Սիրել մարդկանց և սիրված լինել ամենքից
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի
Սիրելի մարդիկ միշտ անժամանակ են հեռանում` անկախ իրենց տարիքից:
Սիրող ու սիրված անհատների մահը միշտ էլ չսպասված է, և տարիքը չի կարող մեղմել կորստի ցավը: Բայց մխիթարվում ես այն գիտակցությամբ, որ երկրայինին հրաժեշտ տալով` արժանիները Երկնքի արքայություն են գնում:
Մեր սիրելի Գեորգի Գարեգինի ԱՍԱՏՈՒՐՅԱՆԸ նույնպես մեր կողքին չէ միայն ֆիզիկապես: Նրա բացակայությամբ մենք` ապրողներս, փոքր-ինչ աղքատացանք. լավատեսության մի շող, մտահոգ մի հայացք պակասեց մեր կյանքից, ու դեռ երկար շարունակելու ենք որոնել նրա խաղաղ դեմքը, ոգևորող խոսքը, ինչի կարիքն ամենքն ունեն:
Սիրել մարդկանց և սիրված լինել ամենքից
Գեորգի Գարեգինի Ասատուրյան: Այս անունը տասնամյակներ շարունակ հարազատ ու սիրելի է եղել հայ մշակույթի, ֆիզկուլտուրայի և սպորտի բնագավառներում: Նրա անմիջական նախաձեռնությամբ և մտահղացումներով Հայաստանում բուռն ծաղկում ապրեցին արվեստի զանգվածային միջոցառումները (բոլորն են հիշում հատկապես «Ոսկե աշուն» տոնակատարությունները, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր հանդիսատեսներ): Այդ նա էր, որ անցյալ դարի 60-ական թվականներից սկսած, հայ արվեստագետների համար կանաչ ճանապարհ բացեց դեպի արտասահմանյան երկրներ` առաջին անգամ Սփյուռքի հայությանը ներկայացնելով մեր մշակույթը: Հայ արվեստագետ ների բազմաթիվ խմբեր, ինչպես նաև մեծահամբավ կատարողներ հյուրընկալվեցին արտասահմանյան տասնյակ երկրներում` հենց նրա ուղեկցությամբ:
ՀՀ արվեստի և սպորտի վաստակավար գործիչ Գեորգի Ասատուրյանն ապրեց իր ժողովրդի ու նաև իր շնորհիվ խորհրդային տարիներին աննախադեպ առաջընթաց արձանագրած բնագավառների հաջողություններով: Այդ առաջընթացի ճանապարհի առանձին մանրամասները, իր հագեցած կյանքից հետաքրքիր դրվագները հետո նա ներկայացրեց առանձին գրքերով, որոնք գրավեցին ընթերցողական լայն շրջանակներին: Նրա հեղինակած գրքերը («Կյանքը պարգև է», «Խնդուն ու խենթ տարիներս», «Պանֆիլովցիները»...) լավագույն ուղերձ են հատկապես երիտասարդությանը` պահպանելու ազգային արժեքները, նպաստելու երկրի կայացմանը:
Ժորժ (Գեորգի) Ասատուրյանը ծնվել է 1924 թ. մարտի 15-ին` Թբիլիսիում, բանվորի ընտանիքում, ուր և ստացել է ճիշտ դաստիարակություն` լինել պարտաճանաչ, անդավաճան, ընկերասեր, բարեսիրտ և օգնող: Ու ճիշտ այդպես էլ դաստիարակել էր իր զավակներին: Մարդկային կենսագրությունները հաճախ միանման են գրվում. ծնվել է, սովորել, աշխատել, բարձրացել, նվիրաբերել, մաքառել` ԱՊՐԵԼ է: Գրված ու չգրված ոչ մի կենսագրականում գրեթե չեն նշում` ինչպիսի մարդ է եղել:
Ժ. Ասատուրյանը միայն վաստակի ծանրաբեռ հզորությամբ չէ, որ նայում էր աշխարհին: Խորդուբորդ կյանքի մայրուղիներում Ասատուրյանին ուղեկցել էր մի գաղափար, մի ձգտում` գեղեցիկ կարոտ: Այդ կարոտի ուժն էր վառել նրա մեջ արվեստի ու սպորտի հանդեպ այն հրդեհը, որ այսօր դարձել է իրական շառավիղը նրա գործերի, դարձել է մերը: Ասատուրյանն ինչ արել է` պարզունակ մի համերգից մինչև հարյուրավոր համերգասրահների, մարզապալատների, մարզադաշտերի հանդիսականների ուրախություն, միշտ վառել է իր ջահը` ճշմարիտ արվեստագետի, հայ մտավորականի ջահը:
Բոցկլտացող հարյուրավոր խարույկներից նա այրվում էր միայն իրեն` Ասատուրյանին բնորոշ` մարդկանց մերձեցնելու, միացնելու ու ազնվացնելու ձգտումով: Այդ կերոնի լույսն էր համակում բոլոր նրանց, ովքեր նրա հետ առնչվելու երջանկությունն ունեին:
- Ոչ ոք քո տունը չի սարքի,- մի առիթով ասել էր «Ավանգարդին»:
Ցավում էր, որ իր հայրենիքը դժվարին վիճակում է ու սրտի մրմուռով դիմում իր հայրենակիցներին.
- Ո՞ւր ես գնում, սիրելի հայրենակից, ոչ ոք քո տեղը քո տունը չի սարքի, ապրիր ու արարիր քո երկրում` հայրենի երդիկի տակ: Եվ վերադարձիր քո արմատներին, վերջ տուր մուրացկանությանը. աշխարհը դեռևս չի մոռացել, որ կա մի ժողովուրդ, որը դարեր ի վեր ծվարել է Մասիսի լանջին, գլուխը կախ աշխատել և արարել:
Գեորգի Ասատուրյանը գնահատված անհատ էր: Պատահական չէր, որ նրա վաստակը բարձր գնահատելով` 2011-ին ՀՀ նախագահը նրան արժանացրեց «Մովսես Խորենացի» մեդալի: Դրանից առաջ` 2009-ին, պարգևատրվել էր Հայաստանի Օլիմպիական կոմիտեի շքանշանով:
Սիրել մարդկանց և սիրված լինել ամենքից. սա´ էր նրա ապրելու բանաձևը: Ու մինչ երկրային կյանքի վերջին պահը նա չդադարեց ծրագրեր կազմել: Վատառողջ էր, բայց երբ հարցնում էինք որպիսությունից, փորձում էր համոզել`
- Այսօր մի քիչ լավ չեմ զգում, բայց վաղը լավ կլինեմ:
Մահից առաջ ջուր է խնդրել. խմելուց հետո քնել է ու այլևս չի արթնացել: Այդ մի կում ջրով երևի ծարավն է հագեցրել այս կյանքից, որն այնքա˜ն սիրում էր: Մեկ շաբաթից ծննդյան 89-ամյակն էինք շնորհավորելու, մեկ տարուց` 90-ամյա հոբելյանը: Չհասցրե´ց: Բայց նրա մերձավորները 2 օրից շնորհավորանքի ջերմ խոսքեր կմրմնջան նրա թարմ շիրիմի առջև, ու բոլորս կմաղթենք`
- Երկնային արքայություն հոգուդ, սիրելի ՄԱՐԴ: