Ջեքսոնի ուրվականը
Երևի դեռ կիսատ գործեր ուներ նա երկրային կյանքում, կամ քույրն է շատ կարոտել փոփ-արքային ու տեսիլքներ է որոնում...… Համենայն դեպս Մայքլ Ջեքսոնի քույրը` Լա Թոյյան, պնդում է, որ եղբոր ուրվականը շրջում է իր մանկության տանը: Նա մասնավորեցրել է, որ արտիստի ոգին հայտնվել է Լոս-Անջելեսից ոչ հեռու գտնվող Էնսինոյի իրենց տանը:
- Պարզորոշ լսվում էր, թե ինչպես ինչ-որ մեկը պարում էր Ջեք-սոնի ոճով: Ինքն անձամբ տեսանելի չէր, բայց եղբորս ներկայությունը լիովին զգացվում էր,- կնոջ խոսքերը մեջբերել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Այդ տունը Մայքլը ձեռք էր բերել 1981-ին և երկար տարիներ այնտեղ ապրել էր իր երեխաների հետ: Լա Թոյյան համոզված է, որ մահից հետո էլ եղբայրը շարունակում է հսկել իր Պրինս, Փերիս և Բլենքեթ զավակներին, ովքեր հիմա ապրում են իրենց մոր` Քեթրինի հետ:
Փոփ-արքայի շրջող ուրվականի մասին սա առաջին հիշատակումը չէ. Լարի Քինգի NeverlΖnd շոուի համար Ջեքսոնի կալվածքում կատարված տեսակադրերում տեսանվել է ինչ-որ ստվեր, որը շատերը համարել են հանգուցյալ երգչի ուրվականը: