ՄԱՄՈՒԼՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐՈՒՄ


Անցնող տարում Հայաստանի լրատվական դաշտում նկատվող միտումների, առաջացող խնդիրների շուրջ է զրույցը Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ:

Մոտենում է տարեվերջը. որպես մամուլի ակումբի նախագահ, ինչպե՞ս կբնորոշեք անցնող տարվա ընթացքում հայաստանյան ԶԼՄ-ների կատարած աշխատանքը, որո՞նք են առավել բնորոշ կողմերը :

- Այս տարի թերևս առավելսուր դրսևորվեցին այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կապված են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ: Համացանցը և դրա շրջանակում գործող տեղեկատվական միավորները ավանդական լրատվամիջոցների նկատմամբ լուրջ մրցակցության հայտ ներկայացրեցին: Հենց դա էր այս տարվա հիմնական բնորոշիչ հանգամանքը: Ավանդական լրատվամիջոցները, բնականաբար, չեն կարող նույնքան օպերատիվ լինել: Նյութեր պատրաստելու առումով կատարելով բավական ծավալուն աշխատանք, չէին հասցնում իրենց պատրաստած նյութերը համացանցում գործող լրատվամիջոցներից ավելի արագ տարածել: Այստեղից էլ առաջացավ ավանդական լրատվամիջոցների դժգոհությունը, որ իրենց պատրաստած նյութերն ընթերցողներին ավելի շուտ հասցնելով, էլեկտրոնային ԶԼՄ-երը ավելի շատ ընթերցողներ էին ձեռք բերում, ինչը ժամանակակից աշխարհում նշանակում է է´լ ավելի շատ ֆինանսներ ունենալ. ընթերցողների մեծ քանակի առկայությունը ավելի շատ գովազդներ և այլ տիպի աջակցություն ստանալու հնարավորություն է ընձեռում: Եվ դա իր դրսևորումը գտավ նաև օրենսդրական նախաձեռնության մեջ: Առաջին անգամ լրագրողները օրենսդրական փոփոխությունների նախաձեռնող եղան: Ըստ իս, 2013-ին դա ամենահետաքրքիր զարգացումն էր:

- Մեր օրերում կարծիքներ են հնչում, թե էլեկտրոնային մամուլն առաջիկայում կարող է զբաղեցնել լրատվական ողջ դաշտը` դուրս մղելով տպագիր մամուլը: Սակայն տպագիր մամուլն ունի, թերևս, շատ կարևոր առանձնահատկություն: Տպագիր մամուլի լույս տեսնելուց հետո այլևս հնարավոր չէ ինչ-ինչ ուղղումներ կատարել` վերախմբագրել տվյալ հրապարակումը: Իսկ էլեկտրոնային մամուլը ապահովագրված չէ նման միջամտություններից` երբ ինչ-որ մեկի համար անցանկալի հոդվածը կարող է ուղղակի հանվել կայքից: Նման դեպքերի այսօր հաճախ ենք ականատես լինում: Բացի այդ, տպագիր մամուլում անհամեմատ քիչ են լեզվական մեղանչումները:

Առկա է իհարկե այդ երևույթը: Սակայն արխիվացման առումով ավելի մատչելի և ավելի հեշտությամբ են օգտագործվում տպագիր մամուլի այն տարբերակները, որոնք կարելի է համակարգիչով տեսնել: Նաև թվայնացնելով, նյութերն ավելի երկար են անվնաս պահվում: Նրանք այսօր ինչ-որ տեղ նմանվում են առցանց լրատվամի ջոցներին: Տպագիր լրատվամիջոցների առաջին էլեկտրոնային արխիվը 99 թվականին ստեղծեց Երևանի մամուլի ակումբը: Արխիվացման առումով` օն-լայն լրատվամիջոց ները քիչ են տարբերվում ավանդական թերթերից:

- Իսկ ի՞նչ տիպի նյութերն էին գերակշռում անցնող տարում. դրանցից որո՞նք էին ավելի շատ, ավելի մեծ պահանջարկ վայելում :

- Թերևս, այս առումով կարելի է տարին երկու մասի բաժանել: Առաջին մասը կապված էր երկու նշանակալից` նախագահական և մայրաքաղաքի համայնքի ավագանու ընտրությունների հետ: Երկրորդ կեսում, սեպտեմբերից սկսած` հասարակական հնչեղություն ունեցող հրապարակումների թեման Մաքսային միությո՞ւն, թե՞ ասոցացման համաձայնագիր ընտության խնդիրն էր: Ընտրությունների առնչությամբ պետք է ասել, որ լրատվամիջոցները լուսաբանելու բավական մեծ փորձ ունեին: Հավասարակշռված լուսաբանման առումով, առաջին անգամ և տեղական, և միջազգային դիտորդները ԶԼՄ-երի աշխատանքը դրական գնահատեցին: Բայց, Հայաստանի արտաքին կողմնորոշման առումով, ինձ թվում է` բավական լուրջ թերացումներ եղան լրատվամիջոցների աշխատանքում: Այդ կարգի լուրջ, հակասական ինտեգրացիոն վեկտորների լուսաբանման փորձ և բավարար գիտելիքներ մեր լրագրողները չունեին: Հասարակությունը և´ սեպտեմբերից առաջ, և´ սեպտեմբերից հետո էլ, իմ կարծիքով` տեղյակ և կողմնորոշված չէ, թե ինչի մասին է խոսքը, ինչ կարող է տալ այս կամ այն ընտրությունը: Մենք այսօր և´ տեղեկատվական, և՞ կողմնորոշման առումով շատ լուրջ անորոշություն ունենք:

Չե՞ք նկատում, որ այժմ հասարակության մեջ կարծես ռուսատյացություն է ձևավորվում. մեր բոլոր անհաջողությունները բարդում են կամ ռուսների, կամ եվրոպացիների վրա: Նայած` ո՞վ ի՞նչ կողմնորոշում ունի:

Միանշանակ` այդ միտումը կա: Դա նույնպես ինչ-որ տեղ լրատվամիջոցների բաց թողումների արդյունքն է, որ ո´չ հասարակությանը, ո´չ քաղաքական ուժերին չառաջադրեցին ազգի, երկրի, պետության ապագան որոշելու անհրաժեշտության և կարևորության հարցը: Մե´նք պետք է որոշենք, մե´նք պետք է քննարկենք, մենք պետք է հասկանանք, մե´նք պետք է ընտրություն կատարենք: Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը. Ռուսաստանը կարծես շահագրգռված լինելով հայ-ռուսական հարաբերություններում, միևնույն ժամանակ Հայաստանին առաջարկեց մտնել մի այնպիսի ձևաչափ, որը երկկողմանի չէ, ենթադրում է նաև այլ երկրների` Բելառուսի, Ղազախստանի մասնակցությունը: Իսկ վերջինների հետ Հայաստանի կապը երբեք սերտ չի եղել, որոնք Հայաստանի նկատմամբ նույնիսկ վերապահումներ ունեն: Օրինակ` Ղարաբաղի հարցում: Այսինքն, հայ-ռուսական հարաբերությունների մեջ խառնվեցին այնպիսի գործոններ, որոնք Ռուսաստանի առաջարկը Հայաստանի համար դարձրեցին ոչ այնքան գրավիչ: Այս ամենը հասարակության գոնե մի մասի մոտ կասկածներ առաջացրեցին, թե արդյո՞ք մեր և Ռուսաստանի շահերը նույնն են, արդյո՞ք դրանք չեն կարող հակասության մեջ մտնել: Դրան ավելացան նաև որոշ կենցաղային պահեր. մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում ազգայնական գործընթացները շատ ուժեղ են, ինչի զոհերը որոշ դեպքերում դարձան նաև մեր հայրենակիցները:

Այս տարի լրացավ «Ավանգարդի» հիմնադրման 90 ամյակը: Որքան տեղյակ եմ, Դուք նախկինում առնչվել եք «Ավանգարդին», աշխատել եք երիտասարդական մեկ այլ` «Կոմսոմոլեց» թերթում: Այս իմաստով` հետաքրքիր կլիներ լսել Ձեր գնահատականը:

- Շնորհավորում եմ: Միշտ «Ավանգարդը» և նրա լրագրողներին համարել եմ մտերիմ գործընկերներ: «Կոմսոմոլեցն» ու «Ավանգարդը» բարեկամ թերթեր էին` ընդհանուր տրամադրությամբ: Կոմունիստական ժամանակների կաշկանդվածության հետ մեկտեղ կար միշտ երիտասարդության հետ լինելու լուրջ ցանկություն, միշտ լինել ամենաառաջադեմ երևույթների կողքին: Եվ դա միավորում էր և´ թերթերը, և´ դրանց աշխատակիցներին: Ես հիշում եմ մեր երկու թերթերի համատեղ նախաձեռնություններ` այսօրվա հայացքով շատ դեպքերում նույնիսկ ծիծաղելի: Օրինակ, որ Հայաստանի ողջ տարածքով տնկվեցին ընկուզենիներ: Որքան էլ այսօր դա ծիծաղելի թվա, այն ժամանակ ոգևորում էր երիտասարդներին, ինչ-որ ռոմանտիկ բան կար դրա մեջ: Կային նաև շինարարական նախագծեր. հիշում եմ Իջևան-Հրազդան երկաթուղային գիծը, որ այդպես էլ չաշխատեց, բայց «Ավանգարդի» իմ գործընկերոջ` Հովհաննես Այվազյանի, ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրության հետ լուսաբանում էինք շինարարության ընթացքը: Դա բոլորիս երիտասարդությունն է, դա չի մոռացվում: Ուրախ եմ, որ «Ավանգարդը» մինչև այսօր շարունակում է գործել. ցանկացած այդ կարգի լրատվամիջոցի գոյությունը լրատվական շուկայում ապահովում է ժամանակների կապը, պահպանում է ազգային լրատվության որոշ ավանդույթներ, և այսօր թերթի գործունեության մասին միայն բարի խոսքեր կարող եմ ասել:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ