Առանց հայեցակարգի էլ ռուսերենը ՀՀ-ում արտոնյալ կարգավիճակ ունի. Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԻՍԿ ՈՉԻ՞ՆՉ, ՈՐ ԱՅՍՕՐ ԲԶԿՏՎՈՒՄ Է ՄԵՐ ՄԱՅՐԵՆԻՆ

Շատ քիչ ժամանակ է անցել այն օրվանից, երբ ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկեց Հայաստանում պետական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին, որպեսզի իբրև թե Ռուսաստանում ընդունվեն հայկական վարորդական իրավունքները:
 
Մեղմ ասած՝ տարօրինակ այս առաջարկին անմիջապես հետևեց մեր հասարակության դժգոհության բուռն ալիքը: Այն դեռ չէր մարել, երբ  վարչապետը հանդես եկավ ռուսաց լեզվի մասին հատուկ հայեցակարգի մշակման առաջարկով, ինչը ևս բուռն քննարկումների տեղիք տվեց և առ այսօր շարունակում է մնալ մեր հասարակությանը հուզող առաջնային հարցերից մեկը:
 
Թեև հասարակական բողոքի ալիքին ու զայրույթին հետևեց վարչապետի՝ նման հանձնարարական չտալու մասին հայտարարությունը, իսկ ԿԳ նախարարն էլ հավաստիացրեց, թե ռուսերենը մեր երկրում օտար լեզվի կարգավիճակ ունի, սակայն շրջանառվող ներքին խոսակցությունները կարծեք թե հուշում են, որ ռուսաց լեզուն մեզանում առանձնահատուկ կարգավիճակ, այնուամենայնիվ, ունենալու է: 
 
Այս ամենի վերաբերյալ փորձեցինք պարզել կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի վերաբերմունքը: 
 
- Միակ խնդիրն այստեղ այն է, որ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հանձնարարել է ոչ թե ռուսերենի հայեցակարգ մշակել, այլ՝ օտար լեզուների, իսկ ռուսերենի առանձնացումը կատարվել է արդեն նախարարության կողմից, ինչն իմ կարծիքով անիմաստ է: 
 
Ս. Խաչատրյանը ճիշտ է համարում որևէ լեզու չառանձնացնելը: Եթե պետք է հայեցակարգ մշակվեր, ապա, ըստ նրա, կարելի էր դա անել ընդհանուր՝ բոլոր օտար լեզուների համար, իսկ եթե ամեն դեպքում ցանկություն կար առանձնացնելու, ապա թող դա արվեր յուրաքանչյուր լեզվի համար առանձին. 
 
- Հիմա եթե մեկն առանձնացնում ես, դա արդեն դառնում է քաղաքական հարց: Այդ դեպքում պետք է հիմնավորես, թե ինչու՛ ես դա անում: Եվ, հաշվի առնելով արդեն նախորդած իրադարձությունները, որտեղ մի քանի հայտարարություններ էին եղել՝ ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու մասին և այլն, արդեն սրա վրա մի քար է ավելանում, և իրավիճակը սրվում է: Այդ տեսանկյունից, իհարկե, սա ճիշտ որոշում չէր:
 
Անկարելի է չհամաձայնել փորձագետի այն կարծիքին, որ եթե ռուսերենի դեպքում կան ինչ-ինչ առանձնահատուկ բաներ, ապա կարելի էր պարզապես բոլոր լեզուներին վերաբերող ընդհանուր հայեցակարգ մշակել, որտեղ ռուսաց լեզվին առանձին բաժին կհատկացվեր: 
 
- Թերևս՝ այո, բայց այդ առանձնահատուկ կետերը ոչ թե միայն ռուսերենին պետք է վերաբերեին, այլ մեր դպրոցներում ուսուցանվող բոլոր օտար լեզուներին հավասարաչափ: Ավելին, հայերենին՝ ևս, որովհետև մեր մայրենին այսօր անխնա աղավաղվում է: 
 
- Հայերենը պիտի առանձին լինի, ես նաև դա եմ առաջարկում, օրինակ՝ խելամիտ կլիներ նախ և առաջ սկսել հայերենից, հետո արդեն անցնել մյուս լեզուներին, որովհետև հայոց լեզվի պարագայում մենք շատ ավելի մեծ խնդիրներ ունենք, դա մեզ համար շատ ավելի կարևոր է, որովհետև հայերենը ոչ միայն լեզու է, այլև՝ մտածողություն: 
 
Ս. Խաչատրյանի (և ոչ միայն նրա) կարծիքով՝ անաչառ լինելու դեպքում կարող ենք փաստել, որ այս պահին ռուսերենն առանց հայեցակարգի էլ մեզանում ունի արտոնյալ կարգավիճակ: 
 
- Ի տարբերություն մյուս լեզուների՝ այն համարվում է պարտադիր օտար լեզու, օրինակ՝ դպրոցը չի կարող ռուսերեն չուսուցանել, բայց անգլերեն կարող է չանցնել, եթե ընտրում է ֆրանսերեն կամ գերմաներեն: Բացի այդ, ռուսերենի պարտադիր ուսուցումը մեր դպրոցներում սկսվում է երկրորդ դասարանից, իսկ այլ օտար լեզուներինը՝ երրորդ: Մյուս առանձնահատկությունն էլ այն է, որ մենք Հայաստանում ունենք ռուսերենի խորացմամբ դպրոցներ, այլ լեզուների խորացմամբ էլ ունենք, բայց դրանք այդքան շատ չեն և ռուսերենի խորացմամբ դպրոցների նման չեն: Հիմա եթե այս ամենը կա, էլ ինչու՞ ենք առանձին լարվածություն առաջացնում: