ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՍԻՐԵԼԻ ՆԿԱՐԻՉԸ
«Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի երկարամյա գեղարվեստական խմբագիր, գեղանկարիչ Հովնան Կարապետյանը 65 տարեկան է:
Տարիներ շարունակ մանուկ և պատանի ընթերցողները (և ոչ միայն նրանք) մի առանձին բավականությամբ են դիտել-վայելել վաստակաշատ արվեստագետի նկարազարդումները: Արվեստագետ, ով «Աղբյուրի» (նախկինում` «Պիոներ») լավագույն նկարիչների` Գ. Խանջյանի, Ս. Ստեփանյանի, Հ. Հակոբյանի, Հ. Սիրավյանի, Ալ. Գրիգորյանի, Կ. Սմբատյանի և այլոց «կախարդական» դպրոցն անցած, իր յուրահատուկ գունաշխարհն է բերել, աչքի ընկել մանկաշխարհի իր սեփական կախարդական, հեքիաթային-ի րական մանրամասներով, հոգու խորքերը թափանցող «խորհուրդներով»...
Որպես այցեքարտ, մեջբերեմ հատվածներ «Աղբյուրի» գլխավոր խմբագիր Թադևոս Տոնոյանի բնութագրող խոսքից, ուր առկա է և´ զարմանք, և´ հիացում...
- ...Հովնան Կարապետյանը անկեղծ, ազնիվ, խորքաշատ մարդ և նկարիչ է: Ստացել է հիմնավոր և լուրջ կրթություն: Ես ծանոթ եմ նրա աշխատաոճին, ոգևորության և հոգեկան ելևէջումների պահերին:
...Հովնանը, որպես նկարիչ-ձևավորող, եզակի շնորհքով օժտված արվեստագետ է` իր ձեռագիր-երփնագրով: Խորաթափանց մարդ լինելով` մարդկային հարաբերություն ները կարողանում է քննել և պահպանել նախ` իր մտքում ու սրտում, հետո միայն` առօրյայում: Ցանկացած մարդ, շփվելով նրա հետ, սովորելու շատ բան կգտնի:
...Մենք միասին կյանքի ուղի ենք անցել և, չեմ թաքցնում, որ նրա ներկայությունն իմ կյանքում (կամ ընդհակառակը) «խմբագրել է» իմ հայացքները` շատ մարդկանց և կյանքի շատ կողմերի նկատմամբ: Ինչպիսին Հովնան Կարապետյան մարդն է, այնպիսին էլ նրա արվեստն է` մաքուր, անխառն, առինքնող:
... Ցանկալի կլիներ, որ երիտասարդ ձևավորող-նկարիչներն ուսումնասիրեին նաև Հովնանի նկարչությունը: Դա շատ կօգներ, որ նրանց` ձևավորողի շնորհքը զերծ լիներ արհեստականությունից և այն արտանկարումներից, որոնցով հիմա հեղեղված է գրքի, հատկապես մանկական գրքի, ձևավորման դաշտը:
Ահա և` հատվածներ իմ և Հովնան Կարապետյանի զրույցներից:
Ավանդական, առաջին հարցը:
- Ե՞րբ եք սկսել նկարել: Որտե՞ղ եք սովորել:
- Նկարել սկսել եմ 5-6 տարեկանից: Մեր ընտանիքում նկարում էին հայրս և ավագ քույրս: Հաճախ էինք իրար հետ մրցում` ով ավելի լավ կնկարի...
Առաջին քայլերս արել եմ Լենինականի նկարչական դպրոցում, ապա շարունակել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանում, Գեղարվեստաթատերական ակադեմիայում: Երախտագիտությամբ եմ հիշում հատկապես Կարապետ Եղիազարյանին` բարձրակարգ մասնագետին և հրաշալի մարդուն...
- Մեզ հայտնի է, որ դուք, ուսմանը զուգընթաց, աշխատել եք, գործնականում վարպետացել: Շուրջ տասը տարի (1980-1990) եղել եք հեռուստատեսության ուսումնական հաղորդումների բեմադրիչ-նկարիչը: Ինչպե՞ս եկաք «Աղբյուր» (այն ժամանակ` «Պիոներ») :
-Ուսումնական հաղորդումների բեմադրիչ-նկարչի աշխատանքս հեռուստատեսությունում ու նաև մինչ այդ Գյումրիի պոլիտեխնիկականում դասատվությունս, անշուշտ, նախանշեցին «մանկաշխարհում» հայտնվելս: Բայց ամենակարևորը սերն է երեխաների, նրանց լուսավոր-գույնզգույն երազանքների, բարի, աներկմիտ գործողություն-արարքնե րի, անսահման երևակայության հանդեպ...
- Պատմեցեք, խնդրեմ, մանկապատանեկան գրքի ձևավորման, հեղինակների մտահղացումներին «հաղորդակից լինելու» և «դարձնելու» ձեր նախասիրությունների մասին:
- Երեք տասնամյակի ընթացքում մի քանի տասնյակ գիրք և մի քանի հարյուր տարբեր ժանրերի չափածո և արձակ ստեղծագործություններ եմ ձևավորել ու նկարազարդել:
Անչափ սիրում եմ պոեզիան: Ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բանաստեղծների գործերն «ընթերցում» և «վերընթերցում» եմ այն մտադրությամբ, որ շարունակեմ հեղինակի միտքը-խոհը-զգացումը, երեխաներին (և ոչ միայն նրանց) հնարավորություն տամ մտածելու-տրամաբանելու, դիտելու և տեսնելու, ինչու չէ, նաև սավառնելու բառաշխարհ-գունաշխարհ ոլորտներում...
- «Աղբյուրը», հիրավի, ձևավորման, նկարազարդման լավագույն ավանդույթներ ունի: Ամսագիրը մեծ տեղ է տալիս նաև պատանի նկարիչների առաջին «թոթովանքներին»: Ի՞նչ խորհուրդներ կտայիք սկսնակներին :
- Ես մշտապես բարձր եմ գնահատում մեր` անվանի նկարիչների` «Աղբյուր» ամսագրում ունեցած վաստակն ու ներդրումը: Ինչպես վաստակաշատ գրողների ու լրագրող ների, այնպես էլ անվանի նկարիչների շնորհիվ է «Աղբյուրը» գոյատևել, քայլել ժամանակի հետ` մնալով նաև «դասական»: Սեր և աշխատասիրություն: Ահա միակ խորհուրդս պատանի նկարիչներին: Ամբողջը նկարելուց, վերարտադրելուց զատ` տեսնել ու տեսցնել նաև մանրամասներն ու «աննկատելին»:
- Ձեր ստեղծագործական պլանները: Ձեր մաղթանքը` ընթերցողներին:
- Կցանկանայի, որ համեստ գործունեությունս շարունակվեր: Գալով իմ «Մանկության հովիտներից», նկարելով իմ «անանց կարոտը», կուզեի ծավալել-բացել նորանոր պատկերների հմայքն ու մեղեդին, բարի լույսը...
Երանությամբ եմ սպասում այն օրվան, երբ մեր երկրում, վերջապես, ամեն մարդ ի´ր գործը կանի, և մշակույթն ու արվեստը կլինեն իրենց արժանի բարձունքում...
Բոլոր ընթերցողների անունից, հարգելի Հովնան Կարապետյան, մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, ստեղծագործական հաջողություններ և ամենայն բարիք: