Որ հոգին չհիվանդանա

8 ԽՈՐՀՈՒՐԴ ՀՈԳԵԹԵՐԱՊԵՎՏԻՑ

Սովորաբար (և, իհարկե` դժբախտաբար) մարդ արարածը մտահոգվում  մարմնի ապաքինությամբ՝ անգամ չմտածելով հոգեկան առողջության մասին: Մարմնավոր ախտերն այս կամ այն կերպ զգացնել տալիս են իրենց գոյությունը, մինչդեռ հոգեկանը, բնավորվելով՝ զրկում է իր հարուցած մտավոր տկարությունը գիտակցելու ունակությունից:  Իսկ մասնագետներն արդենիսկ ահազանգում են, որ հետզհետե հոգևոր ախտերն ավելի ու ավելի տարածուն են դառնում: wiolife.ru-լ միջոցով տարածված հոգեթերապևտի խորհուրդները, կարծում ենք, լրացուցիչ սթափության կմղեն՝ ուղեփակոց դնելու մարդկային հոգուն սպառնացող անցանկալի որոշ սովորույթների առջև և վերահսկելու-վերափոխելու բնավորության որոշ գծեր:

 

ՁԵԶ ՀԵՏ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԴԵՊՔ-ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՄԻ՛ ՄԵՂԱԴՐԵՔ: (Եթե, իհարկե, տվյալ տհաճ միջադեպն ուղղակիորեն և ակներևաբար ինչ-որ անձի կողմից կամ նրա պատճառով չի կատարվել:) Հասկանալի է, ուրիշ մեղավոր «գտնելը» գուցե մասամբ  թեթևացնում է տհաճություն ապրող մարդուն: 
 
Հասկանալի է նաև, որ դժվար է անգամ ինքզինքը խոստովանել, թե «ես եմ իմ անհաջողությունների հեղինակը»: Այդուհանդերձ՝ պե՛տք է խոստովանել և շարունակել ապրել «ես եմ իմ անհաջողությունների հեղինակը և հաջողություններս կռողը» սկզբունքով:
 
ԸՆԴՈՒՆԵՔ ՎԵՐՋԱՊԵՍ, ՈՐ ԱՆՑՅԱԼՆ ԱՐԴԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԵՎ ԱՆԿԱՐԵԼԻ Է ԱՅՆ ՓՈԽԵԼ: Մեզ համար «կառավարելի» կարող է լինել միայն ապագան, որն էլ ուղղակիորեն կախված ներկայից, մեր ապրած ամեն օրից ու ժամից: 
 
ՈՒրեմն մոռացե՛ք անցյալի դժվարություններն ու տհաճությունները և հնարավորինս իմաստալի ու թեթև ապրեք ներկան: Սին հույսեր մի՛ փայփայեք, թե գալիքը «սեփական նախաձեռնությամբ»  ժպտալու է ձեզ. Այնպես ապրեք այսօր, որ վաղվա օրն ակամա ժպտա ձեզ:
 
ՁԵՐԲԱԶԱՏՎԵ՛Ք ԱՅՆ ՊԱՏՐԱՆՔՆԵՐԻՑ, ԹԵ ԿԱՐՈՂ ԵՔ ՓՈԽԵԼ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ: Հաճախ ենթագիտակցորեն մենք տարվում ենք միամիտ այդ մոլորությամբ, իսկ հետո տառապում՝ մերձավորներին, անգամ հարազատներին փոխել չկարողանալու մեր անզորությունից: 
 
Մարդկանց փոխել կարող են միայն կոնկրետ իրավիճակները. Մնացյալը սոսկ ներշնչանքից ծնված խաբկանք է: Պարզապես ինքներդ ձեզ փոխեք՝ դիմացինին ընդունելով այնպիսին, ինչպիսին նա կա:
 
ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՄԵՆՔ ՊԵՏՔ ԵՆՔ ՈՒԺԵՂ ԼԻՆԵԼՈՎ: Թույլ, հոգնած, տառապած, դժբախտ մարդն ուրիշներին պետք չէ: Եթե նույնիսկ ոմանք կփորձեն հավատացնել, թե ձեր մշտապես թույլ ու անօգ վիճակն իրենց չի ձանձրացնում՝ չհավատաք: 
Անձնատուր մի՛ եղեք ոչ մի դեպքում: Խորությամբ վերլուծեք ձեզ ցավեցնող ու տկարացնող հոգեվիճակի պատճառները և կհամոզվեք, որ դրանք ընկճախտային ապրումների առիթ չեն: 
 
ՄԵՐ ԲՈԼՈ ԱՐԱՐՔՆԵՐԸ ՈՐՈՇԱԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ: Առողջ բանականության տեր մարդիկ սովորաբար կոնկրետ քայլ կատարելուց առաջ նախ հաշվարկում են դրա արդյունքն ու հետևանքները: Այնպես որ՝ անխոհեմ որևէ քայլ անելուց առաջ մի լավ մտածեք դրա հետևանքների մասին. Այդժամ ճակատագրական սխալներն անհամեմատ կնվազեն ձեր կյանքում:
 
ԱՅՆՊԵՍ ՄԻ ԱՊՐԵՔ՝ ԱՍԵՍ ԱՊՐԵԼՈՒ ԵՔ ՀԱՎԵՐԺ: Բոլոր մարդիկ մահկանացու են: Հանրահայտ ու անխուսափելի այս փաստը կարող է յուրաքանչյուրիս տանջել և տառապեցնել: Բայց կարելի է ու ճիշտ է մեկընդմիշտ մոռանալ այդ մասին: 
Ավելին, պետք չէ մտածել, թե ապրելու եք հավերժ, ինպես նաև՝ մտածել, թե մեռնելու եք վաղը: Ընտրեք այս երկու ծայրահեղությունների միջինը և կգտնեք իմաստալի ապրելու ձեր բանաձևը:
 
ԱՐԵՔ ԱՅՆ, ԻՆՉԸ ՆԵՐՔՈՒՍՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՔ ՀԱՄԱՐՈՒՄ: Եթե սևեռվել եք այն մտքի վրա, թե ո՞րն է կյանքի իմաստը, ուրեմն դուք դեպրեսիայի մեջ եք: Կարևորը ոչ թե կոնկրետ «կյանքի իմաստն» է, այլ մտածված, նպատակներով ապրելու զգացողությունը: Արեք այն, ինչը ներքուստ կարևոր եք համարում: ՈՒ առանձնապես մի՛ վազեք հաջողության ետևից:  Եթե պարզապես անեք այն, ինչը ներքուստ կարևոր եք համարում, հաջողությունն ինքը կգտնի ձեզ:
 
ԺԱՄԱՆԱԿ ՈՒ ՋԱՆՔԵՐ ՄԻ՛ ՎԱՏՆԵՔ ՆՐԱՆՑ ՎՐԱ, ՈՎՔԵՐ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ ՁԵՐ ՀԱՆԴԵՊ ԿԱՄ ՉԵՆ ՍԻՐՈՒՄ ՁԵԶ:  Բոլորի կյանքում էլ քիչ չեն մարդիկ, ում հետ ապրելը կամ առնչվելն ուրախություն է պատճառում: Պարզապես պետք չէ ներամփոփ ու կասկածամիտ լինել: Հավատացեք, մարդկանց հետ հարաբերություններում բարի ու գոնե փոքր-ինչ անկեղծ լինելով՝ ոչինչ չեք կորցնի: