«ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան»-ը՝ Դուբայում
ԵՎՐՈՊԱՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻՆ
Առաջին անգամ «ORGANIC ARMENIA» («ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան») համատեղ տաղավարով 12 հայաստանյան ընկերություններ ներկայացնում են իրենց հավաստագրված օրգանական և բնական արտադրանքը՝ դեկտեմբերի 11-13-ը Դուբայում կազմակերպված «Organic & Natural Expo Middle East» ցուցահանդեսում: Այն իր տեսակով միակն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում:

Իրենց օրգանական արտադրանքի մատակարարման շղթաները և հարակից առևտրային հոսքերը ընդլայնելու նպատակով ՕԳԱՆ ծրագիրը աջակցում է արտադրողներին՝ գործնական կապեր հաստատելու և արտահանման շուկաներ գտնելու:
Հայաստանի համար սա եզակի հնարավորություն է՝ Մերձավոր Արևելքի շուկային ներկայացնելու Բնական և Օրգանական (Էկո, Բիո) մակնշումներով սերտիֆիկացված իր լավագույն գյուղատնտեսական արտադրանքը և ցուցադրելու հայկական բնության հարստությունները, այն է՝ մեղրի, չորացրած մրգերի, խոտաբույսերի և հյութերի բազմազանությունը:
Օրգանական գյուղատնտեսության ոլորտը հայաստանյան արտադրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում մրցակցելու իր բարձրարժեք արտադրանքի որակով, այլ ոչ թե քանակով:
«ՕՐԳԱՆԱԿԱՆ Հայաստան» թիմը բաղկացած է 12 ցուցադրող և 5 այցելու կազմակերպություններից ու արտադրողներից: