Նորից Չարենցի հետ 


 

Ի՞նչն է մեզ մղում ամեն անգամ անդրադառնալու Չարենցին, նրա ծննդյան օրվան նվիրված միջոցառումները դարձնելու բազմամարդ... Մենք ապրում ենք մի պատմական ժամանակաշրջանում, երբ ազգային շատ արժեքների նկատմամբ անտարբերություն է ձևավորվել, երբ մեր հարևաններն անվերջ ու անդադար սեփականում են մեր ունեցված քը` փորձելով աշխարհին ներկայանալ իբրև հնագույն ցեղ ու քաղաքակրթություն: Ու երբեմն դա նրանց հաջողվում է, որովհետև մենք չափազանց անտարբեր ենք մեր ունեցածի հանդեպ: Երբեմն ինքներս ենք մեր անհոգությամբ նպաստում նաև մշակութային արժեքների հանդեպ ոտնձգություններին: Եղիշե Չարենցն ու ազգային մյուս մեծություն ները կարծես հրամայում են մեզ` միշտ լինել մեր արմատներին մերձ ու հավատարիմ, միշտ պահպանել այն ամենը, ինչը ստեղծվել է դարերի ընթացքում ու դարձել մեր ինքնության յուրահատուկ վկայագիրը: Չարենցը հուշում է, զգուշացնում, նաև` ահեղ ահազանգ հնչեցնում: Ուրեմն, մեծերի դասերը մեզ պետք են ամեն օր ու ամեն ժամ, մեծերի դասերը մեզ պետք են` ամրապնդելու մեր արմատներն ու առաջ գնալու:

Եղիշե Չարենցը բոլոր ժամանակների հայ մեծագույն բանաստեղծներից է, ազգային ինքնության հաստատման ճանապարհին կանգնած հզոր անհատականություն, ով ստեղծեց սեփական ժամանակը` մի ողջ ժողովրդի պարտադրելով ապրել այդ ժամանակի մեջ ու մշտապես նայել դեպի հեռուն, դեպի գանգրահեր տղաների ապագան, դեպ ազգային երազի իրականացումը... Մարտի 13-ին հերթական անգամ մայրաքաղաք Երևանի գրասեր հանրությունը` գրողներ, արվեստագետներ, մեծաթիվ աշակերտներ հավաքվեցին Չարենցի արձանի մոտ` նշելու եղերական ու հանճարեղ, իր առեղծվածով բոլորին զարմացնող Բանաստեղծի ծննդյան օրը: Հանդիսավար` ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Ազատ Գասպարյանն իր խոսքը սկսեց «Երկիր Նաիրի» վեպ-պոեմից մի հատվածի ընթերցանությամբ.

-Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության և դեպի նո´ր Ավարայր, նո´ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե´ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե´զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը և հայրենիքի փառքը, կանչում է քե´զ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն` հանուն կրոնի և հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ´, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը: Եվ նրանք չէ, այո´, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետև դո´ւ, դո´ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները և ո´չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը` թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն..

Ապա նա անդրադարձավ չարենցյան տաղերին` այսպես կարևորելով ժողովրդի ու պատմության, նրա նշանավոր անհատի անմահությունը... 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ