Ինչ է վավերացնելու խորհրդարանն այսօր


Այսօր, դեկտեմբերի 20-ին, խորհրդարանին առաջարկվում է վավերացնել ռուս-հայկական երեք պայմանագիր` կապված Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի գնի, ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը Գազպրոմին պարտքի դիմաց հանձնելու հետ: Այս հարցերով դեկտեմբերի 17-ին ԱԺ-ում կայացած լսումներից շատ կարևոր հանգամանքներ պարզվեցին:

Չնայած Հայաստանի բնական պաշարների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ջանում էր հնարավորինս ոչ հստակ բացատրություններ տալ, թե ինչպես է գոյացել ՌԴ-ին մեր 300 մլն ԱՄՆ դոլարի պարտքը, այնուամենայնիվ պատգամավորներին հաջողվեց պարզել, որ դեռ 2010թ. արդեն կառավարությունը գիտեր դրա գոյացման մասին: Հարցեր առաջացան, թե ինչու խորհրդարանին ժամանակին տեղյակ չի պահվել, և միայն այս ամսի սկզբին Վ.Պուտինի այցի ընթացքում բարձրաձայն խոսվեց այդ մասին և որպես պարտքի հատուցում Գազպրոմի իրավասությանն անցավ ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը:

Արդյունքում Ռուսաստանը ձեռք բերեց Հայաստանի գազամատակարարման ողջ ցանցը, ինչը իր հերթին նշանակում է շրջափակել տարածաշրջանային էներգետիկ նախագծերին Հայաստանի մասնակցությունը: Ասել է թե` մեր երկրին զրկել տարածաշրջանում գործոն լինելու հնարավորությունից:

Ինչպես ասել է բանիմաց մի մարդ, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում: Մեր ռազմավարական գործընկերը միշտ է ջանացել կախման մեջ պահել Հայաստանը: Բայց միանգամից չէր ստացվում:

Միջազգային էլեկտրոնային ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ եվրոպական մի շարք պետություններ համաձայնել են գազ գնել Իրանից: Իրանից Եվրոպա գազատար հնարավոր է անցկացնել Թուրքիայի, կամ Ադրբեջանի կամ էլ Հայաստանի տարածքով: Առաջին երկուսի տարածքը, բնական է` Իրանը չի ցանկանա օգտագործել որպես տրանզիտային ճանապարհ` այդ երկրների հետ սկզբունքային հակասությունների պատճառով: Հայաստանով գազատարն անցկացնելու մասին խոսակցությունները նոր չեն սկսվել: Ժամանակին Ռուսաստանի գործուն միջամտությամբ կանխվեց Հայաստանով մեծ տրամաչափի խողովակաշարի կառուցումը և կառուցվեց այնպիսի տարողությամբ խողովակաշար, որը կբավարարեր միայն Հայաստանի կարիքները:

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը մեր երկրին այդ տարածաշրջանային էներգետիկ նախագծին մասնակից դարձնելու առաջարկ է արել` հայտարարելով, թե բարեկամներին իր երկիրը կարող է և 100 դոլարով գազ տրամադրել: Այդպիսով մեր անմիջական հարևան Իրանը հերթական անգամ փորձում է օգնել Հայաստանին` տարածաշրջանում իրական գործոն դառնալու: Իհարկե, Իրանը դրան չի ձգտում Հայաստանի «սիրուն աչքերի համար»: Թեհրանը դրանում իր շահն է նաև հետապնդում: Հայաստանի և Իրանի շահերը համընկնում են, և երկու երկրների սերտ համագործակցությանը կարող է խանգարել իրեն մեր ռազմավարական գործընկերը հայտարարած Ռուսաստանը: Հայաստանով իրանական գազը Եվրոպա հասցնելը կտրուկ հակասում է նրա տնտեսական շահերին. այդ դեպքում Ռուսաստանը իր գազի նկատմամբ մրցունակ կոնկուրենտ է ձեռք բերում: Նաև թուլանում է Եվրոպական երկրների վրա ՌԴ ազդեցությունը:

Չի կարելի ասել, թե խորհրդարանի պատգամավորներն ունակ չեն այս տարրական, դասագրքային ճշմարտություններն ընկալել: Սակայն որոշիչ դեր կարող է խաղալ ռուսական կայսերապաշտական նկրտումներին դեմ գնալու կտրականության պակասը: Եվ այսօր էլ չեն բացառվում` հուզիչ ելույթները` հայ-ռուսական «անխախտ եղբայրության», ավագ եղբոր շահը դավաճանելու անթույլատրելիության մասին... Գուցե հնչեն ելույթներ նաև մեր անվտանգության «երաշխավորին» վարձահատույց լինելու հրամայականի թեմայով` հերթական անգամ հասարակությանը մոլորեցնելով, թե Ռուսաստանը մեզ էժան գներով զենք է մատակարարում: Մինչդեռ, չգիտես ինչու, նույն հասարակությանը չտեղեկացվեց, որ երբ մեր ռազմավարական գործընկերը գերժամանակակից տանկերով զինեց մեր թշնամուն, այդ նույն «քըխ» ՆԱՏՕ-ին անդամակցող Գերմանիան և Ֆրանսիան «Միլան» տեսակի ժամանակակից հակատանկային, 16 մլն դոլարանոց զենք ոչ թե վաճառեցին, այլ նվիրեցին Հայաստանին: Հավանական է` այս ամենը չի հիշվի, և պատգամավորների մեծ մասը կողմ կքվեարկեն գազի գնի և ՀայՌուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը Գազպրոմին հանձնելու մասին պայմանագիրը վավերացնելուն: Կստացվի կողմ` Հայաստանն իրականում էժան գազով ապահովելուն դեմով:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ