Պոլիկլինիկական ծառայությունը նորովի՞


Բուժծառայության առաջնային օղակը` պոլիկլինիկական ծառայությունը, այս տարվա սկզբից դարձավ անվճար: Պետությունը վերջապես միջոցներ գտավ` առաջնային օղակը ֆինանսավորելու համար: Սոցիալականորեն շատ կարևոր այս խնդրի հիմքում, ըստ ամենայնի, պետության այնպիսի քաղաքականություն է, երբ ավելի ճիշտ ու հեշտ է բնակչությանը նախ առողջ պահելը, քան հիվանդությունը բուժելը: Ինչպիսի՞ արդյունավետությամբ է աշխատել նոր կարգը, ի՞նչ է ցույց տալիս իրավիճակը, արդյո՞ք մարդիկ լիարժեքորեն են օգտվում իրենց ընձեռված հնարավորությունից, որի մասին մինչ այս երազում էին միայն: Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Արմեն Սողոյանի ներկայացրած թվերը փաստում են, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի (երբ առաջնային բժշկական օղակում մատուցվող ծառայությունները հիմնականում վճարովի էին) համեմատ այս տարի այցերի թիվն էականորեն ավելացել է: Առաջին կիսամյակում Երևան քաղաքում տեղամասային այցերը կազմել են 305 հազար 642: Շուրջ 30 տոկոսով աճել են թերապևտների, 20 տոկոսով` մանկաբուժների այցերը: Գրեթե կիսով չափ ավելացել են նեղ մասնագետների այցերը, մի փոքր պակաս` լաբորատոր և գործիքային հետազոտությունները: Այս և բերված այլ թվերը միանշանակ մի բան են ապացուցում. դրանց հետևում մարդիկ են կանգնած, ովքեր մինչ առաջնային օղակի անվճարացումը նույնպես ունեցել են առողջական խնդիրներ, հետևաբար` բժշկի դիմելու և հետազոտվելու անհրաժեշտություն, սակայն նրանց մեծ մասը չի համարձակվել մոտենալ պոլիկլինիկաների դռներին, որովհետև գրպանները դատարկելու հնար չի ունեցել: Մարդիկ հիմա ավելի ազատ են նաև շտապօգնություն կանչելու մեջ (նույնպես անվճար է): 15 հազարով էլ այս կանչերն են ավելացել: Իսկ վերջին երկու ամիսներին` էլ ավելի: Եվ, իհարկե, դա ուղղակիորեն կապվում է առանձնապես շոգ եղանակի հետ, որպիսին վերջին հարյուրամյակում Հայաստանում չի գրանցվել: Որոշ հիվանդություններ շոգի նկատմամբ «զգայուն» են և արագ «արձագանքում» են բարձր ջերմությանը` առաջացնելով առողջական լուրջ խնդիրներ: Իսկ ինչպե՞ս է արձագանքում շոգին ՀՀ աշխատանքային օրենսդրությունը: Ահավասիկ հարևան Վրաստանի օրինակը. աշխատանքային օրը կրճատվեց: Իսկ Հայաստանում որոշակի ընդմիջումների կարգ այդպես էլ չսահմանվեց, թեև մենք շոգի պակաս պիկ չունեցանք: «Արդեն սպասվում է ջերմաստիճանի անկում»,- հանգստացնում է Ա. Սողոյանը: