ՄԵԿ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՅՈՒՐԱՑՈՒՄ 


 

Տասներեք տարի շարունակ Գյումրիում ամեն ինչ հպատակվել է մի անձի կամքին ու թելադրանքին: Եվ բոլոր գործարքների առանցքում հառնում է Վարդան Ղուկասյանի անունը:…

Անշուշտ, մենք մեզ իրավունք չենք վերապահում գնահատականներ տալու կատարվածին, քանի դեռ քրեական գործերը չեն մտել վարման փուլ, սակայն ուզում ենք նաև հիշեցնել Տարածքային կառավարման նախարարությանը, որ հարկավոր է հսկողություն իրականացնել ՏԻ մարմինների նկատմամբ, թույլ չտալ, որ համայնքապետերն իրենց տեղական իշխանիկներ ու սեփականատերեր հռչակեն և վարվեն բյուջեի հետ այնպես, ինչպես իրենց կամքն է թելադրում:

Պարզվում է, որ Գյումրու նախկին աստվածապաշտ ու աստվածավախ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բնավ էլ մաքուր չի եղել իր ֆինանսական գործունեության մեջ և անընդհատ Աստծո անունը տալով ու եկեղեցաշեն գործչի իմիջ ձևավորելով` ահռելի յուրացումներ է կատարել: Նրա պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում միայն 440 մլն դրամի կեղծ ասֆալտապատման մասին վկայող փաստաթղթեր են հայտնաբերվել: Այս մասին արդեն իրազեկում են պաշտոնական աղբյուրները, նյութեր են պատրաստվում քրեական գործերի հարուցման համար:

Ինչպես կեղծ ասֆալտապատման, այնպես էլ աղբահանության, ծառատնկման ոլորտներում տարիներ շարունակ կեղծ տվյալներ են ներկայացվել, չարվածը մատուցվել է որպես կատարված ու առիթ տվել, որպեսզի քաղաքային բյուջեից ահռելի ֆինանսական միջոցներ հոսեն դեպի...

Առայժմ չենք կարող ասել, թե` դեպի նախկին քաղաքապետի գրպանը, որովհետև առավել հիմնավոր փաստեր են պետք, դեռ Վարդան Ղուկասյանը պիտի ներգրավվի որպես կասկածյալ: Սակայն կարող ենք վստահորեն պնդել, որ քաղաքապետարանում ոչ մաքուր գործեր են արվել: Եթե խնդիրը վերաբերում է ասֆալտապատմանը, աղբահանությանն ու ծառատնկմանը, ապա, բնականաբար, պետք է հիշատակվի ոլորտները կառավարող բաժինը, նրա պետ Հովհաննես Գրքիկյանը:

Գյումրիում, իհարկե, չեն էլ կասկածում, որ ամեն ինչ արվել է քաղաքապետի մտերմագույն ընկեր Գրքիկյանի ձեռքերով, ով շատ կարճ ժամանակամիջոցում այս քաղաքի ամենահարուստ մարդկանցից մեկն էր դարձել: Բայց հազիվ թե Գրքիկյանը ինքնագլուխ ու մեն-մենակ տնօրիներ այս գումարները, եթե «դաբրո» չունենար: Քաղաքում միշտ էլ այն կարծիքն է թևածել, որ Վարդան Ղուկասյանն ինքն անձամբ երբեք կաշառք չի վերցրել, երբեք «մութ գործարքներն» իր ձեռքերով չի արել` այսպես չկամենալով գետնին հավասարեցնել իր աստվածապաշտի հեղինակությունը: Ու հենց այսպես նա բոլոր կասկածները վանել է իրենից` միաժամանակ բյուջեն ամբողջապես իրեն հպատակեցնելով…

Հիմա, ինչպես ասում են, եկել է քարերը ժողվելու և պատասխան տալու ժամանակը: Իրավապահ մարմինները մեզ չտեղեկացրեցին, թե ինչ կարգավիճակով է հանդես գալու Վարդան Ղուկասյանը սկսվող քննչական գործընթացում, սակայն հազիվ թե նրան հաջողվի խույս տալ պատասխանատվությունից: Ի դեպ, Գյումրիում շշուկներ են նաև տարածվում նախկին քաղաքապետի այլ գործարքների, սեփականաշնորհած օբյեկտների մասին: Արդեն հայտնի է, որ նա «ջրի գնով» սեփականաշնորհել է շատ օբյեկտներ` հետագայում դրանք վաճառելու համար...

Երբ քաղաքապետ դարձած Բալասանյան Սամվելն անընդհատ ահազանգում էր յուրացումների մասին, շատերը ծաղրում էին նրան` կարծելով, թե ԲՀԿ-ական քաղաքապետն ուրվականների որս է սկսել: Սակայն այսօր արդեն պարզ է, որ Գյումրիում այնպիսի «գործեր են արվել», որոնք պարզելու համար մեծ ժամանակ ու հետևողական աշխատանք է պետք:

Լ.Մ.