Գնաս բարով, սիրելի Արամայիս


 

Այս գարունը ինչքան տխրություն բերեց... Ազգային մտավորականության ինչքա˜ն երևելի դեմքեր հեռացան: Ու նրանց մեջ հավերժի ճամփորդ դարձավ նաև Արամայիս ՍԱՀԱԿՅԱՆԸ` «Ավանգարդ» թերթի նախկին աշխատակիցներից մեկը, ճշմարիտ ժողովրդավարություն վայելող բանաստեղծը, մեր սիրելի Արմոն, ում հետ ամեն մի հանդիպում հրճվանք ու ծիծաղ էր պար-գևում: Արամայիս Սահակյանը գրականություն մտավ 1950-ականների վերջերին և իր պարզ ու անպաճույճ մարդկանց հետ սրտերի հետ խոսող բանաստեղծություններով դարձավ սերնդի ամենասիրելի անուններից մեկը: Ջահելներն արտագրում էին նրա բանաստեղծություններն իրենց ծոցատետրերում ու կարդում երեկոների ժամանակ, դրանցով սեր էին բացատրում, դրանցով հրավեր ուղարկում սիրած աղջիկներին ու տղաներին... Ու հիմա «անուշ աղջիկ», ռազմի դաշտ գնացած ու չվերադարձած զինվորներին հիշող մայրական քնքուշ զգացումների մասին բանաստեղծություններ գրող Արամայիս Սահակյանը այլևս շրջանակված անուն է... Մենք ցավ ենք ապրում բանաստեղծի, մտավորականի, «Ավանգարդի» այն սերնդի ներկայացուցիչներից մեկի համար, նաև ում մասնակցությամբ ձևավորվեց մեր թերթի ոսկե էջերը: Դժվար է ասել. գնաս բարով, սիրելի Արամայիս: Բայց հարկադրված ենք...

«Ավանգարդ» թերթի խմբագրակազմ