ՆՎԻՐՅԱԼԸ
Թերթում էի գրառումներիս տետրերը, վերհիշում անցած տարիների նշանավոր դեպքերը, որոնք հուշ էին դարձել: Թերթերի արանքից մի այցետոմս դուրս եկավ: Այցետոմսի վրա գրված էր «ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՄԱՅԱԿԻ ՍԵՎՈՅԱՆ»: Մյուս երեսին Սիս և Մասիս սարերն էին` նկարված` Արարատյան դաշտից:
Հիշողությունը ինձ տարավ 1960-70-ական թվականները, երբ կոմերիտական աշխատանք էի կատարում:
Վարազդատ Սևոյանը «Ավանգարդ» թերթի լուսանկարիչն էր: Թերթ, որը 90 տարի տիտանական աշխատանք է կատարել մատաղ սերնդի դաստիարակության ուղղութ յամբ, սերմանել հայրենասիրություն, ազնվություն, աշխատասիրություն ու նվիրվածություն, անաղարտ է պահել հայոց Մայրենին: Թերթում հրատարակված հոդվածները, ակնարկները և ուսուցանող նյութերը մեծ հաճույք են պատճառում ընթերցողներին, որոնք ունեն համ ու հոտ:
Վարազդատ Սևոյանի լուսանկարչական սարքը բազմիցս է հավերժացրել մեր գործարանի առաջավոր բանվորների լուսանկարները` նրանց հետաքրքիր ակնթարթները: Բոլոր գործերում երբեք չես շփոթի ուրիշ լուսանկարիչների հետ:
Նրա լաբորատորիայի պատին փակցված էին Մարտիրոս Սարյանի, Պարույր Սևակի, Մհեր Մկրտչյանի, Հրաչյա Ներսիսյանի, Երվանդ Քոչարի, Լուսինե Զաքարյանի և մյուս հայ մեծերի լուսանկարները, որը կատարել էր տարբեր ժամանակներում:
Աշխատանքի բերումով հաճախ էի լինում «Ավանգարդ»-ի խմբագրությունում, զրուցում թերթի աշխատողների հետ, մտքեր փոխանակում:
Վարազդատ Սևոյանը լավ ընկեր էր, ազնիվ ու զգայուն մարդ: Զրույցներից մշտապես ստացել եմ նրա բարի խրատները: Շատ էինք մտերմացել:
Տարիներ առաջ էր: Նվիրելով ինձ այս այցետոմսը, պատմել էր այցետոմս-նկարի պատմությունը, որը մնացել է հիշողությանս մեջ, որն ուզում եմ պատմել իմ բարեկամին հիշելիս:
…Թերթում տպագրվել էր իմ լուսանկարներից մեկը` Արարատյան դաշտը` հեռվում Արարատ սարը` ամպերը գլխին: Լաբորատորիա մտավ Հովհաննես Շիրազը` օրվա թերթը ձեռքին: Զայրացած էր:
- Ես Մասիսի գագաթը կուզեմ տեսնել,- ասաց նա` ցույց տալով նկարը:- Նկարում եք լացակումած, արցունքն աչքերին:
Ապա համբուրելով թերթում նկարած Մասիսը, դուրս եկավ:
Ես մեծ ցավ ապրեցի: Որոշեցի կատարել Մեծ բանաստեղծի բաղձանքը: Շատ անգամներ եմ նշանակետում սպասել, որ գտնեմ հարմար պահ` կատարելու վարպետի ցանկությունը:
Անցան երկա˜ր օրեր, ամիսներ:
Եկավ օրը: Մասիսները այնքա˜ն ջինջ էին, այնքան գեղեցիկ, արցունքի ոչ մի շիթ կանգնած չէր նրանց կատարներին: Անմիջապես հասա նշանակետ և նկարեցի…
Մի քանի օր անց նկարը հանձնեցի Շիրազին: Նա ուշադիր նայեց նկարին, համբուրեց և ասաց.
- Ես տեսա Մասիսը այս կողմից, մնաց տեսնեմ մյուս կողմից, նոր… սեղմեց կրծքին:
Ես այս նկարը դարձրեցի այցետոմս և որպես հիշատակ նվիրում են լավագույն բարեկամներիս ու ընկերներիս:
Այս պատմությունից անցել է շուրջ 50 տարի: Սիսն ու Մասիսն են նայում մեզ` Արարատյան դաշտում:
Ձյունաճերմակ Արարատը զույգ բարդիներով հանրահայտ լուսանկարը դարձել է Հայաստանի յուրօրինակ խորհրդանիշ, որի տակ գրված է` «Լուսանկարը` Վ. Սևոյանի»: