Ինչո՞ւ հատկապես Ֆրանցիսկոս


 

Աշխարհում երկու ծայրահեղ բևեռների աճ է արձանագրվում. բազմամիլիարդատերերի և ծայրահեղ աղքատների: Վերջիններիս համար հանապազօրյա հացի խնդիրը մնում է անլուծելի, թեև աղքատության կրճատման բազմաթիվ ծրագրեր են մշակվում:

Հետաքրքիր է, ինչպե՞ս է օգնելու նրանց հովվապետը: Նրա աղոթքներն, անշուշտ, կհասնեն առ Աստված: Գուցե նաև այն մեծահարուստներին, որոնց գրպանների պարունակութ յունը գերազանցում է որոշ պետությունների բյուջեն:

Կաթոլիկների նոր հովվապետի կեցվածքը հաճելիորեն զարմացնում է մարդկանց. բազմահազար մարդկանց հետ նա այնքան մտերմիկ է խոսում, այնքան անպաճույճ, ասես յուրաքանչյուրին առանձին է դիմում: Որ աղքատներին օգնելը նրա թիվ 1 հոգսն է` արդեն բարձրաձայնվել է: Պարզվում է, որ Ֆրանցիսկոս անունն էլ նա պատահաբար չի ընտրել` թեև ընտրել է քվեարկությունից հետո միայն, երբ իմացել է, որ ինքն է հաղթել:

- Իմ կողքին այդ պահին նստած էր իմ մեծ բարեկամ, կարդինալ Հումեսը: Շնորհավորելով, նա գրկեց ինձ, համբուրեց ու ասաց. «Հիշի´ր աղքատների մասին»:

Եվ նորընտիր Պապը նույն պահին որոշել է կրել աղքատների հովանավոր, չքավորության շքանշանի հիմնադիր Սուրբ Ֆրանցիսկոս Ասիզսկիի անունը: Հետո հավելել է, որ կկամենար «աղքատ եկեղեցի` աղքատների համար»:

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հրավիրած առաջին ասուլիսին ավելի քան 5 հազար լրագրող է մասնակցել: Նրանցից ոմանք ներկայացել են երեխաների հետ: