Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ


 

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասին շատերն են բացասական գնահատականներ հնչեցնում, շատերն են խոսում, որ այս ուսումնական հաստատության տնօրինությունը ձգտել ու հասել է այն բանին, որ հիմնովին ոչնչացվում են ուսանողների իրավունքները, ոտնահարվում են բոլոր ազատությունները: Ուսանողներն այստեղ գտնվում են բառացիորեն իրավազրկված վիճակում...… Այստեղ տիրող բարքերի մասին տեղյակ է նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ և հիմնադիր Արթուր Բաղդասարյանը, սակայն որևէ մեկին չի հետաքրքրում բուհի նկարագիրը, հատկապես նրա տնօրինության վարքագիծը: Ահա ինչ է պատմում բուհի նախկին ուսխորհրդի նախագահ Ալեքսանդր Հարությունյանը, ով, ի դեպ, նախկին ՄԻՊ Արմեն Հարությունյանի որդին է.

- Այսքան ժամանակ ես լռել եմ այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում ՀՖՀՀ_ում: Սակայն վերջերս տեղի ունեցած ամոթալի միջադեպը, երբ ՀԱՆՃԱՐԵՂ հայ արվեստագետ Վարդան Պետրոսյանին արգելվել է մտնել ՀՖՀՀ շենք, լցրեց համբերությանս բաժակը, և ես այլևս չեմ կարող շարունակել լռությունս:

Երբ 2007 թվականին ես ընդունվեցի ՀՖՀՀ, կարծում էի, թե ընդունվել եմ մի ԲՈՒՀ, որը նպաստում է առաջադեմ և ԱԶԱՏ մտածողության զարգացմանը, խթանում է ուսանողների ինչպես մասնագիտական աճը, այնպես էլ մարդկային որակների բարձրացումը և կերտում է ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐ, երիտասարդներին զինում է այն կարևորագույն հատկություններով, առանց որոնց հնարավոր չէ մտնել հասուն կյանք: Եվ այդպես էլ կար: Սակայն իմ ուսանողական չորս տարիների ընթացքում ԲՈՒՀ_ը էապես փոխվեց: Առաջին իսկ փոփոխություններն ի հայտ եկան Աննա-Մարի Շլոսերի ռեկտոր նշանակվելուց հետո: Միանգամից նվազեցին դասաժամերը, մասնագիտական առարկաների փոխարեն սկսեցին դասավանդվել ահռելի քանակությամբ լեզուներ: Ուսանողները հաճախ կատակում էին, թե ավարտելուց հետո ստանալու են մեկ հատ լեզվաբանի դիպլոմ և մեկ հատ էլ դիպլոմ այն ֆակուլտետի, որտեղ սովորում են, ընդ որում, համոզված չէին վերջինիս վերաբերյալ:

Այնուհետև ժամանեց գլխավոր քարտուղար Ալեքսանդր Մարտինետտին: Միգուցե նա ունեցել է դառը անցյալ և ծանր մանկություն, կամ ունի այլ անձնական խնդիրներ, սակայն ուսանողների ճնշող մեծամասնության մոտ առաջացավ այն համոզմունքը, որ գլխավոր քարտուղարը, լինելով կոմպլեքսավորված մարդ, ինքնահաստատվում է ուսանողության միջոցով: Ես հաճախակի լեզվակռիվների մեջ էի մտնում նրանց հետ, մինչև որ մի գեղեցիկ օր հարգարժան պարոն Մարտինետտին ինձ հրավիրեց իր աշխատասենյակ և առաջարկեց գնալ մի քայլի, որին ես չէի կարող գնալ ելնելով իմ մարդկային և բարոյական հատկանիշներից: Չեմ ներկայացնի մանրամասները, սակայն կասեմ, որ մեր խոսակցությունը ընթանում էր այն ժամանակ մեր դեկան պարոն Գրիգոր Բադիրյանի ներկայությամբ: Իմ մերժումից հետո նա ժպտաց և բավական սիրալիր կերպով ինձ հաջողություն մաղթեց ուսմանս մեջ: Սակայն նույն տարում, երրորդ կուրսում, պարոն Մարտինետտին փորձեց խոչընդոտել իմ մուտքը Քաղաքացիական իրավունքի ավարտական քննությանը: Դա նրան չհաջողվեց: Իմ մերժումից ի վեր, ինձ ՀՖՀՀ ուսխորհրդի նախագահ անվանող պարոն Ալեքսանդր Մարտինետտին ինձ սկսեց անվանել ՈՒԽ նախագահի ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ և ամեն կերպ սկսեց խոչընդոտել իմ գործունեությունը: ՈՒԽ_ի սենյակում տեղադրվեցին համակարգիչներ, որոնց շնորհիվ հետևում էին միջանցքների անցուդարձին, իսկ ուսխորհուրդը մնաց առանց սենյակ:

Ամեն տարի դիպլոմների հանձնման արարողության ժամանակ ՈՒԽ նախագահի ավանդական խոսքը վերացվեց, քանի որ ես էի այդ խոսքն ասողը: Իմ դիպլոմների հանձնման արարողությունից մեկ ամիս առաջ, երբ ես արդեն ՀՖՀՀ ուսանող չէի, ՀՖՀՀ ուսումնական գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը ինձ հավաստիացրեց, որ այս անգամ խոսք կունենամ: Սակայն դիպլոմների հանձնման օրը, արարողությունից մոտ տասը րոպե առաջ ինձ ասաց, որ ես չեմ խոսելու, այլ ուրիշ մարդ է խոսելու: Սակայն բնականաբար ես դուրս եկա բեմ և ասեցի այն ամենը ինչ նախապատրաստել էի, բայց ոչ մի բացասական խոսք չհնչեցրի ՀՖՀՀ_ի հասցեին: Դա առաջին և վերջին անգամ էր, երբ երրորդ ռեկտոր Ժոել Լը Մորզելեկին ես տեսա առանց իր արհեստական ժպիտի: Բնականաբար այդ դեպքից հետո պարոն Նավոյանը արեց ամեն ինչ, որ ես չկարողանամ մուտք գործել ՀՖՀՀ:

Վերադառնալով 2010 թվականին նշեմ, որ այդ տարում, ես ամռանը պրակտիկա էի անցնում Նյու Յորքում, երբ իմացա, որ ՀՖՀՀ մի շարք դասախոսներ ազատվել են աշխատանքից: Միանգամից ինտերնետով փորձեցի ուսանողներին մղել, որ քայլեր ձեռնարկեն` հավաստիացնելով, որ կմիանամ իրենց հենց վերադառնամ հայրենիք: Սակայն զանգ ստացա, և ինձ «բացատրեցին», որ ես լուրջ խնդիրներ կունենամ, եթե չկասեցնեմ այդ ամենը: Իմանալով, որ ՀՖՀՀ_ն դարձել է անարդարության մշտական հանգրվան, որտեղ անարդարության դեմ բողոքող ուսանողին գլխավոր քարտուղարը պատասխանում էր, թե սա Հայաստանն է, ես դադարեցրի մասնակցությունս այդ գործընթացին: Բնականաբար իմ ուսանողական չորս տարիները այնքան հարուստ են անարդարության, ուսանողներին անարգելու օրինակներով: Սակայն դրանք այնքան բազմաթիվ են, որ անդրադառնալ բոլորին պարզապես անհնար է:

Համոզված ենք, որ գոնե հիմա ԿԳ նախարարությունն ի վերջո ջանքեր կգործադրի` հանելու Ալ. Հարությունյանի դեմ դրված ուղեփակոցը, և նա հնարավորություն կունենա մուտք գործել համալսարան…