Ի՞նչն է զայրացնում տղամարդուն


Ասում են` զայրանալ ցանկացողը եթե պատճառ էլ չգտնի, գոնե մի առիթ ի´նքը կհորինի: Բայց նաև կան ընդհանուր պատճառներ, որոնք զզվեցնում են բոլորին ու խորը հիասթափություն հարուցում: Խոսքը հատկապես կանանց հետ հարաբերությունների մասին է:

Ուսումնասիրությունների արդյունքում մասնագետները արձանագրել են մի քանի փաստեր, որոնք իսկապես ազդում են մարդկանց նյարդերի վրա` վտանգելով մանավանդ կին-տղամարդ փոխհարաբերությունը:

Խորհուրդներ տալն անշնորհակալ գործ է, դրանք ընդունելը` խոհեմություն: Պարզապես հարկավոր է մտածել հնչած խորհրդի մասին, դրանից ընտրել քեզ հարմարը: Անտեսելն էլ տարբերակ է, բայց դա վնասում է… բայց ո´չ խորհրդատուին:

Թե ինչն է անդառնալիորեն հիասթափեցնում կանանց, կանդրադառնանք մեկ այլ անգամ: Հիմա փորձենք հուշել կանանց, թե ինչից խուսափեն` սիրելի տղամարդուն ցավ չպատճառելու, անհարկի չզայրացնելու ու նրան չկորցնելու համար:

Այսպիսով, տղամարդուն զայրացնում է`

Օ Եթե կանայք խոսում են անընդհատ, անընդմեջ:  Լավ, հնարավոր չէ՞ գոնե մի կես ժամ լռել: Անվերջ խոսելու համար, թերևս, ուղեղն ու միտքը չեն գործում, այլ` միայն լեզուն: Ու որպես կանոն թեման ծանոթ-կիսածանոթներն են, որոնց ամեն քայլը, մանավանդ` այդ քայլերի քննադատությունը չի´ կարող հետաքրքիր լինել: Կամ. առօրեական գնումներ կատարելուց առաջ ու հետո արժե՞ ժամերով պատմել, պատմել ու պատմել: Ավելին, մի քանի ժամ ու օր էլ նեղանալ, որ ուշադիր չեն լսել, չեն արձագանքել կամ փորձել են «կարճ կապել»:

Օ Շուկայականությունը. Եթե տղամարդը քեզ սրճարան, ռեստորան չի հրավիրում, ուրեմն` միջոցներ չունի կամ ցանկություն: Արժե՞ անվերջ հանդիմանել, թե վերջին անգամ երբեք եք միասին «մարդամեջ» դուրս եկել: Արժե՞ պարբերաբար երեսով տալ, թե ուրիշների կանայք ավելի շքեղ են հագնվում: Նրբանկատ ըմբռնողականությունը շատ ավելի լավ ուղեկից է, հավատացե´ք:

Օ Ինքնագերագնահատումը. Հաճախ կանայք այնքան բարձր են գնահատում իրենց, որ իրենք անգամ մոռանում են իրենց իրական արժեքը: Իրենք մոռանում են, բայց շրջապատը, մանավանդ` կողքի տղամարդը հո լա՞վ գիտեն, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում տվյալ կինը: Սրանց պահանջկոտ ինքնագոհությունը զայրացնում է: Սրանք միշտ պատրաստ են նսեմացնել կողքի տղամարդուն, պահանջել բարձր աշխատավարձ, պաշտոն: Բայց ինքնամեծար պահանջներով հոգնեցնելու փոխարեն ինքներդ ձեռք բերեք այդ ամենը կամ (գոնե թաքուն) վերանայեք ձեր իսկ արժանիքները:

Օ Զայրացնող են չափից ավելի երկար եղունգները: Առավել ևս` եթե դրանք արհեստական են:

Օ Գռեհկախոսությունը. Նայում ես արտաքինին` նրբագեղ, քնքուշ կին է, բայց երբ բացում է բերանը… Որոշ կանայք փորձում են «տղամարդ-կին» երևալ` կոշտ ու կոպիտ խոսվածքով, հայհոյանքներով: Նույնիսկ կատակով` խուսափեք գռեհիկ բառերից: Ո՞վ ասաց, թե տղամարդկանց զարդարում է հայհոյախոսությունը կամ անտակտությունը:

Օ Ուշանալը կանացի արժանիք չէ. Վերջին հաշվով` ո՞ւմ ես սպասեցնում. քո մտերիմին, սիրելի մարդուն, ում հետ պայմանավորվել ես: Մշտական ուշացումներդ ակամա կմղեն` քեզ հետ այլ վայրում չհանդիպել: Իսկ սկսնակ սիրահարների պարագայում` ուշացումներիցդ յուրաքանչյուրը կարող է այդ հանդիպումը վերջինը դարձնել քո կյանքում:

Օ Թթված դեմքն ու ոչնչով չգոհացող հայացքը. Կողքիդ տղամարդը (կամ` ցանկացած այլ ոք) պարտավոր չէ գուշակել, թե ինչու ես անտրամադիր: Պարտավոր չէ գուշակել, թե ինչպես ցրի քո մռայլ մտքերը, երբ չգիտի, ու դու չես ասում պատճառը: Ավելի հեշտ չէ՞ մտերիմ մարդուն պատմել ամեն ինչ. համ ինքդ կթեթևանաս, համ էլ կողակիցդ, թերևս խելացի, օգտակար խորհուրդ կտա: Եթե մտադիր ես տվյալ տղամարդու հետ շարունակել կյանքիդ ճամփան, ուրեմն հանելուկային «մուննաթները» թող անցյալում:

Օ «Ինքնաձաղկում». Շատ աղջիկներ հաճախ մտերմությունը շփոթում են տաղտուկի հետ, և մշտապես բողոքում իրենց իսկ արտաքինից` քիթս մեծ է, ոտքերս հաստ են, դեմքիս պզուկները չեն մաքրվում, մազերս յուղոտ են… Տհաճ է հանդիպել կամ ապրել այդպիսի սարսափելի կնոջ հետ: Ավելին, տղամարդը թող չիմանա էլ, թե սեփական թերություններդ դու ինչպես ես վերացնում: Դիմահարդարման ոչ թե ընթացքը, այլ արդյունքը ցույց տուր նույնիսկ ամենամտերիմ մարդուն:

Օ Անճաշակությունը. Ինչ խոսք, տղամարդիկ շուտ են նկատում այն հանդերձը, որով առանձնանում են պոռնկուհիները: Նկատում են, նայում, բայց ոչ թե հիանում: Այդպես հագնվում ու շպարվում են` աչքի ընկնելու, այսրոպեական կապ գտնելու նպատակով: Իրական գեղեցկությունը դա չէ. արտաքինին ու խառնվածքին համապատասխան հագուստն ու նուրբ հարդարանքն են ընդգծում իսկական գեղցկությունը, ինչը ոչ թե օտար հայացքներ է որսում, այլ գնահատվում է քո´ տղամարդու կողմից: