Հայաստանում անտեսվա՞ծ են կանայք

«ԿԱՆԱՅՔ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՈՒՄ»

Ըստ «Հանրային լրագրության ակումբ» ՀԿ-ի իրականացրած ֆեյսբուքյան հարցման արդյունքների՝ պատասխանողների 47 տոկոսը անբավարար է գնահատում նոր ձևավորված կառավարության կազմում կանանց ներգրավվածության աստիճանը, իսկ 53 տոկոսը՝ բավարար կամ՝ ավելի քան բավարար:
 
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 21 անդամներից (վարչապետ, 3 փոխվարչապետ, 17 նախարար) միայն 2-ն են կանայք` նախարարի պաշտոնում:
 
Մեդիակենտրոնում «Կանայք նոր կառավարությունում և քաղաքական 
գործընթացներում» թեմայով քննարկմանը մասնակցող իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը դիտարկել է, որ իներցիոն վիճակը և կանանց հասարակական ակտիվության մասին պատկերացումները մնում են նույնը՝ նաև թավշյա հեղափոխությունից հետո:
 
- Շատ մեծ գործ ուներ անելու նոր ձևավորված կառավարությանը: Այն ուղերձը, որը պետք է փոխեր հանրային գիտակցությունը, այդպես էլ չհնչեց,- ասում է Զ. Հովհաննիսյանը:
 
Իրավապաշտպանը առաջարկում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել. մասնավորապես՝ բարձրացնել կանանց քվոտան՝ հասցնելով 30 տոկոսի.
 
- Կարծում եմ՝ պետք է մտցնել նաև դրույթ ԱԺ-ից հեռացող կին պատգամավորի տեղը կին պատգամավորով համալրելու վերաբերյալ: Մենք տեսանք , որ Մանե Թանդիլյանի կառավարություն գնալուց հետո, խորհրդարանում նրա տեղում հայտնվեց տղամարդ պատգամավոր:
 
ԵՊՀ Գենդերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, փաստարկում է, որ կուսակցությունների ներսում նույնպես առկա է գենդերային հավասարության խնդիր:
 
- Մենք անցած տարի իրականացրել ենք հետազոտություն բոլոր կուսակցություններում: Նախ որևէ կուսակցություն չունի գենդերային քաղաքական ռազմավարություն, թե ինչպես են պլանավորում ներգրավել կանանց, դա բացակայում է: Մենք ունենք մեկ շատ ծայրահեղ մոտեցում, որ մենք կանանց հարգում ենք, սիրում ենք, մարտի 8-ին շնորհավորում ենք և այլն, որը  շատ ցավալի մոտեցում է: Երկրորդ մոտեցումն այն էր, որ ասում են հենց կանայք չեն ուզում մտնել քաղաքականություն, ո՞ւր են այդ կանայք, նրանք ամուսնանում են, գնում են: Եվ շատ ավելի քիչ մարդիկ էին ընդունում, որ մեղավորությունը այդ «դարպասապահների» շրջանում է: Ես կարծում եմ լուրջ խնդիր ունենք  հասարակության իրազեկման համար և լուրջ աշխատանք պետք է տարվի թե ՛ կուսակցությունների, թե ՛ կառավարությա հետ,- ասում է Շահնազարյանը:
 
Քաղաքագետ Իրինա Ղափլանյանն էլ գտնում է, որ հեղափոխությունը դեռ նոր է սկսում, և մենք նոր ենք մտնելու թեժ պայքարի մեջ:
 
- Մենք երկու տարի առաջ հետազոտություններ անցկացրեցինք, որոնց արդյունքում մի քանի հարցադրումներ էինք արել: Առաջին պատճառներից մեկը մեր հասարակության հայրիշխանական, պահպանողական բարդույթներն են: Հաջորդ պատճառներից մեկը կոռուպցիան է: Մեր հասարակական, մշակութային գիտակցության մեջ քաղաքականությունը դիտարկվում է որպես կոռուպցիոն ախտոտ ոլորտ և, պահպանողական կարծրատիպերից ելնելով՝ կինը չպետք է մտնի այդպիսի ոլորտ: Հասարակական պահանջ չկա կանանց ներգրավվածությունը տեսնելու քաղաքական ոլորտում: Դա բխում է նրանից, որ հասարակության մեջ կարծրատիպ կա, թե կանայք կատարողի դերում են, իսկ տղամարդիկ՝ որոշում կայացնողի,- փաստում է Ղափլանյանը:
 
Նա ընդգծում է՝ քանի որ խնդիրը շատ բազմազան է, պետք է ռազմավարություն լինի թե ՛ մշակութային, թե ՛ կրթական, թե ՛ հասարակական ուղղություններով: Ղափլանյանը կարևորում է նաև օրենսդրական փոփոխությունները:
 
«Իրավունքի ուժ» ՀԿ-ի համահիմնադիր Արման Ղարիբյանը դրական է վերաբերվում քվոտայի համակարգին:
 
- Ես կողմ եմ քվոտաներ ունենալ ավելի ցածր մակարդակում` կուսակցություններում, դա սկանդինավյան երկրներում ընդունված պրակտիկա է,- նշում է Ա. Ղարիբյանը:
 
Նա բացարձակ անհիմն է համարում այն միտքը, թե կանայք ակտիվ չեն և պատրաստ չեն ստանձնել քաղաքական պատասխանատվություն:
 
- Ուղղակի քաղաքական կուրություն է՝ ասել, որ չկան այդպիսի կանայք: Դրա վառ օրինակն են բազմաթիվ կանայք, որոնք ղեկավարում են ՀԿ-ներ, հայտնի են իրենց համաձակ դիրքորոշումներով,- ընդգծում է Ղարիբյանը:
 
 
Լիլիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ 
Մեդիա կենտրոն ծրագրի խմբագիր/համակարգող