ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ


 

Վանաձոր-Երևան երթուղու սակագների բարձրացումը լուրջ անհանգստություններ է առաջացրել, Երևանում սովորող կամ աշխատող մեծ թվով վանաձորցի երիտասարդների մղել` նախաձեռնելու մի նոր շարժում` պայքար ծավալելով սակագների բարձրացման դեմ:

ՆՈՐ ՇԱՐԺՈՒՄ Է ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ

Ինչպես տեղեկացրեց Վանաձորի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Խորեն Գասպարյանը, սկզբում շրջանառվում, իսկ հիմա հաստատվել են լուրերն այն մասին, որ երթուղային միկրոավտոբուսների գները 1200 դրամից բարձրացվել են 1400-ի, իսկ «Հյունդայ» մակնիշի միկրոավտոբուսների գները` 1500-ից` 1800 դրամի: Կարծես չնչին են բարձրացումները` 200-300 դրամ, սակայն դրանք արդեն իսկ հարվածում են մարդկանց գրպաններին, հատկապես սովորող երիտասարդության:

- Վանաձորում դեռևս տիրում է սոցիալական լարվածությունը, բացակայում են աշխատատեղերը, իսկ ահա գների բարձրացումը ոչ միայն խփում է մարդկանց գրպաններին, այլև սահմանափակում կապը մայրաքաղաքի հետ,- ասաց նախաձեռնության հեղինակներից մեկը` Անահիտ Կարապետյանը:

Վանաձոր-Երևան երթուղիները սպասարկող ընկերությունը գների թանկացումները պայմանավորում է ավտոդողերի և տարբեր յուղերի թանկացումների հետ: 

Գուցե հասկանալի լիներ այս ամենը, եթե առկա չլիներ մրցութային պայմանների խնդիրը: Ընկերությունը մրցույթում շահել է` ներկայացնելով այն սակագները, որոնցով գործել է տևական ժամանակ: Ցանկացած փոփոխություն առաջ է բերում իրավական հետևանքներ: Այսինքն` մրցույթն իրականացնող հանձնաժողովը պիտի անվավեր ճանաչի համապատասխան պայմանագիրը և հայտարարի նոր մրցույթ, ինչն էլ կկանխի հերթական կամայականությունը: Սակայն վաղուց ի վեր ձևավորվել է «ներքին պայմանավորվածությունների» համակարգը, երբ մրցույթ կազմակերպող կառույցը անհաղորդ է մնում գների բարձրացման քայլերին` տնտեսվարողին թույլ տալով թելադրել իր կամքն ու պայմանները: Հենց սա էլ զայրացրել է շատերին, մտահոգել:

Նշենք, որ Վանաձոր-Երևան երթուղին սպասարկող ընկերությունը չի կատարել մրցութային մի շարք պահանջներ, ուղևորափոխադրումների համար չի ստեղծել հարմար պայմաններ, միկրոավտոբուսներում մարդկանց ստիպում են նստել ավելացված երկու «աթոռներին», որոնք անհարմարավետ են, անհամապատասխան ստանդարտին: Այս ամենը երևի տեսնում են մրցույթի կազմակերպիչները, սակայն լռում են, որովհետև տնտեսվարողը լրացուցիչ շահ է ստանում` այն համարելով իր ստվերային շահույթը: Ամռան ամիսներին, երբ ավելանում է ուղևորափոխադրումը, երեկոյան ժամերին անհնար է լինում օգտվել սպասարկող ընկերության ինչպես միկրոավտոբուսներից, այնպես էլ տաքսիներից, որոնք ժամը 18-ից հետո չեն սպասարկում` այսպես Վանաձորը վերածելով մեկուսացած ու մեռյալ կետի:

Այս ամենին գումարվում է նաև Վանաձորի ավտոկայարանի պարզապես խայտառակ վիճակը, այնտեղ տեղակայված սննդի վաճառքի կետերում գտնվող սննդամթերքի որակի ու ծագման կասկածելիությունը... Նախաձեռնելով շարժումը, երիտասարդները համոզված են, որ այսպես նաև ուշադրություն կձևավորեն ավտոկայարանի և ուղևորների սպասարկման վիճակի վրա: