Ինչպե՞ս են մսխում Երևանի բյուջեն

ՍՏԱՑՎՈւՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ ՓՈՂ ՇԱՏ ԿԱ

Պարզվում է՝ Երևանի բյուջեից 11 մլն դրամ մսխելու նոր ձև է գտնվել:
 
Քաղաքապետարանն ամեն տարի այդքան գումար է փոխանցում «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հ/կ-ին՝ որպես անդամավճար: Երևանի ավագանու «Ելք» խմբակցության պնդմամբ՝ ասոցիացիան  փաստացի չի գործում, քանի որ 2013-ից հետո դրա կայքը չի թարմացվել: 
 
Ավելին՝ 2015 թվականից էլ 5,5 մլն դրամ անդամավճարը կրկնապատկվել է, ու անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ: Ասոցիացիայի ղեկավարը ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն է, ով մինչ օրս որևէ պարզաբանում չի տվել: Նրա համար մե՞կ է՝ ով ինչ կասի, թե՞ այս իրավիճակում արդարանալը փոքր-ինչ դժվար է: Սուսիկ-փուսիկ, անաղմուկ  վայելում են 11 մլն դրամը (սա՝ միայն Երևանի քաղաքապետարանից, իսկ մյո՞ւս համայնքներից): 
 
«Ավանգարդը» ուսումնասիրեց avagani.am կայքը: Իրոք, վերջին անգամ այն թարմացվել է 2013-ին: Որպես արդարացում՝ ասոցիացիայի  վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Մուշեղ Տերյանը մշտական ծրագրավորող չունենալն է մատնանշում: Սակայն կայքում նորություն տեղադրել անգամ լրագրողը կարող է՝ առանց հատուկ մասնագիտացման ու լրավճարի:
 
Ասոցիացիան ունի «Ավագանի+» թերթը, որի գոյության մասին հատուկենտ մարդիկ են լսել: Կայքում անգամ հաշվետվություն տեղադրված չէ ասոցիացիայի գործունեության մասին: Հետաքրքիրն այն է, որ ասոցիացիայի վերստուգիչ հանձնաժողովի նախագահն այն հարցին, թե ինչի վրա են ծախսել այդ գումարները, պատասխանում է՝ ավագանու անդամներին տրվող  ուղեցույցներ են կազմվել: Ընդ որում՝ «Ձեռնարկ համայնքի ավագանու անդամների և անդամության թեկնածուների համար» ուղեցույցը հրատարակվել է գերմանական «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ: Այսինքն՝ ասոցիացիային փոխանցված 11 մլն դրամից մի լումա չի ծախսվել  ձեռնարկի տպագրության համար: 
 
Հետաքրքիր է, թե քանի՞ ավագանու անդամ ու թեկնածու է ընթերցել այս ձեռնարկը: Կամ, դրա կարիքը կա՞, եթե ավագանու անդամները մեծ մասամբ դակող «սարքի» գործառույթ ունեն: Կես կատակ-կես լուրջ՝ ավագանու նիստից նիստ ձեռք են բարձրացնում, հավանություն տալիս շեֆի ասածներին ու վերջ: 
 
Սա դեռ ամենը չէ: Ասոցիացիան տարբեր միջոցառումներ անցկացնելու համար այլ աղբյուրներից ևս ֆինանսավորել է՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից մինչև Ճապոնիայի սոցիալական զարգացման հիմնադրամ: 
Ասոցիացիայի անդամը մի ուշագրավ տեղեկություն էր հայտնել. իրենց կազմակերպությունն ունի 17 հոգիանոց վարչություն, որի անդամները չեն վճարվում: Աշխատավարձ ստանում են ասոցացիայի նախագահը, փոխնախագահն ու քարտուղարը: Իսկ վարչության մասին կայքում ոչ մի բառ գրված չէ:
 
Ավագանու «Ելք» խմբակցությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից բացատրություն է պահանջել այս գումարների մասին: Պահանջել է նաև դադարեցնել անդամակցությունն այս ասոցիացիային: Դե, չեղած կառույցին ո՞ց անդամակցես, այն էր՝ պատկառելի գումար «քերելով» մայրաքաղաքիս բյուջեից:
 
Եթե անկեղծ՝ ապա թերահավատ ենք, որ կբավարարվի «Ելքի» պահանջը. Երևանի բյուջեն այնքան էլ դրա ղեկավարների գրպանը չէ, որ չմսխեն: 
Բայց այս փաստը նաև մեկ այլ բան է վկայում՝ Հայաստանում փողի պակաս  գրեթե չկա, պարզապես այն ծառայում է մի քանի կլանի: Իսկ թե քանի խնդիր կարելի էր լուծել կոնկրետ նշյալ 11 միլիոն դրամով՝ մանրամասնելու կարիք չկա: