Զորակոչային հանձնաժողով
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով` 2009թ. աշնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և օրինականության ապահովման, զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումները և բողոքները քննարկելու և դրանց արագ լուծում տալու նպատակով գործում է հանձնաժողով: Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը: Զորակոչի ընթացքում քաղաքացիների ընդունելության կազմակերպման, դիմումների և բողոքների ընդունման համար հանձնաժողովի աշխատանքային օրեր են սահմանվել յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերը` ժամը 12.00-ից մինչև 16.00-ն: Իսկ քաղաքացիների ընդունելությունը տեղի կունենա ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի աշխատավայրում` Մոսկովյան 5 հասցեում: q ԵՐԵԿ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացավ Հայկ Դեմոյանի «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի «Հայկական լեռնաշխարհի բրոնզեդարյան սպառազինությունն ու ռազմարվեստը», «Վանի թագավորության պատերազմներն ու ռազմարվեստը» հատորյակների շնորհանդեսը: Շնորհանդեսին ներկան էին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Հայ բուժծառայողը հայրենիքի և իր գործի նվիրյալն է ԵՐԵԿ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի տարածքում հանդիսավորությամբ նշվեց բուժծառայողի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, բարձրաստիճան զինվորականներ, ազգային բանակի բուժծառայող ներ, հյուրեր: Ողջունելով և մասնագիտական տոնի կապակցությամբ շնորհավորելով բոլոր բուժծառայողներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորելով բուժծառայողի դերը զինված ուժերում, նշեց, որ արցախյան հերոսամարտի տարիներին մեծ է եղել բուժծառայողների դերը, և բազմաթիվ քաղաքացիական բժիշկների հենց պատերազմի դաշտում ստացան բուժծառայողի իրենց առաջին մկրտությունը, նաև հայ բուժծառայողի սխրանքի ու հերոսության շնորհիվ է կերտվել մեր հաղթանակը: Մասնագիտական տոնի կապակցությամբ մի խումբ բուժծառայողներ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով արժանացան գերատեսչական պարգևների: Միջոցառման ավարտին Ս. Օհանյանը եղավ կենտրոնական զինվորական պոլիկլինիկայի վերանորոգված մասնաշենքում, շրջեց աշխատասենյակներում, ծանոթացավ կատարված աշխատանքներին: Ս.Օհանյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Հանս Յոխեն Շմիդտին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու և Գերմանիայում նոր կառավարության ձևավորման կապակցությամբ` Ս. Օհանյանը հույս է հայտնել, որ նոր կառավարության և նոր դեսպանի գործունեության ընթացքում էլ ավելի կամրապնդվեն երկու պետությունների բարեկամական հարաբերությունները, համագործակցությունը կթևակոխի որակական նոր փուլ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ երկկողմ համագործակցությունը` այդ թվում նաև պաշտպանական ոլորտում, տարեցտարի զարգանում է` ընդգրկելով նոր ոլորտներ: Այդ առումով բարձր գնահատվեց ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Պաուլուսի աշխատանքը: Հայ-գերմանական համագործակցությունն ակտիվորեն զարգանում է ռազմական կրթության, բժշկության, արդարադատության, խաղաղապահության բնագավառներում, գերմանական կողմի աջակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունում ստեղծվել և գործում է գերմաներենի դասավանդման կենտրոն: Երկկողմ համագործակցության ամենամյա ծրագիրը ներառում է փորձագիտական քննարկումներ, փոխայցելություններ, դասընթացների կազմակերպում: Նախատեսվում է 2010թ.-ից Գերմանիայում ՀՀ դեսպանությունում հիմնել ռազմական կցորդի գրասենյակ: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը դեսպանին փոխանցեց Գերմանիայի պաշտպանության նոր նախարար, դոկտոր Գուտենբերգին ուղղված շնորհավորական և նախկին նախարար, դոկտոր Յունգին ուղղված շնորհակալական նամակները: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն