ՎԵՐՋԱՊԵ˜Ս

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԲՈՂՈՔԻՆ


Կենսաթոշակային պարտադիր կուտակային վճարների դեմ բողոքողները շարունակում են ընդվզումը` այն համարելով հակասահմանադրական: Հակասահմանադրա կանությունը բացատրվում է նրանով, որ ոչ թե կամավորության սկզբունքը, այլ պարտադրանքն է դառնում գլխավորը, ինչը մարդու իրավունքների ոտնահարում է համարվում: Ինչպես տեղեկացանք, ՀՀ Հանրային խորհուրդը ևս միացել է բողոքի ալիքին և որոշել խնդիրը տեղափոխել օրենսդրական դաշտ` դիմելով երկրի Նախագահին, Ազգային ժողովին և Սահմանադրական դատարանին: Հանրային խորհրդի դիմումի մեջ մասնավորաբար կարդում ենք.

- Հայաստանում վաղուց ի վեր սպասվում էին բարեփոխումներ կենսաթոշակային ոլորտում, որոնց նպատակը պետք է լիներ գոնե հաջորդ սերնդին թոշակի անցնելուց հետո արժանապատիվ կյանք ապահովելը: Ներկայացված բարեփոխումների մոդելը, ըստ կառավարության սպասումների, նաև պետք է ապահովի Հայաստանի ֆինանսական շուկայում դրամային երկարաժամկետ վարկերի հնարավորություն, խթանի երկարաժամկետ հիփոթեքային վարկերի շուկայի կայացումը և նպաստի վարկերի տոկոսադրույքների իջեցմանը: Սակայն մենք այժմ ականատես ենք այդ օրենքի դեմ բողոքի ցույցերի հենց այն սերնդի ներկայացուցիչների կողմից, որոնց բարեկեցիկ ապագային պետք է որ ուղղված լիներ այս օրենքը: Հատկապես մեծ է բողոքը նոր ձևավորվող միջին խավի շրջանում (այդ թվում` ՏՏ ոլորտի առաջավոր աշխատողների), իսկ յուրաքանչյուր պետության համար միջին խավը հանդիսանում է տնտեսության զարգացման հիմնական գրավականը: Իհարկե, կարելի է ասել, որ ապագային ուղղված ցանկացած բարեփոխում, որը պահանջում է այս պահին անհատի եկամտի նվազում, միշտ էլ ցավագին է ընդունվում և առաջացնում է որոշակի դժգոհություն: Բայց դրանից չի բխում, որ պետք է անտեսել քննադատությունները և չքննարկել առաջարկությունները: Մեր կարծիքով` ցանկացած բարեփոխման հաջողության հիմքում ընկած է հասարակության լայն աջակցությունը, երբ նախապես լայնորեն քննարկվել, հաշվի են առնվել բոլոր տեսակետները, և հասարակությունն ընդունել կամ հաշտվել է այդ բարեփոխման անհրաժեշտության հետ: Դա ստեղծում է այն վստահության մթնոլորտը, որի պակասն այժմ զգացվում է Հայաստանում, ինչն էապես խոչընդոտում է երկրի զարգացմանը:

Սա արդեն պաշտոնական դիրքորոշում է, քանի որ ներկայացնում է մի մարմին, որը ստեղծվել է որպես հանրային տրամադրությունների արտահայտիչ:

Այս դիմումն ուշագրավ է նաև նրանով, որ առաջին անգամ խոսվում է, թե օրենքն ընդունվել է տակավին 2010 թվականին: Այսինքն, ընդունվել է նախկին ԱԺ կողմից, որի շատ պատգամավորներ հիմա նույնպես պատգամավոր են: Բայց արի ու տես, որ այժմ այդ օրենքին դեմ են խոսում նաև այն ուժերը, որոնք մասնակցել են օրենքի ընդունմանը, անգամ դրվատանքի խոսքերով լի ելույթներ հնչեցրել:

Իհարկե, վաղուց ենք վարժվել քաղաքական մետամորֆոզներին, սակայն այս անգամ իսկապես զարմացած ենք:

Լ.Մ.