքագծի վրա: Բնավորությամբ նրանից ի սկզբանե բևեռայնորեն տարբերվող միակ սրտակից մտերմուհու` ներողամիտ ու քնքույշ Լիզայի (Մարիետա Նազարյան) տագնապոտ ու համբերատար հայտնությամբ թափ առնող, անակնկալ շրջադարձերով հարուստ բեմական իրադարձություններն այդուհետ քեզ իրենց ծիրում են ներառնում: Լուսավոր ու դժվար ժամանակների երանելի վերհուշով, թռիչքաձև ինտրիգող անցումներով հստակվում են նրանց բնակարաններն իրար կապող երբեմնի մարդաշատ ընտանեկան սեղանի պարփակած գաղտնիքները: Մի պահ թվում է, թե հին-հին օրերի մի հոգեթով երգ է ծորալու ընտանեկան ալբոմի էջերից հառնող հարազատ դեմքերի ու դեպքերի միահյուսմամբ: Ապրված զգացողություններով տեսարանից տեսարան ավելի ու ավելի է կարևորվում Սանթրոսյանի հպարտ ու անկոտրում, դժբախտ ու միայնակ Ֆիրոչկան: Աննախադեպ ինքնամոռաց հրայրքով է կենդանացնում վաստակաշատ դերասանուհին իր հերոսուհու կանացի նկարագիրը, որում զարմանալիորեն հաշտ են գոյակցում դահճի և զոհի իրարամերժ հատկանիշները: Զավեշտածին իրադրությունների դիպաշարը լիաթոք ծիծաղով ընկալելով, հանդիսատեսը լարված հետևում է Էսֆիրայի բնակարանից Լիզայինը տեղափոխվող գործողություններին: Ճիշտ և ճիշտ մեծահոգի ու սիրառատ Լիզայի հանգույն, համակրում ու կարեկցում ես Սանթրոս յանի կրակ ու բոց մայրիկին, կիսում ակնթարթորեն հաղթահարվող տրտմությունը` իրազեկված կենսական չարաղետ հանգամանքներին: Մեծ Հայրենականի բովով անցած, ձախողված անձնական կյանքի վերքերը Սանթրոսյանի Էսֆիրան, փաստորեն, մինուճար որդու` Լյովայի ու հայրենի Բոբրույսկից իրեն բաժին հասած միակ ու միայնակ հարազատի` Լիզայի ճակատագրերի տնօրինելով է ամոքում: Իսկ մայրական սիրո օրավուր ծանրացող մամլիչից ուժասպառված` ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, իրենից տարիքով կանանց անուղղելի սիրահար այս Լյովան, հարսանեկան շքեղ հանդիսությունից անմիջապես հետո, փախչում է նախանձելի տաքուկ ու բարեկեցիկ հարազատ օջախից, ազգայնամոլ մոր կողմից պարտադրված ու կազմակերպված ամուսնությունից: Սանթրոսյանի Էսֆիրան ոչ մի կերպ չի ուզում ընդունել իր փայփայած հույսերի օդային դղյակի բնականոն փլուզումը, կրքոտ անհանդուրժողականությամբ պատռտում է որդու գրավոր փաստերը…

Ինքնասպանության անհաջող փորձն ամենևին էլ չի ընկճում, զգաստացնում: Ավելին, այս Ֆիրոչկան, երրորդ հարկից անքերծվածք «վայրէջք» կատարելուց ու, ճակատագրի հեգնանքով, ռենտգենի ապարատի խցին կից աստիճանից ընկնելիս ձեռքը հիվանդանոցում կոտրած, գիպսապատ տունդարձից հետո էլ կողի չի ընկնում.

- Լիզա, իսկ դու կարո՞ղ ես հինգերորդ հարկից ցած նետվել...:

Ի պատասխան` Լիզան, ով երջանիկ էր, որ Ֆիրոչկան ողջ է մնացել, լիաթոք ծիծաղով փորձում է մեղմել նրա հերթական ինքնաբավ դրսևորումը:

Քնարաշունչ Սոնեչկա-Նառա Սարգսյանի ինքնաբուխ արտաբերած «մամա» բառից հալչում է կարծես Էսֆիրա-Սանթրոսյանը, արտասվախառն խենթանում: Միայնակ ծերությունն իմաստավորող նոր խթան են գտնում Լյովային միասին մեծացրած քույրիկները, վերածնվում իրենց մերված Սոնյայով ու նրա ապագա զավակի հեռանկարով: Նրանց համար անհավանական, արտառոց ոչինչ չի եղել կարծես: Իր գործին հմուտ մանկաբարձուհի Լիզան կընդունի ծնունդը, գենետիկ շնորհաշատ դերձակ Ֆիրոչկան կշարունակի գիշերներ լուսացնել` կարուձևով պատշաճ վաստակելով... Ապրե´լ է պետք, իսկ նրանք այլ կերպ չեն կարող իմաստավորել իրենց երկրային կեցությունը: Եվ ավարտական տեսարանում, որպես ընտանեկան ալբոմում, խանդաղատանքով իրար փարված երեք կանանց սիրո դաշինքն է ամրագրվում:

Համարի նյութերը` Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ստեղծագործությունը կապրի ավելի երկար, քան ստեղծագործողը: Վերջինս կհեռանա` պարտված բնությունից, բայց նրա կերտած կերպարը դարերով կջերմացնի մարդկանց սրտերը…

Միքելանջելո