ՀԵՐԹԱԿԱՆ ՇՈՈՒ և ոչ ավելի
Ըստ ամենայնի` հայրենի արմատականներն արդեն իրենք էլ են սկսել գիտակցել, որ հակակրիմինալ շարժումը մարում է£ Ճիշտ է, ոստիկանության պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանը միայն երջանիկ պատահականությամբ օրերս կարողացավ խուսափել անհայտ հանցագործի մահաբեր գնդակներից, բայց դա արդեն ընդդիմադիրների համար նվազ հետաքրքրական թեմա է£ Համատեղ քարոզարշավն աստիճանաբար նոր խնդիրներ է առաջադրում` արմատականներին ակամայից հնարամիտ դարձնելով ու մղելով նորանոր նախընտրական հայտնագործությունների£ Ահավասիկ, խորհրդարանական վերջին քառօրյայում այս խիստ հեղհեղուկ հակաիշխանական ճակատի անդամներից մեկը քառամյա լռությունից հետո հայտարարեց, թե դիմելու է Սահմանադրական դատարան… Նա «պարզել» է, որ դրամի անկասելի հաղթարշավի հետևանքով հանրությանը մատուցվող որոշ ծառայությունների սակագները կարելի է նաև նվազեցնել£ Դե ինչ, մտահղացումը վատը չէ. ջուր, գազ, հոսանք օգտագործում ենք բոլորս, և նշված ծառայությունների սակագներն իբր թե ընդդիմության պահանջով թեկուզ մի քսան տոկոսով իջեցնելը աննախադեպ նախընտրական տրյուկ կլինի` իր բոլոր երազելի հետևանքներով հանդերձ£ Ընտրազանգվածն էլ կատարվածից ուշքի չի գա ու շանթահարվածի նման հրապարակներում գիշերով «հոգևարքում» հայտնված իշխանությունից կպահանջի այսօրվա արմատականներին բոլոր ժամանակների խորհրդարաններում ընդգրկվելու մշտական տոմսեր բաժանել£ Ցավոք, սակայն, երազանքները (հատկապես քաղաքականները) հիմնականում չեն իրականանում մի շատ հասարակ` հայրենի քաղգործիչների կողմից իրականության և երազի սահմանները չճանաչելու պատճառով£ Որևէ մեկը չի առարկի, որ ինչպես գազը, այնպես էլ ջուրն ու հոսանքը մարդիկ լրիվ անվճար ստանան ու օգտագործեն£ Բայց այդչափ բարեհաճ լինելու հնարավորություն, ինչպես գիտենք, մեր իշխանությունները չունեն£ Իհարկե, աշխարհում նման նախադեպեր կան, բայց, օրինակ, Վրաստան մատակարարվող գազի սակագինը բազմապատկել պատրաստվող ռուսական իշխանություններին չես համոզի, թե հայրենի Կենտրոնական բանկի մեքենայությունների արդյունքում մեր երկրում տարադրամի գնի անդուր տատանումներ են տեղի ունենում, ու բնակչությունը դրանից տուժում է£ Ի՞նչ տեղի կունենա, եթե վաղն արթնանանք ու տեսնենք, որ մեկ դոլարը դարձյալ 580 դրամ արժե£ Համապատասխան հանձնաժողովը ծառայությունների սակագները դարձյա՞լ պետք է վերանայի£ Քաղաքական է սկսվող շոուի նպատակը, նախընտրական£ Ու նման իրավիճակում հանրությանը շարունակաբար հավատացնելը, թե ուր որ է բոլորս սկսելու ենք լավ ապրել, եթե ընդդիմության նախընտրական շոուները հաջողությամբ պսակվեն, ստախոսության վատ քողարկված օրինակ է£ Արտաքին մարտահրավերները` ներքաղաքական սրացումների սպառնալիք Պարադոքս է, բայց փաստ. թեպետ նախընտրական տարի է, բայց Հայաստանի ներքաղաքական կյանքում իրադարձությունների, տեղաշարժերի, էլ չասած` սրացումների դեֆիցիտը խորհել է տալիս, որ երկրում առկա է քաղաքական լճացում: