ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՉԷ


Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանից սկանդալներն անպակաս են: 13 տարուց ավելի քաղաքը ղեկավարող մարդը հաճախ է հայտնվում ամենազավեշտա կան պատմությունների մեջ, նրա արտահայտած տարբեր մտքերն են դառնում ծիծաղի առարկա: Բայց այն, ինչ հիմա կատարվում է, բնավ էլ ծիծաղելի չէ: Վերջերս ԵԿՄ Վանաձորի մասնաճյուղի ղեկավարը կարդացել է Սամվել Դարբինյանի կենսագրությունը և ապշել` այնտեղ գրված է եղել, որ Դարբինյանը մասնակցել է Արցախյան ազատամարտի գործողություններին:

Ըստ ԵԿՄ մարզային կառույցի ղեկավարի, մինչև 1994 թվականը Սամվել Դարբինյանը գրանցված չի եղել ազատամարտիկների ցուցակներում, ազատամարտին մասնակցելու որևէ փաստ ու հիմնավորում չկա: Ուրեմն, ի՞նչն է դրդել քաղաքապետին իր կենսագրության մեջ նաև ազատամարտիկ լինելու մասին «տող» հորինել: Վանաձորցիները կատակում են, թե երևի Դարբինյանը նկատի է ունեցել թաղային կռիվները, որոնց հաստա´տ մասնակցած կլինի: Իսկ ավելի լուրջ` Սամվել Դարբինյանը միակը չէ, ով իր կենսագրության մեջ ազատամարտիկ լինելու մասին գրառում է արել: Երևի դա դարձել է իմիջ կամ մի նոր առավելություն…