ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ` ՆՈՐ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ԵՐԱԿՆԵՐ
«Առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանը աշխատանքային այցով Գյումրիում էր: Նախարարի պաշտոնակատարը մասնակցել է Գյումրի և Էրեբունի Բժշկական կենտրոնների միջև հուշագրի ստորագրման արարողությանը: Ըստ այդ հուշագրի, «Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները հարկ եղած դեպքում կսպասարկեն նաև Գյումրի բժշկական կենտրոնի այցելուներին և կիրականացնեն բարդ վիրահատություններ: Հյուրերի թվում էին նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ինչպես նաև ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ»:
Ահա այսպիսի տեղեկատվություն է տարածվել: Վատ չէ, որ մայրաքաղաքի բժշկական խոշոր կենտրոններից մեկը հուշագիր է ստորագրել և պատրաստակամություն հայտնել աջակցել գյումրեցի հիվանդներին: Սակայն ոչ ոք չի ուզում ուսումնասիրել փաստը, պարզել, թե ինչն է պատճառը, որ Գյումրիում չկան համապատասխան բժիշկներ և սարքավորումներ: 1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո «Էրեբունի» բժշկական կենտրոն էին ուղղորդվում միջազգային օգնությունը, նոր սարքավորումներով բեռները, որոնք նախատեսված էին աղետի գոտու համար: Դրանք չհասան Գյումրի, աղետի գոտու բնակավայրեր. մնացին այստեղ... Տևական ժամանակ հանդիսանալով առողջապահության նախարար, Հարություն Քուշկյանը պետբյուջեի միջոցները նպատակաուղղեց իր սեփականությունը հանդիսացող բուժական հաստատութ յուն, ՀՀ մյուս բնակավայրերի հաշվին հզորացրեց սեփական բուժհաստատությունը: Այս ամենի համար նա պատասխանատվություն չկրեց, ոչ ոք չուզեց հարցնել էքս-նախարարին, թե ի՞նչ եղան այն ահռելի միջոցները, որոնք նախատեսված էին մարզային հիվանդանոցների համար...
Հիմա Քուշկյանը ձեռքերը երկարում է Գյումրի: Բնականաբար, բուժսպասարկումը լինելու է այն գներով, որոնք հաստատված են «Էրեբունիում»: