Մենամարտ ճակատագրի դեմ

(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -22-ում)
Ողջ կյանքում դու էդպես էլ չհասկացար, որ փողից կարևոր այլ բաներ կան: Ես քո կյանքը չեմ խորտակել, այդ դո´ւ ես իմ կյանքը խորտակել: Հետո ո՞վ է քեզ ասել, որ կյանքդ խորտակված է, ապրում ես էլի, բոլորն էլ այդպես են ապրում..
- Լա´վ, անիմաստ է քեզ հետ խոսելը, միևնույն է, իրար չենք հասկանալու, դու ավելի լավ է ասա, ի՞նչ եղավ մորդ բնակարանը,- թեման կտրուկ փոխեց Կարենը:
- Մորս բնակարանի հետ ի՞նչ գործ ունես, դու երբեք չես հետաքրքրվել …
- Հիմա հետաքրքրվում եմ…
- Մնում է…
- Լավ է, ուրեմն գնալու տեղ ունես, հավաքիր իրերդ ու հեռացիր իմ տնից, հեռացիր իմ կյանքից, այլևս երբեք չվերադառնաս, չհետաքրքրվես ինձանով…
- Կարեն …,- սկսեց Նունեն:
- Դուրս,- այնպես գոռաց Կարենը, որ Նունեն ցնցվեց:- Մի ստիպիր, որ թևիցդ բռնեմ ու դուրս շպրտեմ քեզ:
Կարենի դեմքը սպառնալից էր, վճռական: Նունեն զգաց, որ Կարենը կիրականացնի սպառնալիքը, կանացի բնազդով զգաց, որ հիմա հակաճառելու ժամանակը չէ, պետք է հեռանալ:
- Ինչպես կուզես,- ասաց ու դուրս եկավ հյուրասենյակից:
Մոտ կես ժամում հավաքեց իրերը, դասավորեց ճամպրուկում, վերադարձավ հյուրասենյակ: Կարենը բազկաթոռին նստած ծխում էր: Առաջներում նա նման բան իրեն թույլ չէր տալիս: Նունեն մի պահ կանգ առավ ու նայեց ամուսնուն: Վերջինս առանց նրան նայելու, ասաց.
- Արագացրո´ւ:
Նունեն անխոս շրջվեց ու դուրս եկավ տնից:
Նունեի հեռանալուց հետո Կարենը հոգում դատարկություն զգաց, նա մի հայացք գցեց ճոխ կահավորված հյուրասենյակին ու հասկացավ, որ այլևս երբեք այս տանը Նունեին չի տեսնի: Հասկացավ, որ վերջապես ազատվեց տարիներ շարունակ հոգին հալումաշ անող ցավից: Ազատվեց ընդամենը մեկ բառով: Ցավ զգաց, որ ժամանակին այդ բառը չի ասել…
- Վերջապես ատամից էլ պրծա, ատամնացավից էլ,- մրմնջաց Կարենը:
Բայց ո´չ բավարարվածություն, ո´չ չարախնդություն չէր զգում, միայն` դատարկություն: Ու գիտակցում էր, որ անցյալն իսպառ վերացավ: Արածի համար չէր ափսոսում, բայց և չէր ցնծում. ափսոսում էր կորցված տարիների համար: Տխրեց: Հասկանում էր, որ անցյալին արդեն վերադարձ չկար, ապագան անորոշ էր, բայց ինչ-որ բան մտածելու, որոշելու ուժ չուներ, համեմայնդեպս` ոչ հիմա: Քնեց հենց բազկաթոռի վրա: Առավոտյան աշխատավայրում արձակուրդ վերցրեց ու մեկնեց մարզումների: Հիմա ավելի շատ ժամանակ էր տրամադրում մարզումներին` մրցամարտը երկու շաբաթից էր: Մարզվում էր անիծվածի նման` մոռացած ամեն ինչ: Գևորգը գոհ էր.
- Մրցակցիդ հաղթելու համար նախևառաջ նրան պիտի հաղթես գլխումդ, արագ կողմնորոշվես, գուշակես նրա թույլ և ուժեղ կողմերը, կարողանաս նրա ուժը օգտագործել իր դեմ: Հիշի´ր, ուժը մկաններում չէ, այլ` գլխում,- հաճախ կրկնում էր Գևորգը:- Միշտ նայիր մրցակցիդ աչքերին` աչքերը հոգու հայելին են, սովորիր այնտեղ կարդալ նրա մտադրությունները, զգա նրա հոգեվիճակը: Այդ դեպքում միայն կգուշակես նրա գործողությունները և կդառնաս անպարտելի:
Գևորգը կապում էր Կարենի թևերը թիկունքում ու ստիպում խույս տալ իր հարվածներից: Հարվածները հուժկու էին, ցավոտ, սկզբում Կարենը չէր կարողանում խույս տալ` հուժկու, ցավոտ հարվածներ էր ստանում: Սակայն Գևորգը հարվածում էր այնպես, որ Կարենը վնասվածքներ չստանա: Շաբաթվա վերջին Կարենը արդեն սովորեց կանխազգալ հարվածի ուղղությունը, սովորեց նայելով դիմացինի աչքերին` գուշակել նրա հարվածների ուղղությունը, սովորեց նաև դիմանալ ցավին: Հոգնում էր, շատ էր հոգնում: Արդեն մտածելու ժամանակ էլ չուներ, բայցևայնպես, երբ երեկոյան ուշ տուն էր վերադառնում, տանը զգում էր մենություն ու դատարկություն: Հաճելի չէ, երբ տանը քեզ դիմավորում են միայն դատարկ պատերը: Նունեն չկար, նրան վերադարձնել չէր ցանկանում, բայց նրա կարիքը զգում էր: Մրցաշարից երեք օր առաջ Գևորգն ասաց.
- Բավական է մարզվես, կարծում եմ արդեն մրցաշարին պատրաստ ես, հիմա քեզ հանգստանալ ու ուժ հավաքել է պետք: Միայն հիշիր. մինչև մրցաշարը` ո´չ մի կաթիլ խմիչք, ո´չ մի շփում կանանց հետ:
- Եղավ, իսկ դու կգա՞ս մարտը դիտելու:
- Կգամ, հետաքրքիր է, ես շատ մարզիկներ եմ պատրաստել մարտերի, բայց դու առանձնահատուկ էիր:
- Ինչո՞վ:
- Քո համառությամբ: Կարծում եմ, ավելին` համոզված եմ, որ այդ համառությունը կպարգևատրվի հաղթանակով: Հիմա հանգստացիր, այս երեք օրվա ընթացքում աշխատիր ապագա մարտի մասին չմտածել: Ինձ հետ էլ հանդիպում մի փնտրիր, վերացիր աշխարհից: