ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԵՐԿՆՔՈՒՄ ԳԵՐՎԱԾՆԵՐԸ
(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-58-ում)
ՇՈՂԵՐ _ Ես երևի թե վատ նկարիչ չեմ, բայց միշտ ծուլացել եմ, չեմ ստեղծել այն, ինչ կարող էի: Չեմ ստեղծել իմ լավագույն գործը: Կուզեի հետ գնալ, լրացնել բացը:
ՍԵԴԱ _ Ես էլ կյանքում չարեցի այն, ինչ կարող էի, ինչի ունակ էի: Կուզեի կյանքիս թեկուզ մի մասը վերապրել նորից:
ՍԵՆԻԿ _ Ես մի օր կրակեցի մի եղնիկի վրա, և մինչև օրս խիղճս տանջում է: Կուզեի հետ գնալ, համբուրել նրա կաղացող ոտքը:
ՇՈՂԵՐ _ Ես իմ ուսուցչին երախտահատույց այդպես էլ չեղա...
ՏԻԳՐԱՆ _ Ես ներողություն պիտի խնդրեմ...
ՇՈՂԵՐ _ Ես օգնության պարտք ունեմ...
ՍԵՆԻԿ _ Ա˜… (Անհանգիստ քայլում է): Ո˜նց էի մոռացել… Ես մի հին խաչքար եմ գտել: Եվ դրա տեղը գիտեմ միայն ես: Հողը պիտի քանդեի, հանեի լույս աշխարհ, բայց… Ո՞վ կմտածեր, թե ամեն ինչ այսպես անակնկալ կլինի:
ՏԻԳՐԱՆ _ Իսկ ես… Ես բացահայտել եմ նոր գաղտնիք. գույների գաղտնիքը: Նոր ներկ եմ ստեղծել: Նմանը չունեցող ներկ: Այն ստանալու գաղտնիքը գիտեմ միայն ես, ու եթե ոչ մեկին չասեմ…
ՍԵՆԻԿ _ (Նորից հարձակվում է պատի վրա, արագ-արագ խփում): Ես պիտի հանեմ խաչքարը: Լսո՞ւմ եք…
ՇՈՂԵՐ _ Արդեն ո´ւշ է... Ո˜ւշ է...
ՍԵԴԱ _ Ամեն ինչի համար ուշ է, և ժամն է արդեն դատաստանի:
ՇՈՂԵՐ _ (Մի կարճ պահ անց` Սեդային) Իսկ դու զղջո՞ւմ ես քո արածների համար:
ՍԵԴԱ _ (Հանկարծ սկսում է խոսել կռվազան տոնով): Այո´, զղջում եմ:
ՇՈՂԵՐ _ Եթե քեզ հնարավորություն տրվեր նորից մի կյանք ապրել, ինչպե՞ս կապրեիր:
ՍԵԴԱ _ Եթե այստեղ իսկապես սա է համարվում արդար, ես կապրեի... բոզի´ նման: (Բոլորը զարմացած նայում են նրան):
ՇՈՂԵՐ _ Ինչպե՞ս... դո՞ւ...
ՍԵԴԱ _ Այո´, ես զղջում եմ, որ լրբություն չեմ արել: Եվ դա եղել է սաստիկ անարդար: Ընդունում եմ մեղքս: Թող ինձ գցեն դժոխք: Գուցե խիղճս այնտեղ մի քիչ հանգիստ լինի:
ՍԵՆԻԿ _ Մի՞թե իսկապես դու զղջում ես, որ …
ՍԵԴԱ_ Այո´… Եվ անգամ` խիղճս տանջում է:
ՍԵՆԻԿ _ Եվ ինչո՞ւ: Պատճա՞ռը:
ՍԵԴԱ _ (Կարճատև դադարից հետո, կարծես ընկնելով հիշողությունների մեջ) Մի ժամանակ ես գեղեցիկ էի: Անչա˜փ գեղեցիկ… (Հնչում է մեղմ երաժշտություն): Քանի˜-քանիսը սիրահարվեցին… Ինձ ասում էին երկնային փերի, սիրո հեքիաթ… Քանի˜-քանիսը ինձ սեր խոստացան: Ինձ սիրում էին խելագարի պես… Եվ հատկապես` նա… (Երաժշտությունը դադարում է):
ՇՈՂԵՐ _ Հետո՞:
ՍԵԴԱ _ (Ռոմանտիկ հիշողություններից դուրս եկած) Հետո, ինչպես լինում է հաճախ ինձ նման աղջիկների դեպքում, իմ տաղանդն էլ փայլատակեց…
Հսկա նախրի մեջ մի հայացքով գտա միակ ավանակին ու պաչեցի ճակատը:
ՏԻԳՐԱՆ _ Իսկ երբ տաղանդն ունենում է այդպիսի փայլատակում, դրան հաջորդում է ուղեղի մթագնումը…
ՍԵԴԱ _ Այո´, հաջորդում է… Ամուսնացանք, և հասկացա, թե նա որքան է անարժան իմ գեղեցկությանը: Հասկացա, բայց արդեն ուշ էր: Ինչ-որ ավանակ էր արդեն այդ գեղեցկության տերը: Իսկ նա, նա´, որ իսկապես արժանի էր դրան, երբեք չտեսավ, երբեք չհասավ… (Հեգնանքով) Չէ՞ որ ես, ես խիստ բարոյական էի: Հավատարիմ կին, ամուսին էի: Եվ ո՞ւմ, ո՞ւմ էի այդպես հավատարիմ… Իսկ նա, իսկ նա չդիմացավ: Ինքնասպան եղավ: Ու ես էլ դրանից հետո տեսնում եմ ցնորքներ, ինչ-որ պատրանքներ…
Դրանից հետո ես էլ Ձեզ նման դարձել եմ խելառ: Ես էլ ձեզ նման, երբ գալիս է ժամանակը, անցնում եմ բուժման հերթական կուրսը:
Դատեցե´ք ինձ, ես մեղավոր եմ: (Բոլորը լռում են: Չգիտեն` ինչ ասեն): Իսկ դու, դու ինչո՞ւ, Տե´ր, լուռ մնացիր, հը՞: Ինչո՞ւ դու ոչինչ, ոչինչ չարեցիր: Պարանը ինչո՞ւ դու ձեռքից չառար: Դատելը հեշտ է: Ահա` ձեր առաջ եմ ես` մեղավորս, դժո´խք ուղարկեք: (Կրկին տիրում է լռություն):
ՍԵՆԻԿ _ (Սեդային) Իսկ ինչպե՞ս, ասա, կվարվեիր դու, եթե դատողը ինքդ լինեիր: Փորձեք դատել ինձ:
ՍԵԴԱ _ (Քիչ անց, փոքր-ինչ դերասանական տոնով, քամահրանքով) Դատեմ քե՞զ, ով մարդ, փոքրիկ մոլեկուլ: Տիեզերքի մեջ` դու թշվառ էակ, դժբախտ արարած… Ո´չ, քեզ դատելով ոչինչ չի փոխվի: Մեղադրյալը այսօր… (ցույց է տալիս վերև) նա է` Աստվածը… (Բոլորը վախից ցնցվում են):
ՇՈՂԵՐ _ Այդ ի՞նչ ես խոսում: Այդպես չի լինի:
ՍԵԴԱ _ Ինչո՞ւ չի լինի: Թող որ այսօր էլ հենց այսպես լինի:
ՍԵՆԻԿ _ Դու երևի ուզում ես քո տեղը դժոխքում ապահովե՞լ: (Կատակով) Մի´ շտապիր, կհասցնես:
ՏԻԳՐԱՆ _ Չէ´: Ճիշտ է անում: Հետո ուշ կլինի: Իսկ ես Աստծուն բան ունեմ ասելու… Ինչքան հասկացա (ցույց է տալիս ներքև) այնտեղից խոսելիս շան տեղ չեն դնում: Այստեղ մենք Աստծուն բավական մոտ ենք: Գուցե և լսի:
ՍԵԴԱ _ (Նայում է վերև): Ինձ պատժիր, Տե´ր իմ, ես համաձայն եմ, բայց թույլ տուր մի օր, թեկուզ մի օր էլ մարդը դատի քեզ: (Քիչ անց) Չէ´, ճիշտ կլինի, որ ոչ թե մարդը քեզ այսօր դատի, այլ մեկ այլ Աստված:
ՇՈՂԵՐ _ Այլ Աստված չկա:
ՏԻԳՐԱՆ _ Իսկ մենք ի՞նչ գիտենք: Գուցե նաև կա: Գուցե մեր Աստված Աստված է միայն անվերջանալի այս տիեզերքի միայն մի մասում: Եվ գուցե մի օր տիեզերքների այդ աստվածների Աստված որոշի դատել մեր Աստծուն…
ՍԵԴԱ _ Այնպես որ, հիմա մեղադրյալի աթոռին դու ես լինելու, ով Տե´ր:
Հանկարծ զարկում է կայծակ, լսվում է հուժկու որոտ: Բոլորը մի պահ քարանում են: Պատի մեջ կրկին բացվում է դուռ: Դանդաղ, ծանր քայլերով գալիս է հանդերձյալ աշխարհի ինչ-որ էակ` սև զգեստներով, գանգի նմանվող գլխով: Հայացքը բոլորի վրայով սահեցնում է, խոսում բավական ազդու:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Ո˜վ դժոխքի´ զավակներ, ժամն է հիմա ձեր: (Տիրում է կարճատև լռություն):
ՏԻԳՐԱՆ _ Ինչի՞ ժամը, տե´ր:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Հաշվետվության: Ժամն է հիմա ձեր հաշվետվության:
ՍԵԴԱ _ Հաշվետվությա՞ն, թե դատաստանի… Մեղքերի համար հաշիվ չեն տալիս: Դատապարտվում են, որքան ես գիտեմ:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Ո˜չ: Ես արածների հարց չեմ քննում: Ես դատ եմ անում չարածի´ համար:
ՇՈՂԵՐ_ Չարածի՞… համար:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Այո´, չարածի: Բայց ինչո՞ւ այդպես ազատ շնչեցիք:
ՏԻԳՐԱՆ _ Դե, երբ ներս մտար, մենք կարծեցինք, թե…
ՍԵՆԻԿ _ Չէ՞ որ մի բան է դատվել արածի և մեկ ուրիշ բան` չարածի համար:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Մատով ցույց է տալիս Սենիկին): Այ դո´ւ, օրինակ, մարդ սպանե՞լ ես:
ՍԵՆԻԿ _ Ո˜չ, ի՞նչ ես ասում: Ես այդ մի հարցում անմեղ եմ իրոք:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Տիգրանին) Սուտ խոսե՞լ ես դու:
ՏԻԳՐԱՆ _ Դե, հա, եղել է… Բայց ես էլ երբեք մարդ չեմ սպանել: (Հետագա խոսակցությունն ընթանում է ճեպազրույցի նման):
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Սեդային) Շնությո՞ւն…
ՍԵԴԱ_ Չէ ´, դա չեմ արել:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Շողերին) Գայթակղե՞լ ես:
ՇՈՂԵՐ _ Հա: Պատահել է:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Տիգրանին) Աչքդ գցե՞լ ես ուրիշի կնոջ:
ՏԻԳՐԱՆ _ Չեմ կարողացել… աչքերս փակել:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Սենիկին) Գողությո՞ւն…
ՍԵՆԻԿ _ Բնա´վ:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ (Շողերին) Պիղծ արա՞րք…
ՇՈՂԵՐ _ Երբե´ք:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Մարդ չեք սպանել ու չեք գողացել և այդքանով ձեզ անմե՞ղ եք կարծում:
ՏԻԳՐԱՆ _ Ո´չ: Ասացինք, չէ՞, բոլորս էլ ինչ-որ մեղքեր գործել ենք: Չգիտեմ` ասեմ` զանցանք, թե հանցանք: Այդքանն է եղել:
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Այդքանն է եղել… Այդքանը միայն մեծ սառցալեռի մասն է մի չնչին: Այն մասը, որը վերև է ջրից և տեսանելի: Չէ՞ որ ասացի` ես արածների հարց չեմ քննում և դատելու եմ չարածի´ համար:
ՍԵԴԱ _ Բայց… ինչի՞… համար…
ՀԱՆԴԵՐՁՅԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԷԱԿ _ Դա մտածեք դուք… (Շրջվում է, որ գնա): Իսկ մենք դեռ իրար կտեսնենք… (Հեռանալով` ինքն իրեն, ասես մտքում խոսում է այնպես, որ բոլորը լսեն): Եվ ինչո՞ւ են այս մարդիկ միշտ կարծում, թե պիտի դատվեն արածի համար: Եվ ինչո՞ւ նրանց մտքով չի անցնում, որ չարածն իրենց հաճախ ավելի, շատ ավելի մեծ հանցանք է ու մեղք… (Եվս մեկ անգամ հետ նայելով` գնում է):
Դուռը փակվում է: Տիրում է լռություն: Բոլորը մտախոհ են:
Նորից լսվում է երկնային ինչ-որ էակի ձայն:
ՁԱՅՆ _ Ո˜վ տառապյալ հոգիներ, ձեզ նամակներ եմ բերել: (Վերևից ընկնում է նամակների փոքր տրցակ: Բոլորը զարմացած նայում են վերև, ապա` իրար):
ՏԻԳՐԱՆ _ Նամակնե՞ր… Զարմանալի է: Մի՞թե այստեղ էլ փոստ կա…
ՍԵՆԻԿ _ (Տրցակը վերցնելով) Այո´, իսկապես նամակներ են: (Սկսում է բաժանել): Տիգրան… Սեդա… Սա իմն է… Շողեր: (Ծրարներն անհամբերությամբ, արագ-արագ բացում են, և բոլորի դեմքին դրոշմվում է զարմանքի կնիքը):
ՏԻԳՐԱՆ _ Այ քեզ նամա˜կ… Այս գրությունը ես ստացել եմ… դժոխքից:
ՍԵՆԻԿ _ Ես էլ:
ՍԵԴԱ _ Իմն էլ է այնտեղից:
ՇՈՂԵՐ _ Եվ` իմը:
ՏԻԳՐԱՆ_ (Նամակը շուռումուռ տալով) Բայց մի՞թե այսպես լինում է: Չլինի՞ թե մեզ ծաղրում են: Կարծում են` իսկապես գիժ ենք:
ՍԵԴԱ _ Եվ ինչո՞ւ` բոլորը դժոխքից:
ՏԻԳՐԱՆ _ (Կարդում է բարձրաձայն): «Իմ սիրելի Տիգրան, ես այն ոգին եմ, որը իր նախորդ կյանքը ապրել է ձեր գյուղին մոտիկ` թավուտ անտառում: Ապրել քո սիրած ճերմակ շլդիկի` նապաստակի մեջ…(Սկսում է կարդալ մտքում):
ՍԵԴԱ _ Ինձ գրել է մի ոգի, որն անցած կյանքում, այսպես ասած, եղել է գայլ:
ՍԵՆԻԿ _ Հետաքրիր է… Իսկ ինձ գրել է մի ոգի, որը ապրել է մարմնի մեջ մաքու: Խնդրել է` կարդամ, որ լսի Աստված:
ՇՈՂԵՐ _ (Կարդում է): «Ձեզ ոգիներն են գրում այն թշվառ, որ նույնպես ապրել ու տառապել են կենդանիների մարմինների մեջ»:(Ամեն մեկը կարդում է իր ստացած նամակը: Յուրաքանչյուրի խոսքից լսելի են դառնում միայն բարձրաձայն արտասանած նախադասությունները):
ՍԵԴԱ _ «Ես էլ չեմ ուզում լինել արնախում: Էլ չեմ ցանկանում ապրելու համար այլ կյանքեր խլել…»: Ա´յ քեզ դաժան գա˜յլ…
ՏԻԳՐԱՆ _ «Մի´ կարծիր, Աստվա´ծ, թե խնդրելու եմ, որ ինձ ազատես գայլի երախից…»: Ահա և ձեզ` վախկոտ նապաստակ…
ՍԵՆԻԿ _ «Իմ ձագուկը, Տե´ր, որ մի սիրունիկ ամլիկ է ճերմակ…»
ՏԻԳՐԱՆ _ «Ես գիտեմ` որքան անոթի է նա` գայլը այդ թշվառ: Գիտեմ, թե որքան քաղցած են հիմա ձագերը նրա…»
ՇՈՂԵՐ _ «Մենք ցանկանում ենք իմանալ մեկ բան. ո՞րն է աշխարհում կենդանիների գործած հանցանքը»: Եվ մենք էլ սրանց կոչում ենք գազան…