ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐ ԿԱՇԻՆ ՉԻ ՓՈԽՈՒՄ
Ինչպես նշում են բազմաթիվ լրատվական աղբյուրներ, Բաքվում զարմացած են Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի` Երևանում արած այն հայտարարությունից, թե քաղաքացիական օդանավեր խփելն անընդունելի է:
Ինչպես գիտենք` Ադրբեջանում շարունակում են պնդել, թե պատրաստվում են գնդակոծել այն ինքնաթիռները, որոնք կիրականացնեն Երևան-Ստեփանակերտ թռիչքները: Գիտենք նաև, որ ինչպես Ռուսաստանը, այնպես էլ եվրոպական կառույցներն ընդամենը կարծիքներ են արտահայտել` այդպես էլ վերջնական ու վճռական հակահարված չտալով Ադրբեջանի հայտարարություններին: Մինչդեռ աշխարհին է հայտնի, որ քաղաքացիական ինքնաթիռներ գնդակոծելու մասին ցանկացած հայտարարություն անմիջապես դատապարտվում է, տվյալ երկրի նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ:
Ադրբեջանի պարագայում` շատ միջազգային կառույցներ բավարարվում են դեկլարատիվ հայտարարություններ անելով և լռելյայն հետևելով, թե Ալիևի պետությունն էլի ինչ նոր սպառնալիքներ կկախի Ղարաբաղի ու Հայաստանի գլխին:
- Միլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն կարծում է, որ «միջազգային ասպարեզում Թբիլիսին Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները ղարաբաղյանի հետ նույն շարքում չի դնում, այդ իսկ պատճառով Ադրբեջանը չպետք է հանդես գա հօգուտ Վրաստանի տարածքային ամբողջականության»: Վրաստանի այդպիսի դիրքորշումը հակասում է Ադրբեջանի ազգային հետաքրքրություններին, ուստի Բաքուն պետք է այդ երկրի վերաբերյալ իր նախկին կուրսի հետ կապված շտկումներ կատարի:
Ահա նման հայտարարություն են արել Բաքվում` այժմ էլ թշնամի դիտելով Թբիլիսիին, որը միշտ էլ պաշտպանել է ադրբեջանական շահերն ու երբեմն հանդես եկել ընդդեմ Հայաստանի ու Արցախի:
Հիմա Ադրբեջանում սկսել են հակավրացական գործողությունները` միաժամանակ փորձեր անելով արդարացնել իրենց, ծխածածկույթ տարածել Ալասանիայի հայտարարության և սեփական դիրքորոշումների վրա: Այսպես, խորհրդարանի պատգամավոր, քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովն ակնհայտ կեղծիքների դիմելով, կարծում է, որ իրավիճակը չպետք է ողբերգականացնել:
- Նրան Երևանում հարցրել են` նա էլ պատասխանել է: Մարդկանց 99 տոկոսին եթե հարցնեն, արդյո՞ք պետք է խփել քաղաքացիական օդանավերը, նրանք կասեն` «ոչ, չի կարելի»: Սակայն եթե նույն Ալասանիային հարցնեն` կարելի՞ է այդ թռիչքներն իրականացնել առանց Ադրբեջանի համաձայնության ու թույլտվության, նա հաստատ նորից կասի «ոչ»:
Այնուհետև պատգամավորն ասել է.
- Եթե դուք ինձ հարցնում եք` կարելի՞ է խփել քաղաքացիական օդանավերը, ես ասում եմ` «ոչ»: Իսկ ստիպել վայրէջք կատարել` կարելի է: Այնպես որ, սրանք տարբեր բաներ են:
Ստացվում է, որ Ադրբեջանում հերթական «խաղերն» են տալիս` նպատակադրված լինելով խփել ինքնաթիռները: Այժմ էլ շրջանառության մեջ են դնում հարկադիր վայրէջքի գաղափարը: Ուրեմն, ինչպես ժողովուրդն է ասում, կարմիր կովն իր կաշին չի փոխում...