Կոռուպցիայի դեմ պայքարում են՝ կոռուպցիոներներին շրջանցելո՞վ

ԲԱՎԱՐԱՐ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ ՉԵՆ ԵՂԵԼ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարծես թե անցյալում են, բայց ոչ՝ ՀՀԿ պատգամավոր, «ՍԱՍ» սուպերմարկետի տնօրեն Արտակ Սարգսյանի համար, քանի որ նրա ձայնագրության հրապարակումից հետո շատ հարցեր անպատասխան են, իսկ մեղավորները՝ անպատիժ: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից լրագրողներն այսօր հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ոչ ոք այդպես էլ չպատժվեց, մեղավորնել էլ չբացահայտվեցին:
 
- Բավարար ապացույցներ չեն եղել,- ասաց Արթուր Դավթյանը:
 
Հիշեցնենք՝ ձայնագրության մեջ լսվում էր, թե ինչպես են սուպերմարկետի աշխատակիցներին հորդորում՝ ձայն տալ ՀՀԿ օգտին, հակառակ դեպքում  կազատվեն աշխատանքից: 
 
Լրագրողների հարցին, թե տարօրինակ չէ՞, երբ  ձայնագրությունից հետո ոչ ոք չպատժվեց, այն դեպքում, երբ իշխանությունն ամեն օր խոսում է կոռուպցիայից, իսկ այսօր էլ վարչապետի գլխավորությամբ եղել է  հակակոռուպցիոն  մարմնի առաջին նիստը: 
 
Գլխավոր դատախազը հավաստիացնում է՝ կոռուպցիայի դեմ  իշխանությունն անհանդուրժողականություն է դրսևորելու, և յուրաքանչյուր փաստ դառնալու է քննության առարկա: Այս գործը դատարանում չհայտնվեց, որը նշանակում է՝ ապացույցները բավարար չեն եղել: 
ՀՀ գլխավոր դատախազի հավաստմամբ՝ ոչ միշտ  է  ձայնագրությունը ապացույց համարվում:
 
- Այդ ձայնագրության հանգամանքները մանրամասն քննվել են, հարցաքննվել են ձայնագրության մեջ խոսող, միջոցառմանը մասնակցող անձինք, ուստի ձայնագրության առկայությունը կամ բացակայությունը «այստեղ որևէ կապ չունի»: Էականն այն է՝ կատարված իրադարձությունը հանցակազմի հատկանիշներ պարունակո՞ւմ է, թե՞ ոչ: Իսկ հանցակազմի հատկանիշներ այս իրադարձությունը, չի պարունակել,- մանրամասնում է դատախազը: 
 
Արթուր Դավթյանը հաստատեց, որ ձայնագրության մեջ խոսող անձը եղել է «ՍԱՍ» սուպերմարկետների սեփականատեր, ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանի եղբայրը, ով ևս հարցաքննվել է: Իսկ թե ինչ է ասել հարցաքննության ժամանակ՝ դատախազը հստակ չի ասում: 
 
Այլ պատասխան գլխավոր դատախազից չէինք էլ կարող ակնկալել, քանի որ այս ձայնագրությունը և դրա շրջանառումը իշխանության որոշ ներկայացուցիչների և իրավական շրջանակների բախման արդյունք է: 
Գլխավոր դատախազից նաև օրերս պաշտոնանկ եղած ՀՀ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի մասին հարցրին:
 
Խոսակցություններ կան, որ Հ. Բաղմանյանը մի շարք աղմկահարույց պատմությունների և մի քանի գործարարի «քցելով» է զբաղված եղել: Արի ու տես, որ ՀՀ գլխավոր դատախազի, իրավապահների համար կարծես թե Հայկազ Բաղմանյանն էլ է անձեռնմխելի: 
 
- Երբ որ մենք Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք և դա կհիմնավորվի, կլինի քրեական պատասխանատվություն,- ասաց Արթուր Դավթյանը:
 
Այս ամենից հետո հարց է առաջանում՝ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն ի՞նչ քրեական պատասխանատվության մասին է խոսում, երբ հայտարարում է.
 
- Ցանկացած անձ՝ օգտագործելով իր աշխատանքային կամ այլ հարաբերությունները, պարտադրել է մասնակցել քարոզչությանը, կամ հակառակը՝ ձեռնպահ մնալ քարոզչությունից, պետք է դիտարկվի որպես քրեական արարք: 
 
Այս փոփոխությունը, ըստ Դավիթ Հարությունյանի, նոր է արվել, հետևաբար ՍԱՍ-ի ձայնագրությանն ընթացք չտրվեց:
Նախարարին պետք է հիշեցնենք վերջին 25 տարում բազմաթիվ դեպքեր, երբ անբավարար ապացույցների առկայության դեպքում պատիժն անխուսափելի է եղել: Այնպես որ քաղաքական կամքի դեպքում՝ անգամ անկատար օրենսդրությամբ, կարելի է պատժել մեղավորներին: Իսկ պատիժը նաև նաև նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր պատվի գործ են համարում օրենքը շրջանցելն ու անպատիժ մնալը: