ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է ՇԱՐԺՄԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ


Բուհերում վարձերի բարձրացման առիթով բողոքի ակցիաների նախաձեռնողների` Ներազգային շարժման ղեկավար Վահան Մարտիրոսյանը «Ավանգարդ»-ի խնդրանքով պարզաբանեց իրենց մոտեցումներն ու դիրքորոշումները.

- Ներազգային շարժումը Հայաստանի Հանրապետության ուսանողության անունից պահանջում է կասեցնել սույն թվականի մայիսին, ռեկտորների խորհրդի կողմից ընդունած որոշումը, ըստ որի նախատեսվում է բարձրագույն կրթական հաստատությունների ուսման վարձավճարների 80-ից 200 հազար դրամ բարձրացում: Մենք համարում ենք, որ այդ չհիմնավորված և հանցավոր որոշումն ուղղակիորեն սպառնում է ՀՀ ազգային շահին, քանզի դա կհանդիսանա ավելի քան ծանր հարված ՀՀ շարքային քաղաքացու` առանց այդ էլ ծանր սոցիալական վիճակին: Կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ իր գործունեության ռազմավարական ուղղություններից է գիտական ոլորտների զարգացումը, իսկ ուսման վարձերի բարձրացումը ուղղակիորեն հակասում է նման հայտարարությանը, քանզի այն շատ և շատ շնորհալի երիտասարդների կզրկի կրթություն ստանալու հնարավորությունից: Հետևաբար, մոտ ապագայում մենք կունենանք որակյալ կադրերի զգալի պակաս, ինչը անթույլատրելի է` հաշվի առնելով տարածաշրջանային պայթյունավտանգ իրավիճակը: Նման որոշումները նաև անխուսափելիորեն կնպաստեն ազգի դեգրադացմանն ու ուսումնատենչ երիտասարդության զանգվածային տեղահանմանը` դեպի շատ ավելի մատչելի ու հասանելի եվրոպական երկրների կրթական համակարգեր: Իսկ մեր` առանց այն էլ օրեցօր աճող արտագաղթի պայմաններում դա ոչ այլ ինչ է, քան միտումնավոր ազգաոչնչացում:

Լ. Մ.