Հաֆեզից մինչև Ֆիրդուսի
«Շահի դստեր գլխին շրջեց ուղիղ իննը լուսնկա,
Լուսնի նման աշխարհ բերեց լուսնանման մի տղա£
Նա կարծես թե Ռոստամ¬Զալն էր, հորը նման էր այնքան,
Կամ թե առյուծ Սամն էր, կամ թե Նարիմանը հաղթափայլ£
Մայրը նրա դեմքին տեսավ ուրախ ծիծաղ, երբ ծնվեց,
Կայտառության համար էր, որ նրան Սոհրաբ անվանեց»£
Հազիվ թե մեր անընթերցող օրերում գտնվի նույնիսկ մեկը, ում անծանոթ լինեն բանաստեղծական այս տողերում հիշատակված անունները£ Իրանի ամենամեծ պոետի` Ֆիրդուսու «Շահնամե» դյուզացներգության ամբողջական բովանդակությանն անտեղյակներն անգամ մտապահել են ուշագրավ մանրամասները 50 անհավասար «փադիշահներից» («թագավորություններից») բաղկացած ծավալուն հերոսապատումի ամենանշանակալի ասքերից մեկի` «Ռոստամ և Սոհրաբ»¬ի£ Վերջինիս հանրաճանաչմանը, անկասկած, մեծապես նպաստել է հայտնի էկրանավորումը, որի հայերեն հրաշալի կրկնօրինակումը որոշակի գաղափար է տալիս 976¬ից Դաղիղի սկսած «Շահնամե» պոեմը շարունակած ու փայլուն ավարտի հասցրած Ֆիրդուսու (Ֆերդոսի կամ Հեքիմ Աբոլղասեմե Ֆերդոսիե Թուսի) անգերազանցելի հզոր քանքարի մասին նաև£ Կարծում եմ, այս հանգամանքը վճռորոշ է եղել հայ¬իրանական մշակութային «Միհր» ակումբի (նախագահ` Վաղինակ Սարգսյան) նախաձեռնությամբ բոլորովին վերջերս թողարկված «Ֆերդոսի. «Ռոստամ և Սոհրաբ»» ձայներիզի բովանդակային հենքն ընտրելիս£ Առաջին անգամ «Շահնամե»¬ի այս դրվագը հայերեն է թարգմանվել Գ. Ասատուրի կողմից դեռևս 1934¬ին£ Հետաքրքրությունը մշակութային այդ կոթողով սոսկ նրա գրական-գեղարվեստական արժեքով չի պայմանավորված եղել£ Դիցաբանական, դյուցազնական և պատմական 3 մասերից բաղկացած իմաստության այս գանձարանում բազում կարևոր պատմական (VI-VII դդ.) տեղեկություններ են ամփոփված ոչ միայն հայերիս, այլև Իրանի մյուս հարևան ժողովուրդների մասին£
Նորընծա ձայներիզում ասմունքող Աիդա Ասատրյանը, բլուլի և թմբուկի նվագակցությամբ, կարդում է Ս. Ումարյանի թարգմանած տեքստը£ Հարակից գրքույկում «Ռոստամ և Սոհրաբ»¬ը ներկայացվում է զուգահեռաբար հայերեն և պարսկերեն£ Ինչպես և ԻԻՀ դեսպանատան մշակութային կենտրոնի (խորհրդական` Մոհամադ Ռեզա Շաքիբա) ու Երևանի «Մելլաթ» բանկի հովանավորությամբ թողարկված նախորդ 5 ձայներիզների գրքույկներում, այստեղ էլ գրողի հետ հակիրճ ծանոթությունից է սկսվում ստեղծագործության մատուցումը£ Փոքրածավալ արդիաոճ հրապարակումերով ներկայիս հայ հասարակությանը սպառիչ ու լակոնիկ իրազեկելով Փարսի մեծատաղանդ զավակների ստեղծած հոգևոր-մշակութային մնայուն արժեքների մասին` «Միհր»¬ը զգալի ավանդ է ներդնում հայ¬իրանական բարիդրացիական փոխշփումների ակտիվացման ոլորտում£ 2005¬ին սկսելով Հաֆեզի անկրկնելի գազելների մի փոքրիկ շարքի հրապարակմամբ` այնուհետև լույս ընծայեց Նիշաբուր քաղաքի հռչակավոր իմաստուն Օմար Խայամի քառյակները. բանաստեղծություններ` քաղված արդի պոեզիայի ու նկարչության ամենաինքնատիպ անհատականություններից մեկի` Սոհրաբ Սեփեհրիի «Կանաչ ծավալ» ժողովածուից. շուրջ 800 տարի իրենց խրատաշունչ բանականությամբ անխամրելի մնացած Մոլավիի (Ջալալեդի Մոհամադ Բալխի) չափածո ժառանգության ընտրանին… Անցյալ տարվա մշակութային իրադարձություններից էր «Սուրբ Ղուրան»-ի հայերեն հրատարակությունը` Էդուարդ Հախվերդյանի գլխավորած թարգմանչաց խմբով£
Այսպիսով, պարբերական մասնակի ներարկումներով, ավելի դյուրին և անհամեմատ ուժգին են զրնգում, ի լուր ամենքի, հինավուրց համաշխարհային քաղաքակրթության իրանցի մեծահամբավ արարիչների անունները£
: