ՈՎ ՈՒՄ Է ԽԱԲՈՒՄ


Այն, որ հայաստանյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակ առ ժամանակ սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն են մատուցում մեր հանրությանը` իրենց ապաշնորհությունը թաքցնելու համար` բոլորիս է հայտնի: Երբեմն ոմանք հայտարարում են, թե ողջ աշխարհում ճգնաժամ է, ուստի մենք չենք կարողանում լուծել մեր հարցերը... Բայց արի ու տես, որ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը բոլորովին այլ կարծիք է հայտնում.

- Երեկ չէ մյուս օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ տնտեսությունն այս տարվա 3-րդ եռամսյակում աճել է 3.6%: Սա եռամսյակային աճի ռեկորդներից մեկն է վերջին 9 տարիների համար: Չինաստանի տարեկան տնտեսական աճն էլ ճշտվել է. 7.8%: Մինչդեռ ՀՀ 2014թ բյուջեն ներկայացնելիս վարչապետն  ԱԺ-ում հայտարարեց, որ ՀՀ խոստացված տնտեսական աճը չի ստացվում, քանի որ համաշխարհային տնտեսության աճը դանդաղել է: Պարզապես ստում էր: Կիևում շատ, շատ մարդիկ հավաքվել են Մայդանում և փոփոխություններ են ուզում: Նրանք էլեկտրաէներգիայի համար վճարում են 13.7 դրամ (Հայաստանում` 37), գազի համար այստեղ վճարում են 35.5 հազար դրամ (Հայաստանում` 158000 դրամ), իսկ եթե շատ-շաաատ ես վառել ` ընդամենը 53.7 հազար դրամ: Հայաստանում մենք գազի համար վճարում ենք 158000 կամ 391 դոլար, եթե դարձնում ենք եվրոպական կալորիականության` 496 դոլար: Իսկ եթե նկատի ունենանք, որ ըստ էներգետիկայի նախարարի` այդ ամենը վճարելուց հետո էլ 90 դոլար պարտք ենք մնում ՌԴ-ին` 586 դոլար: Մինչդեռ իբր թե մենք գազը 2.3 անգամ ավելի էժան ենք ստանում: Ի՞նչ կլիներ, եթե այս ամենը Մայդանի ժողովուրդն իմանար:

Բագրատյանի հայտարարությունները ոչ մեկը չի հերքել: Ուրեմն...

Լ. Մ.