ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՈՒՇՎՈՒՄ Է


 

Արդեն հստակեցվել են պայմանավորվածությունները, և ապրիլ ամսին Սունդուկյանի անվան թատրոնը կփակի իր դռները հանդիսատեսի առջև: Սա` մեկ ամսով, քանի որ սփյուռքահայ բեմադրիչ Սերժ Ավետիքյանն այստեղ իրականացնելու է իր «Անուշ» նախագիծը:

Սունդուկյանցիներից գրեթե ոչ ոք ընդգրկված չէ այս նախագծում, ինչն էլ նշանակում է, որ թատրոնի ստեղծագործական անձնակազմը հայտնվելու է պարտադիր պարապուրդի մեջ: Այս նախագծից հետո էլ մոտ մեկուկես ամիս թատրոնի շենքը տրամադրվելու է երիտասարդ բեմադրիչ Վահան Բադալյանին, ով կյանքի է կոչելու «Սայաթ-Նո վա» նախագիծը` դարձյալ առանց սունդուկյանցիների...

Ստացվում է, որ երկրի գլխավոր դրամատիկական թատրոնի շենքը վերածվում է տարբեր նախագծերի իրականացման հարթակի` թատրոնին զրկելով ակտիվ ստեղծագործական աշխատանքներից: Այս ամենը պաշտոնական շրջանակները բացատրում են այն հանգամանքով, որ Հայաստանում այլ հարմարավետ շենքեր չկան, ուստի Սունդուկյանի անվան թատրոնն է ընտրվում: Բայց դա խաթարում է թատրոնի գործունեությունը, աղճատում թատրոն-հանդիսատես կապը: Իհարկե, ջանադիր վերաբերմունք ունենալու դեպքում կարելի էր և´ համապատասխան տարածքներ գտնել, և´ թույլ տալ Սունդուկյանի անվան թատրոնին կազմակերպելու սեփական ստեղծագործական գործընթացները: Արդյո՞ք ճիշտ չեն որոշ արվեստագետների այն կասկածները, թե հավանաբար սա ևս մի ծրագիր է, որը հետևողականորեն կյանքի է կոչվում` ապացուցելու, թե գլխավոր խաղացանկային թատրոնը մեզ պետք չէ: Մինչ թատրոնում անհանգստություններ են ապրում սպասվող պարապուրդի առթիվ, սունդուկյանցիներին մտահոգել էր ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մի հարցազրույցը, ուր ճանաչված դերասանը, սուբյեկտիվորեն գնահատելով թատրոնի գործունեությունը և բառացիորեն ոչ ճիշտ մեկնաբանություններ տալով, փորձել էր անձնական ամբիցիաները դարձնել առաջնային: Այս առթիվ էլ մտահոգված սունդուկյանցիները պատրաստվում են անվանի դերասանի անհիմն քննադատությանը համարժեք պատասխան տալ: