ԿՅԱՆՔՈՒՄ ՑԱՎԸ ՇԱՏ Է...
2010թ. գարուն-ամառ շրջանում հաճախ էի այցելում Էդիկ Տոռոզյանի ծնողներին: Փառանձեմ մայրիկն ինձ դիմավորում էր նոր թխած ժանգյալով հացի բույրով: Սիրով, եթե հարկ էր` ստիպողաբար, հյուրասիրում էր, ապա վերցնում էր հեռախոսի լսափողն ու հավաքում որդու ընկերների հեռախոսահամարները: Սովորաբար, նրանք գործի բերումով կամ այլ անհրաժեշտությամբ բացակայում էին Նոր Հաճընից, բայց Փառանձեմ մայրիկի համառության ու հետևողականության շնորհիվ հաջողվում էր «հայտնաբերել» նրանցից մեկին, և ես պատրաստակամորեն գրի էի առնում Էդիկ Տոռոզյանի մասին հուշերը: Չնայած հիվանդ լինելուն, Էդիկի հայրը` Վարդանը, անկողնուց վեր էր կենում ու նստում մեր կողքին, հետաքրքրությամբ ունկնդրում զրույցը: Խորհրդային ժամանակներում հայտնի շինարարը, որտեղ էլ աշխատել է, սիրված ու հարգված մարդ է եղել: Հիմա էլ, չնայած տարիքին ու հիվանդությանը, իր առինքնող կեցվածքով, բարի ու ժպտուն հայացքով հաճելի տպավորություն է թողնում:
Խորհրդային ժամանակներում կառուցված տուֆակերտ բազմաբնակարան շենքի առաջին հարկի արևահայաց նրանց բնակարանում վերջին երեք տասնամյակում նոր բան չի ավելացել: Երբ առաջին անգամ 1995թ. այցելեցի, միջանցքում գրքերի կապոցներ էին դարսված: Փառանձեմ մայրիկն ասաց, որ Էդիկն իր գրադարանի մի մասն առանձնացրել էր Բերդաձորի դպրոցականներին ուղարկելու համար, բայց չհասցրեց: Հիմա էլ համեստ կահավորանքով տան շքեղությունը գրապահարաններում, լուսամուտագոգին դասավորված, սեղանին դարսված գրքերն են` հայ և ռուս դասականներ, բժշկության, փիլիսոփայության, մանկավարժության բնագավառներին վերաբերող, բայց ամենից շատ` պատմագիտական գրականություն: Փառանձեմ մայրիկի, ինչպես ասում են` ձեռքի գիրքը, Ամիրդովլաթ Ամասիացու «Ջերմանց մխիթարութիւն»-ն է. բժշկի դիմելը, դեղորայք գնելը ծախսերի հետ են կապված, ստիպված ապավինում են բուժիչ խոտաբույսերին ու հնօրյա դեղատոմսերին: Դրա վառ ապացույցը պատշգամբում ամենուր փարթամորեն աճած տերևներով հալվեի տեսակներն են, որ ամռան չափից ավելի կիզիչ արևից դեղնում-դալկանում են:
Ամուսնու միակ նեցուկ-խնամողը Փառանձեմ մայրիկն է, թեև ինքն էլ է վատառողջ: 1996-99 թթ. նա հաճախ էր գալիս Երևան` Աշտարակի խճուղու վրա, Պռոշյան ավանի մոտ գտնվող ՀՀ պաշտպանության նախարարություն: Չնայած վշտին` դեռ եռանդուն, գործունյա կին էր: Նոր Հաճընից հսկա կաթսայով տաք հարիսան ընդմիջման ժամին հասցնում էր նախարարություն և ախորժալի հարիսայից զարմանալիորեն բաժին էր հասնում ոչ միայն ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին, նրա օգնականին, քարտուղարության աշխատակիցներին, նաև այդ ժամին գործով նախարարական մասնաշենք այցելած մյուս վարչությունների աշխատակիցներին: Վայելում էին համով հարիսան, ջերմ խոսքերով շնորհակալություն հայտնում Փառանձեմ մայրիկին: Նա էլ ուրախանում էր այդ մաղթանքներից ու թևավորված հրաժեշտ տալիս: Վերջերս էլ նախարարության նորակառույց համալիր էր եկել, ժանգյալով հացի մեծ ու փոքր փաթեթներով, բայց հին աշխատակիցներից շատերը զորացրվել էին, անցել կենսաթոշակի, և չընկալվեց, չհասկացվեց սևազգեստ, մի բուռ դարձած ծեր կնոջ ժանգյալով հաց բաժանելը: Ոմանք հրաժարվեցին հյուրասիրությունից, ոմանք...
Ինչևէ, ժամանակը, այն էլ մերօրյա, արագընթաց սրբում-տանում է ազգային նկարագրին բնորոշ ջերմ դրսևորումները, փոխարենը սերմանում սառնություն, օտարութ յուն կամ պարզապես` ոչինչ:
Իմ վերջին այցի ժամանակ պատշգամբում եղած հալվեների տերևներն ավելի էին սմքել խեղդող շոգից ու տանտերերն էլ` հալվեի պես դիմացկուն, սակայն նույնպես հյուծված էին ու խնամքի կարոտ: Ընդհանրապես, այս տան յուրաքանչյուր անկյուն ու առարկա կարոտով են շնչում:
Վարպետ Վարդանը ծնվել է 1923թ. հուլիսի 16-ին, Գորիսում, խորհրդային ժամանակներին բնորոշ սովորական, բայց և առանձնահատուկ կենսագրություն ունի: Համոզվելու համար բավական է թերթել տասնամյակների շնչից խունացած լուսանկարների ալբոմը, քանդել փաստաթղթերի ստվար կապոցը: Առանձնապես տպավորիչ են խորհրդային առաջնորդ Ստալինի պատկերով բազմաթիվ շնորհակալագրերը, պարգևները, մեդալները, որոնց արժանացել է Մեծ հայրենականում ցուցաբերած խիզախութ յան և նշանակալի ավանդի, ինչպես նաև խաղաղ ժամանակ ջերմեռանդ և նվիրված աշխատանքի համար: Դիպուկ գնդացրորդ է եղել, խիզախ հետախույզ: Պատերազմի օրերը վերհիշելիս հայացքը ջերմանում է, զինակիցների, հրամանատարների մասին խոսում է իբրև հարազատի.
-Էլբայի ափին «Ռուսկի պրուտ» կոչված տեղ կար, այնտեղից մինչև Բեռլին 70 կմ էր մնացել: Այդ ժամանակ գնդացրորդ էի: Երկուսով էինք, մեկս կրակում էր, մյուսը` լիցքավորում: Անմիջական հրամանատարս մայոր Հրանտ Բաբայանն էր, դիվիզիայի հրամանատարը` գեներալ-մայոր Նվեր Սաֆարյանը (ցույց է տալիս լուսանկարները -Ա.Ծ.), նրա տեղակալը` գնդապետ Երվանդ Կարապետյանը: Նկատելով գնդացրի դիպուկ կրակոցները` գեներալը հարցնում է. «Ո՞վ է այդ գնդացրորդը»: Ասում են` Վարդան Տոռոզյանը: Իմ հասցեին գովասանքի խոսքեր է ասում:
Իմ կարծիքով` մարդ սպանելը հանցագործություն է, բայց պատերազմում եթե դու չսպանես, քեզ կսպանեն: Մենք պարտավոր էինք կռվել և հաղթել: Մեր հայրենիքի համար էինք կռվում:
Հայերս լավագույն կռվողներից էինք: Մեր դիվիզիայի մասին գրքում (Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի պատմությունը -Ա.Ծ.) այդ մասին շատ օրինակներ կան: Երբ Բեռլին մտած հայերը հաղթանակի առթիվ պարում էին մեր ավանդական «Քոչարի»-ն, մարշալ Գեորգի Կոնստանտինովիչ Ժուկովը մոտեցավ, խփեց ուսիս, ասաց. «Այս հաղթանակով հայերդ նույնպես մնացիք պատմության մեջ»: Թամանյան դիվիզիայի դրոշը գորիսեցի Սուրեն Մարգարյանի մոտ էր գտնվում: Նրա եղբայրը` Ռուբենը, վաշտի հրամանատար էր: Զոհվեց Կերչում, Վոյկովո գյուղից քիչ հեռու` իմ աչքի առաջ: Իսկ ինձ բախտ վիճակվեց ողջ մնալ:
Խաղաղ օրերից էլ Վարդան Տոռոզյանի հուշերն անսպառ են.
- Հայրս` ուստա Գրիգորը, լավ արհեստավոր էր: Աշխատանքի հանդեպ սերը նրանից եմ ժառանգել: Շատ շենքեր եմ կառուցել Երևանում, մասնակցել եմ «Հրազդան» մարզադաշտի շինարարությանը: Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը հաճախ էր գալիս, հետևում շինարարության ընթացքին: Երբ գար, հարցնում էր. «Որտե՞ղ է ուստա Վարդանը»: Ինձ շատ էր գնահատում: Երբ Վազգեն Սարգսյանի հետ եկան Նոր Հաճըն` ժողովրդի հետ հանդիպման, հարցրի. «Ինչպիսի՞ն են նոր ընկերներդ»: Ասաց. «Ազնիվ մարդկանց հետ կարելի է ընկերություն անել»: Մեր երկիրը դժվար վիճակից հանելու մեծ ծրագրեր, նպատակներ ունեին: Հասարակ մարդկանց սրտերում հույսի շող էր ծագել: Արտաքին թշնամուն հաղթեցինք, բայց մեր ներքին թշնամին ավելի դաժան գտնվեց...:
Վարպետ Վարդանի ձայնը դողում է, աչքերում արցունք է երևում: Ափերով չորացնում է, շարունակում.
- Այսօր աշխարհի հզորներն ասում են` հողերը հետ տվեք. ազատագրված հողը, որի համար մեր լավագույն տղաները զոհվեցին: Ո՜նց տաս, որ քո հավերժ թշնամին, քո մահն ուզողը կրկի՞ն գա, տունդ ավերի, քեզ սպանի:
Էդիկս շատ էր նվիրված Շարժմանը: Ինչ անում էր` թաքուն էր անում: Միայն երբեմն-երբեմն զրուցում էր ինձ հետ, հաղորդակից դարձնում իր խոհերին: Այդ վերջին օրը Վլադիկն ու ինքը չասացին` ուր են գնում: Երբ ողբերգությունը տեղի ունեցավ, ես չգիտեի: Տղաները եկան մեր տուն: Հետո Երևանից եկավ Մովսես Գորգիսյանը: Նրանցից իմացա, որ վիրավորվելու պահին Էդիկը կանչել է. «Հո´րս, հո´րս բերեք»: Մինչև հասա Աբովյանի հիվանդանոց, արդեն չէր շնչում: Չդիմացա, աչքերիցս արցունքներ հոսեցին: Մարդու կյանքը կարճ է, ցավը` շատ...:
Դուռը թակում են: Այդ ո՜վ է հիշել իրենց: Ժպտուն հայացքով, գեղեցկատես մի կին է` Նինա Մարտիրոսյանը, Էդիկի համադասարանցին: Միասին են աշխատել «Սապֆիր»-ի տեխնիկական բաժնում: Երբ աշխատանքից, հոգսերից ազատ ժամանակ է լինում, այցելում է Էդիկի ծնողներին: Հարցրի` կուզենա՞ր Էդիկի մասին իր հուշերը գրառեի: Աչքերը լցվեցին, ձայնը փոխվեց.
- Էդիկն ինժեներ-կոնստրուկտոր էր, լավ գծագրող: Թե´ դպրոցում, թե´ աշխատավայրում բոլորս քաշվում էինք նրանից, իր ներկայությամբ նույնիսկ չէինք կատակում: Հավաքույթներում, սեղանի շուրջ զրուցելիս, ուտելիս շատ էր զուսպ, չափավոր: Ամբողջ էությամբ տարված էր Շարժումով:
Փառանձեմ մայրիկը հացի խանութում էր աշխատում: Վարդան հորեղբայրը լավ շինարար էր: Որդու համար ոչինչ չէին խնայում, նաև լավ դաստիարակում էին: Ազգային ավանդույթների, հայրենի հող ու ջրի մեծ սեր կար նրանց օջախում:
Շատ աղջիկներ էին գնահատում, սիրում Էդիկին: Բայց նա, ասես, ուրիշ մի կերպ էր նայում կյանքին, չգիտեր` վերջն ի´նչ է լինելու:
Ամբողջ վաստակածը տալիս էր այդ գործին: Ասում էի. «Ի՜նչ ես անում, Էդի´կ»: Պատասխանում էր. «Ոչի´նչ, մայրս չի նեղանա»:
Ձմեռ շատ էր սիրում: Տղաներին ասում էր. «Գնա´նք, սահե´նք դահուկներով»: Սիրում էր հայկական խրոխտ, հայրենասիրական, ֆիդայական երգեր:
Զարմանալի օրեր էին. բոլոր աշխատավորական կոլեկտիվները հավաքվում էին գործկոմի շենքի դիմաց` հանրահավաքի: Միավորման դիրեկտորն էլ էր մեզ հետ, մեր կողքին: Ի՜նչ միաբան էինք, կազմակերպված: Հավատում էինք մեր պայքարի, արդար պահանջատիրության հաղթանակին: Բայց պայքարն այլ հունով ընթացավ: Ինչպես դարասկզբին` կրկին հայի արյուն թափվեց: Ու մեր տղաները լծվեցին զենք ստեղծելու գործին: Էդիկը նրանց շարժող ուժն էր, առաջնորդը:
Ափսո՜ս, որ այդպես եղավ...: Այդ օրը փորձարկման գնալիս իրեն բնորոշ ասպետականությամբ Էդիկն ընկերոջն ասել է. «Ճիշտ կլինի` ես փորձարկեմ. դու երկու երեխա ունես»:
Ինչպես ցորենի հասկն է օրորվում քամու շնչից, այդպես ամբողջ Նոր Հաճընն էր երերում ու ողբում Էդիկի մահը: Ոչ միայն Նոր Հաճընը, նաև հրազդանցիները, չարենցավանցիները, արտաշատցիները, սևանցիները...: Ինչպե˜ս էր ողբում Սասուն Միքայելյանը:
Իրենց շենքի առջևով անցնելիս միշտ աչքս Փառանձեմ մայրիկին է փնտրում: Երբ որևէ տոնի, հանդիսության եմ մասնակցում, նորհաճընցիների մեջ Էդիկին եմ փնտրում: Էդիկից մի մասնիկ կա, մի հետք:
Նինան լռում է: Քիչ անց, մի տեսակ արդարանալով, ասում է.
- Գնա´մ, տանեցիք սպասում են. աշխատանքս շուտ էի ավարտել, որոշեցի այցելել, ահա և եկա:
Հեռանում է` հուշերից հոգին ալեկոծված, խռովքոտ:
Փառանձեմ մայրիկը հաց է դնում սեղանին, դաշտից քաղած, տապակած կանաչի ու մի քիչ գինի: Վարպետ Վարդանը երերալով, դժվարությամբ մոտենում է սեղանին: Ոտքերի ցավն անտեսած` ժպտում է, ու այդ ժպիտում գարնան արևի ջերմություն կա: Փառանձեմ մայրիկը գինի է լցնում` մի-մի կում, օրվա խորհրդի համար: Իսկ անկյունից, որտեղ նրանց որդու անձնական իրերն են, գրվածքները, կոչերը, լուսանկարից պարզ ու ներողամիտ հայացքով մեզ է նայում նա` Էդիկ Տոռոզյանը` որպես պայքարի մշտարթուն պահապան զինվոր: