Մարդասիրությունը բուժսարքավորումներով չի չափվում
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Անցյալ շաբաթավերջին «Սասնա ծռերը» հայտարարություն տարածեցին Դատապարտյալների հիվանդանոցում Արթուր Սողոմոնյանի, Արմեն Լամբարյանի, Արամ Հակոբյանի, և նաև՝ Խաչիկ Գիչյանի նկատմամբ աննախադեպ ճնշումների վերաբերյալ: Մասնավորապես, փաստաբան Մուշեղ Շուշանյանը տեղեկացրել էր, որ բոլոր 4 քաղբանտարկյալների դռների վրա կողպեքներ են տեղադրվել, մինչդեռ հիվանդասենյակներում գոյություն չունեն մարդու կյանքի համար տարրական պայմաններ՝ ջուր և պետքարան։
Նշվել էր, որ քաղբանտարկյալները գտնվում են հեղձուցիչ պայմաններում. չկա օդափոխության հնարավորություն։ Հիվանդանոցի տնօրինությունն այս հարցի կապակցությամբ ասել էր, թե անհրաժեշտության դեպքում հիվանդասենյակների դռները կբացվեն, և նրանք կկարողանան օգտվել միջանցքում գտնվող ջրից և պետքարանից։ Սակայն, երբ Արթուր Սողոմոնյանին բժիշկ էր անհրաժեշտ եղել, և նա երկար ժամանակ թակել էր դուռը, բայց՝ ապարդյուն։ Բժիշկը հայտնվել է միայն այն ժամանակ, երբ Արթուրը սկսել էր կոտրել հիվանդասենյակի դուռը։
Հայտարարությանն արձագանքելով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այցելել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալով խնդրի մանրամասներին:
Այս առնչությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանը հիշեցրել էր՝
- Քրեակատարողական հիմնարկներում բուժօգնության մակարդակը մտահոգիչ է, իսկ կալանավորված կամ դատապարտված անձի թիվ մեկ պատասխանատուն պետությունն է, ում իրավազորությունների սահմաններում գտնվում է անձը:
Իսկ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը փաստել էր, որ անազատության մեջ գտնվողներին անհրաժեշտ դեղորայքը հարազատներն են բերում:
- Լավ, ինչքան մարդ պետք է մեռնի, որ սրանք խախանդվեն: Իրենք դատապարտյալներին, կալանավորներին մարդ չեն համարում, մարդասիրական, հումանիտար կանոնները իրենց վրա չի տարածվում,-ասել էր Ն. Կարապետյանցը:
Այսօր այդ խնդրին անդրադարձել է արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ խոստովանելով, որ քրեակատարողական հիմնարկներում սարքավորումներով հագեցվածությունը խնդրահարույց է, բայց այնպես չէ, որ միայն ջերմաչափ ու ճնշում չափող սարքեր են առկա: Սարքավորումներով բավականաչափ հագեցած են «Դատապարտյալների հիվանդանոցը», «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողականները, բայց սա դեռ չի նշանակում` կառավարությունը խնդիրներին տեղյակ չէ:
- Հավանաբար, հուլիսի կեսերին բոլոր քրեակատարողական հիմնարկներում կունենանք ամբողջությամբ հագեցած առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, ավելի լավ հագեցած, քան ցանկացած պոլիկլինիկա կամ առողջության պահպանման կենտրոն,-ասել է Սուրեն Քրմոյանը:
Նրա խոսքով՝ ՔԿՀ-ների և Արդարադատության նախարարության առջև խնդիր է դրված, որպեսզի ՔԿՀ-ներում սարքավորումները և բուժօգնությունը լինեն առնվազն նույն մակարդակի, ինչ քաղաքացիական հիվանդանոցներում:
Հետգրություն. Եթե անկեղծ՝ քաղաքացիական բուժհիմնարկներն իրենց հագեցվածությամբ ևս հասանելի չեն բոլորին, որովհետև առողջությունը վերականգնելը բավական թանկ հաճույք է՝ պատկառելի տոկոս կազմող անվճարունակ բնակչության համար: Ինչ վերաբերում է կալանավայրերին, ապա հնչող դժգոհությունները ոչ այնքան սարքավորումների պակասից է, որքան մարդավայել վերաբերմունքից: Եթե նույնիսկ գլխացավի դեղը պիտի կալանյալի հարազատները բերեն, ուրեմն ամենաթանկարժեք սարքավորումներն անգամ օգտակար չեն լինի՝ եթե ՔԿՀ-ների բժիշկները շարունակեն նույն անտարբերությամբ անդարման թողնել անազատության մեջ գտնվողներին: Այս մասին փոխնախարար Սուրեն Քրմոյանը ոչինչ չասաց: