Երկնքից էր ընկել, բայց մանանա չէր 


 

Նույնիսկ նվեր երազող կանայք Մարտի 8-ին երկնից ընծա չեն ակնկալում: Բայց գելենջիկցի մի մարդու տնամերձ հողամասում ինչ-որ առարկա է հայտնվել...

Երեկոյան ժամը 18-ի սահմաններում իր սեփական տան բակում կանգնած մի բնակիչ վերևից ինչ-որ ճայթյուն է լսել, և անհայտ ծագմամբ ինչ-որ առարկա է ընկել նրա հողամաս ու ձագարաձև բացվածք առաջացրել («Ինտերֆաքսին» տեղեկացրել է տարածքային վթարային ծառայությունը):

Ահազանգով դեպքի վայր եկած մասնագետները հայտնաբերել են այդ առարկայի բեկորները, որոնք փայլաթիթեղի կտորտանք են հիշեցնում: Դրա բաղադրությունը դեռ պարզված չէ. անպատասխան են մնում նաև մի շարք այլ հարցեր:

Ի դեպ, ճայթյունի ձայնը լսել են նաև հարևանները: Ու հիմա բոլորն անհամբերությամբ սպասում են, թե ինչ կպարզի փորձաքննությունը: