Միայն թե՝ հանկարծ «աչքն էլ չհանեն»
ԱՎԵՐԱԿՎՈՂ ԴՊՐՈՑԸ
Պատկան ատյանները կարծես՝ ավելի շատ մտածում են, թե է՛լ ինչ ձևակերպումներով խտացնեն դասարանները՝ թեթևացնելով բյուջեի ծախսերը: Եվ չեն նկատում կամ չեն կարևորում ավերակվող դպրոցները, որոնց աղետալի վիճակը ոչ միայն հարիր չէ 21-րդ դարի պետությանը, այլև վտանգավոր է այնտեղ ելումուտ անողների համար:
«Անուշադրության է մատնված» ասելը շատ մեղմ է, դիցուք, Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի պարագայում: Մանկավարժներն ու ծնողները վերստին ծայրահեղ քայլի են դիմել՝ պահանջելով դպրոցի պայմանների բարելավում: Նրանք հայտարարություն են տարածել՝ պահանջելով խնդրին շատ արագ լուծում տալ՝ նշելով, որ այլևս չեն կարող նման անբարեկարգ պայմաններում աշխատել։
Խնդրի հետ կապված մի քանի ամիս առաջ եղել է նաև նախազգուշական գործադուլ, դպրոցի կոլեկտիվը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին, ԿԳՆ նախարարին, բայց անարդյունք։
Ի դեպ, դպրոցի մանկավարժները դասադուլի ծայրահեղ միջոցին դիմել էր նաև այս տարվա մայիսի սկզբին՝ ընդվզելով կրթօջախի անմխիթար շենքային պայմանների դեմ: ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին ուղղված նամակում նրանք փաստել էին, որ շենքի անմխիթար պայմանները վտանգում են շուրջ 600 աշակերտների կյանքը: Նույնիսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր աշխաանքային խումբ գործուղել այնտեղ, և արձանագրվել էր որ «դպրոցի շենքային պայմանները չեն համապատասխանում սահմանված նորմերին»: Բայց… ձայն բարբառո հանապատի:
Եվ երեկ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարություն էր հղել դպրոցի աղետալի վիճակով մտահոգ բոլորին՝
- Հարգելի ծնողներ, մանկավարժներ և մեր դպրոցի հիմնախնդրով հետաքրքրված համաքաղաքացիներ, տեղեկացնեմ, որ վաղը 26.09.2017թ. Աշտարակի Վ․Պետրոսյանի անվան հիմնական դպրոցում սկսվում է անժամկետ դասադուլ։ Մեր պահանջներն են՝ դպրոցի հիմնանորոգում և անհապաղ տարրական դպրոցի տեղափոխում մոտակա դպրո։
Արդյո՞ք այս անգամ լսելի կլինի պետրոսյանցիների ձայնը: Համենայն դեպս՝ Արագածոտնի մարզպետարանում վերջապես լսելի է դարձել ընդվզումի ձայնը:
Միայն չիցե թե՝ «ունքը շինելու փոխարեն աչքն էլ չհանեն»: Այսինքն՝ դպրոցը հիմնանորոգելու փոխարեն հանկարծ չորոշվի փակել ավիրվող շինությունը՝ օպտիմալացում կոչվող ամենակուլ նժարը ծանրացնելով ևս մեկ միավորով: