Ճգնաժամի կորը
Հասարակության շրջանում առկա գործընթացների շուրջ է զրույցը կառավարման փորձագետ Հարություն ՄԵՍՐՈԲՅԱՆԻ հետ: Զրույցի սկզբում նա ասաց`` «Կառավար ման օրենքները կյանքի օրենքներ են: Երբ անտեսում են կառավարման օրենքները, ինքնաբերաբար անտեսում են կյանքի օրենքները, իսկ վերջիններն անտեսելը նշանակում է ընկնել մեծ ճգնաժամերի շարանի մեջ: Անգամ մեծ Հռոմը, որ երկրորդ դարից իր կառավարման համակարգով շարունակելով մնալ հզոր գերտերություն, սկսեց անբնական քայլեր անել` կառավարման և պետության զարգացման իմաստով, փաստորեն խախտելով կյանքի օրենքները. հինգերորդ դարում հին Հռոմը վերացավ: Այսինքն, կյանքի օրենքները խաղ ու պար չեն»:
- Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ: Երբ դրվել էր Եվրոմիությա՞ն, թե՞ Մաքսային միությանն անդամակցելու հարցը, հասարակությունում լուրջ ու բաց քննարկում չեղավ: Երբ երկարացվեց Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը, դարձյալ ոչ ոք ոչ մի դիրքորոշում չարտահայտեց: Բայց դեկտեմբերի 2-ին, երբ Վ. Պուտինը ժամանեց Հայաստան, բողոքի ակցիաներ եղան, մարդիկ դուրս եկան փողոց:
Ի՞նչն է պատճառը, որ դժգոհության մասին ժամանակին չենք բարձրաձայնում, այլ ուշացած, երբ գնացքն արդեն մեկնած է լինում ` անհարկի լարում առաջացնելով:
- Եթե ուշադրություն դարձնեք, կնկատեք, որ բոլոր ակցիաներում գրեթե նույն դեմքերն են. վազում են մի ակցիայից մյուսը: Դա նշանակում է, որ որոշ մարդիկ ինչ-ինչ պատճառներից ելնելով` և´ ներքին, և´ արտաքին մղումներով գտնվում են ցանկացած հարցի կիզակետում: Եվ քանի որ նույն դեմքերն են պտտվում, նշանակում է, որ ժողովուրդը հոգնել ու զզվել է: Մեր ողբերգությունն այն է, որ 20 տարում մեր քաղաքական համակարգը` սուտի-մուտի կուսակցությունները լրիվ վարկաբեկվել են, և մարդիկ չեն հավատում ոչ մի կուսակցության: Մեր քաղաքացիական դաշտը, թվում է` պետք է լցներ կուսակցությունների առաջացրած անվստահության, անհավատության բացը: Բայց երկու տարում սկսեց վարկաբեկվել: Տպավորությունն այն է, որ 20 տարում կուսակցությունների գործած սխալները քաղաքացիական շարժումները 2 տարում 10 անգամ ավելի արագ կրկնեցին: Հիմա քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ էլ ժողովուրդը հավատ չունի: Այսինքն, զանգվածային իմաստով` ժողովրդից ներհոսք չկա դեպի ընդվզում: Գործ ունենք ավելի վատ երևույթի հետ. սկսում են մեղադրել ժողովրդին` ասելով, թե ժողովուրդը ծախու է, ժողովուրդը թքում-գնում է, ժողովուրդը` սա, նա... Ժողովուրդն իմաստուն է և երբ տեսնում է, որ կատարվածն ընդամենը խեղկատակություն է, չի ուզում մասնակից լինի դրան: 88-ը և Արցախյան ազատագրական պատերազմը ցույց տվեցին, թե իրականում ինչպիսին է ժողովուրդը:
- Մենք հաճախ ենք դիմում 88-ի և Արցախյան պատերազմի օրինակին: Բայց շատ քչերն են հավատում, որ կարող է կրկնվել համազգային նույն պոռթկումը :
- Նորագույն պատմության մեջ եթե կա 2 կարևորագույն անվիճելի դրվագ` 88-ը և Արցախյան պատերազմը, որ ցույց տվեց մեր ժողովրդի հզորությունը, ուրեմն ժողովրդին մեղադրելն անբարոյականություն է: Խնդիրն այն է, որ ժողովուրդը հավաքական ներքին զգացմունքներ ունի, և ինձ թվում է` նա չի հավատում նոր դեմքերին, ովքեր փորձում են ժողովրդին ոտքի կանգնեցնել: Հայերի առանձնահատկությունն այն է, որ քիչ հավանական է, թե նրանք ոտքի կկանգնեն ինչ-որ սոցիալական հարցեր լուծելու, սուտ-մուտ ներկայացվող մարդու իրավունքների շուրջ: Եթե ժողովուրդն ընդվզման մեջ չի տեսնում բացահայտ ազգային տարրը, բնական է` թերահավատություն է առաջանում այլ խնդիրների և դրանք առաջադրողների հանդեպ: Ցանկացած ընդվզման մեջ վտանգավոր են, այսպես կոչված, ակտիվ ապուշները: Դրանք իրենց բարձր տոնայնությամբ, մինչև լաչառություն հասնող վերաբերմունքով ուղղակի խորացնում են մարդկանց անվստահությունը: Տեսնելով, որ ընդվզման որևէ խմբի մեջ կան և´ սեռական փոքրամասնության քարոզիչներ, և´ ազգայնականության ներկայացուցիչներ, ես հասկանում եմ, որ ինչ-որ բան այն չի: Ժողովուրդն առավել ևս հասկանում է: Միշտ պետք է զգույշ լինել, թե կողքինդ ով է:
- Վերջերս մի շարժում սկսվեց, որը թվում է` ինչ-որ հույսեր է ներշնչում, և թվում է, թե մարդկանց կհամախմբի: Խոսքն ազատամարտիկների շարժման մասին է. այնտեղ տեսանք մարդկանց, ովքեր կյանք են դրել այս երկրի համար, իսկ կյանքից թանկ ոչինչ չկա: Սակայն Ձեր ասած ընդվզումը դարձյալ չի ստացվում, և ընդհանրապես, արդյո՞ք պետք է այդ ընդվզումը:
- Լավ հարց տվեցիք` համակարգված : Մեր պետությունը փոքր է, և գրեթե շատերը շատերին գիտեն ու երբ տեսնում են, որ մաքուր մարդիկ ոտքի են կանգնել, բայց նրանց խառնվում են, մեղմ ասած, նրանց ոչ համարժեք մարդիկ, և մաքուրները չեն մաքրում իրենց շարքերն այդ ներխուժածներից` ժողովուրդը սկսում է կասկածների մեջ ընկնել: Բնական է, որ նման պարագայում ժողովուրդը չի արթնանա: Հիմա հարցը` արդյո՞ք պետք են նման ընվզումներ. կարծում եմ` ցանկացած ընդվզում, որ հիմա լինում է Հայաստանում, լինի դա գազի գին, թե կարմիր գծեր, թե Մաքսային միություն, կարևորագույն, բայց այնուամենայնիվ բաղադրիչներն են հայ ազգի առջև ծառացած գլոբալ խնդրի: Եթե ազգային գլոբալ խնդիր չդնենք, ժողովուրդը չի արթնանա: 2008-ին ընդվզումը հանուն չէր, այն ընդդեմ էր, որը երկար ճանապարհ չունի:
- Իսկ հայ ժողովուրդը կարո՞ղ է այսօր ձևակերպել այդ խնդիրը:
- Դրա համար ժողովուրդը վերնախավ ունի: Խոսքը իրական ազգային վերնախավի մասին է, որը մի քանի բաղադրիչներ պետք է ունենա. Նախ` համակարգային մտածելակերպ: Պետք է լինեն ազգային, մաքուր հետագիծ ունեցող մարդիկ, ովքեր սեփական ազգը տեսնում են ժամանակի, տարածքի և ապագայի մեջ:
- Դուք որտե՞ղ եք տեսնում այս համատարած անտարբերությունից ելքը:
- Ես հույս ունեմ, որ այս փրփուրը վաղ թե ուշ պետք է գնա, և փրփուրի տակ կտեսնենք այն գաղափարները և այն մարդկանց, որոնք շատ լուրջ կվերաբերվեն երկրի և ազգի ապագային: 2009թ. ես կառուցեցի, այսպես կոչված, ճգնաժամի կորը: Կառավարման տեսության մեջ կա այդպիսի հասկացողություն. Այն հաշվարկեցի Հայաստանի համար: Դժբախտաբար, այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, համընկնում է այդ կորին: Այն ցույց է տալիս, որ վատագույն դեպքում մինչև 2014թ. աշունը, լավագույն դեպքում` մինչև 2016 թ. աշունը Հայաստանին սպասում են ցնցումներ: Չեմ կարող ասել, թե ինչ բնույթի են դրանք լինելու: Հայաստանը մտնում է անկայունության փուլ, որի ժամանակ ռիսկերը լրջանում և մեծանում են: Եթե բախտներս բերի, և այս փուլը տևի մինչև 2016 թ. աշուն, ուրեմն շատ արագ մենք պետք է խելքներս գլուխներս հավաքենք: Ցանկացած համակարգ ունի ամրության պաշար: Իսկ ազգը, պետությունը համակարգեր են: Ոչ մի համակարգ չի կարող անվերջ ծանր վիճակում գտնվել: Ի վերջո, 90 տոկոս համակարգերը քանդվում են, և միայն 10 տոկոսն են թռիչք` զարգացում, ապրում: Ցանկացած թռիչքի Ճգնաժամ է նախորդում, բայց ոչ միշտ է, որ ցանկացած ճգնաժամ հանգեցնում է թռիչքի: Մեր համակարգն էլ` Հայաստանը, ունի ամրության պաշար. սա խաղ ու պար չի: Այս կորը ցույց է տալիս, որ մենք մոտենում ենք մեր ամրության պաշարի սպառմանը, ինչը հղի է շատ վտանգավոր տատանումներով, և համակարգը կարող է ուղղակի չդիմանալ:
- Ի՞նչ անել. մնալ և ապրել այստե՞ղ, թե՞ գաղթել, ինչպես շատերը:
- Ես նախընտրում եմ մնալ: Երեխաներին չպետք է փախուստի սովորեցնել, հետագայում նրանք չեն դիմակայում կյանքի դժվարություններին: Պետք է նրանց սովորեցնել հաղթահարել դժվարությունները, որպեսզի մեր բացակայության դեպքում նրանք կյանքի դժվարություններից չընկճվեն:
- Շնորհակալ եմ հետաքրքիր և օգտավետ զրույցի համար: