ՄՈՆԹԵԻ ՊԵՍ ՊԱՐԶ ԷՐ ՈՒ ՇԻՏԱԿ


Նորհաճնցիները` Արցախյան ազատամարտին.ու բոլորին այսօր միավորողն իրենց Էդիկ Տոռոզյանն է

- Էդիկ Տոռոզյանի հետ ինձ ծանոթացրել է Սահակ Մաթևոսյանը: Ես ու Սահակը «Սապֆիր» գործարանում միասին էինք աշխատում: Այն ժամանակ էր, երբ ամբողջ հանրապետությունում ծրագրեր էին մշակվում, թե ինչպես տեղական բազայի վրա նռնակներ արտադրեն: Տարբեր վայրերում փորձեր էին արվում: Նոր Հաճնում այդ գործն ստանձնել էր Էդիկը: Շուտ-շուտ գալիս էր մեր արտադրամաս. գծագրեր էր բերում, բացատրում` ինչն ինչպես անել: Հետո էլի թը´խկ, թը´խկ` դուռը թակում էր, ներս մտնում ու ցույց տալիս գծագրածը: Երբեմն ես չէի համաձայնում, ասում էի` գծագիրը ճիշտ չէ: Ժպտում էր. «Նախագծող գնդապետից հո խելացի չե՞ս»: Ինքը գործը շատ լավ գիտեր և համբերությամբ բացատրում էր մեզ: Տարբեր տեսակի զենքեր էինք պատրաստում, հիմնականում` նռնակներ:

Օգոստոսի այդ օրը նռնակի արգելափակոցի առնչությամբ մեր միջև տարաձայնություն ծագեց. 0,5 մմ-ի խնդիր կար: 25 նռնակներից մեկն իր գծագրածով սարքեցինք: Վերցրեց, գնաց փորձարկելու, և այդ ողբերգությունը տեղի ունեցավ: Էդիկի մահը ցնցեց բոլորիս: Այն, ասես, հայոց նոր գոյապայ քարի սկիզբն ազդարարեց` կոչելով միասնական պայքարի: Օր-օրի հայրենասեր տղաների կապերը սերտացան: Արցախի բոլոր շրջաններից գալիս էին, դիմում զենքի խնդրով: Մինչև չփորձարկեինք` չէինք տալիս: Ես հադրութցիների հետ էի առնչվում, առանձնապես` Էրիկ Աբրահամյանի (զոհվեց 1994թ., Հորադիզում): Էրիկի եղբայրը` Էմիլը, հայտնի նկարիչ է: Իրենց հետ էի գործում: Էրիկի զոհվելուց հետո պայքարի խնդրով կապվեցի հաճնցիների հետ: Բաբկեն Մարգարյանի, Վլադիկ Մկրտչյանի, Սահակ Մաթևոսյանի, Աշոտ Սողոմոնյանի հետ գնացի Նոր Հաճնի շտաբ: Սաշիկ Առաքելյանն այնտեղ էր:

Երբ Սահակն ինձ ներկայացրեց, Սաշիկն ասաց. «Մի ղարաբաղցի էլ ավելացավ»: Սկսեցինք համագործակցել: Գենա անունով մի տղա կար, զինծառայությունը Երևանում էր անցել: Նրա միջնորդությամբ սկսեցինք հանրակացարանի դահլիճում մարզվել, կրակել սովորել, որից հետո մեկնեցինք Նոյեմբերյանի շրջանի Դովեղ սահմանամերձ գյուղ` օգնելու գյուղի պաշտպաններին: Հետո Սահակ Մաթևոսյանի, Առնո Մկրտչյանի, Սաշիկ Առաքելյանի, Նժդեհ Տեր-Անտոնյանի հետ մեկնեցինք Բերդաձոր` Հին Շեն գյուղ, որտեղ լարված իրավիճակ էր: Առնո Մկրտչյանը հրամանատարն էր, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի ղեկավարը:

Բերդաձորում Սահակ Մաթևոսյանը շատ զենքեր նորոգեց, վերացրեց անսարքությունները: Այդ գործում նա շատ հմուտ էր: Էդիկի հանձնարարությամբ ոչ միայն նռնակներ, այլև տարբեր տեսակի զենքեր էր պատրաստում. միասին էինք այդ գործն անում: Մեր պատրաստած կարաբինների փամփուշտները խոնավանալու պատճառով Բերդաձորում նպատակին չէին ծառայում: Սահակը հաստոցի առջև շատ չարչարվեց և դրանք կարգի բերեց:

Այդ լարված օրերին միշտ հիշում էինք Էդիկին, իր ոգին մեզ հետ էր: Որտեղ էլ եղել եմ` Բերդաձորում, Հադրութի գյուղերում..., միշտ հիշել եմ իր տպավորիչ խոսքը: Տողեցի Վիգենը, Վալերի Բալայանը, որքան հիշում եմ` նրա հետ նաև Շոշի Ագոն, գալիս էին Նոր Հաճն` Էդիկի մոտ, ինքնապաշտպանության համար զենք տանելու: Այդ մարդիկ անհատականություններ էին, իրական լեգենդներ: Կավաքի բարձունքից թուրքը խփում էր Տող գյուղին, տներն ավերում, իսկ Վիգենն իր ընտանիքը գյուղից չէր հանում, որ ժողովուրդը խուճապի չմատնվի:

Էդիկը Մոնթեի, Վազգենի պես պարզ էր, շիտակ, զգայուն, իր համար սուտն անընկալելի էր:

Ինքը խնդիր չէր առաջադրում, չէր ակնկալում, ինչպես Շարժման որոշ առաջնորդներ, որ հանուն իրեն պետք է այս կամ այն բանն արվի, պարզապես համոզված էր` այդ մարդը պարտավոր է դա անել: Բոլորս էինք պարտավոր, թեկուզ կյանքի գնով, պայքարել մեր հայրենիքի ազատության, անվտանգության համար:

Պատերազմն ահավոր բան է. վախեցել եմ հող կորցնել, ընկեր կորցնել, ծնողներիս կորցնել: Վախը միշտ եղել է, հաղթահարել եմ այն ու կռվել: Պայքարել-մարտնչել եմ իմ բնօրրան Հադրութի, Արցախի, Հայաստանի համար: Այսօր հաշմանդամ եմ, հիվանդ: Եթե Էդիկն այսօր ողջ լիներ, որպես զինվոր իր հետևից ո´ւր ասեր` կգնայի:

Ասպրամ ԾԱՌՈՒԿՅԱՆ